Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդատօր-ի նախագծում կան նաև խնդրահարույց կարգավորումներ

Հոկտեմբեր 02,2013 19:44

pastinfo.am.  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշ իրավական կարգավորումների կամ որոշ դեպքերում՝ իրավական կարգավորման բացակայության վերաբերյալ մտահոգություններ ունի:Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ նախագծի առաջիկա խորհրդարանական քննարկումների շրջանակում «մենք հետևողական ենք լինելու և փորձելու ենք նաև պատգամավորներին ներկայացնելու այդ մտահոգությունները, որպեսզի նման կարգավորումներ տեղ չգտնեն քրեական դատավարության օրենսգրքում»:

Առաջին հայացքից Քրեական դատավարության օրենսգրքում կան դրական զարգացումներ՝ հստակեցվել են անձանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ընդհանուր գործընթացը: Ողջունելի է, որ մշակվել է ամբողջությամբ նոր նախագիծ՝ նոր հայացքներով ու նոր մոտեցումներով, դրանում արտացոլված են միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված նախադեպային որոշումներում հայտնած դիրքորոշումները: Բայց միաժամանակ կան նաև խնդրահարույց կարգավորումներ: «Մեր դիրքորոշումն է՝ չի կարող լինել որևէ կարգավորում, որը խնդրահարույց է մարդու իրավունքների տեսանկյունից: Նույնիսկ մեկ խնդրահարույց կարգավորում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Ա.Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրությունը հստակ ամրագրել է, որ պետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և որ մարդու իրավունքները հանդիսանում են անմիջականորեն գործող նորմեր:

Մտահոգություններից առաջինն, իհարկե, անձանց, այսպես կոչված՝ խոստովանական ցուցմունքների դատական դեպոնացման ինստիտուտն է, որն արդեն հասարակական լայն հնչեղություն է ստացել: Դատական դեպոնացման ինստիտուտն ինքնին նորամուծություն էր առհասարակ հետխորհրդային տարածքի երկրներում, սակայն Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնականում դատական դեպոնացման են ենթարկվում վկայի ցուցմունքները, եթե հնարավոր է, վկային այլևս չհանդիպեն՝ վկան լքի երկիրը, կամ ունենա առողջական խնդիրներ ու դժվարություն լինի իր համար դատարան ներկայանալը, և այլն: Այդ տեսանկյունից, իհարկե, ըստ Ա.Վարդևանյանի, արդյունավետ է դեպոնացնել նրա ցուցմունքը նախաքննության փուլում՝ դատաքննության փուլում պատրաստված լինելու համար: Սակայն մեղադրյալի խոստովանական ցուցմունքը դեպոնացնելու մտահղացումը ինքնին անձի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ռիսկ է պարունակում և նպաստում համապատասխան ռիսկային մթնոլորտի ձևավորմանը, ինչն արդեն իսկ խնդրահարույց է: «Վկայի ցուցմունքի դեպոնացումը առկա է մի շարք եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Իտալիա, այդ տեսանկյունից մենք խնդիր չենք տեսնում, բայց մենք խնդիր տեսնում ենք մեղադրյալի ցուցմունքների, այն էլ՝ խոսոտովանական ցուցմունքների, դեպոնացման մեջ: Առհասարակ միջազգային փորձը գնում է այն ուղղությամբ, որ նման եզրույթը՝ «խոստովանական ցուցմունքներ», գնալով կիրառելի չէ, պրակտիկ չէ, ակտուալ չէ մրցակցային դատավարության պարագայում, իսկ ՀՀ-ում քրեական դատավարությունն այդպիսինն է, և նոր օրենսգրքով նույնպես այդպիսին է լինելու»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետը՝ մտահոգիչ համարելով, իր բնորոշմամբ՝ «այդ հետքայլը»: Խնդրահարույց է լինելու նաև դատավորների կողմից ինստիտուտի կիրառումը՝ դեպոնացումը կատարվում է դատավորի ներկայությամբ, «երևի թե հերթապահ դատավորներ պետք է լինեն»:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անընդունելի ու խիստ մտահոգիչ է համարում Քրեական դատավարության օրենսգրքի այն կարգավորումն, ըստ որի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ սկզբնական կալանք որոշելու հարցը քննարկելիս պետական պաշտոնատար անձինք պարտավորություն չեն ունենալու հիմնավորել նման միջնորդությունը: Դա չի բխում թե՛ Սահմանադրությունից, թե՛ Մարդու իրավունքների եվրոապական կոնվենցիայից և թե՛ Մարդու իրավունքների մի շարք նախադեպային, այդ թվում՝ ՀՀ-ի դեմ կայացրած որոշումներից: ՄԻԵԴ-ի հստակ դիրքորոշումն է՝ կալանավորումը որպես խափանման միջոց բոլոր դեպքերում առանց բացառության՝ ներառյալ նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դեպքում, պետք է լինի հիմնավորված, հակառակ դեպքում՝ դա հանգեցնում է անձի իրավունքների խախտմանը: «Եթե պաշտոնատար անձը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս չի ներկայացնում որևէ հիմնավորում, այդ դեպքում ինչպես պետք է հակառակ կողմը պաշտպանվի դրանից, ինչպես պետք է վերաքննիչ բողոքում հակափաստարկ ներկայացնի, եթե չկա փաստարկ»,- նկատեց Ա.Վարդևանյանը՝ հավելելով՝ «ստացվում է, որ գործընթացը ֆորմալ բնույթ է կրելու»:

Մանրամասները կարող եք կարդալ՝  pastinfo.am կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031