Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված ` ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ, և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են:
ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից ՀՀ տարածք խոլերայի ներբերման կանխարգելման միջոցառումների ուժեղացման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանն ուղարկվել է շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Հրամանով հաստատված հուշաթերթը բազմացվել և տրամադրվել է սանիտարական կարանտինային կետերին:
Արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող 910 ուղևորների զննում և ջերմաչափում։ Նրանցից 740-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցման կետով, իսկ 170-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 421-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետից, 14-ը` «Զվարթնոց» օդանավակայանից։
Կարդացեք նաև
Ռուս սահմանապահներին նույնպես տրամադրվել է խոլերայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, ուր ներկայացված են խոլերայի կլինիկական ախտանշանները և կանխարգելման ուղիները:
Առանձին աշխատանքներ են տարվում պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների հետ։ Մասնավորապես իրականացվել են խորհրդակցություններ և քննարկումներ պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող կառույցների ղեկավարների և աշխատակիցների հետ, նրանց տեղեկատվություն է տրվել խոլերայի վարակի փոխանցման և կանխարգելման ուղիների մասին: Նշվել է, որ խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով անհրաժեշտ է ուղևորների փաստաթղթերի հետ աշխատել ձեռնոցներով: Միաժամանակ իրազեկվել են խոլերայի կլինիկական ախտանշանների մասին, որպեսզի հիվանդներին հայտնաբերելու գործում լինեն զգոն և անմիջապես դիմեն սանիտարական կարանտինային կետի բժիշկներին:
Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է ուտելիքն առանց փաթեթավորման արգելել Հայաստանի Հանրապետություն ներկրել, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և, հնարավորության դեպքում, ախտահանել:
Այս ամենի արդյունքում ձեռնարկվել են հետևյալ միջոցառումները.
Մեղրու սահմանային անցման կետ գործուղված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) և Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի մասնագետները, ինչպես նաև Սյունիքի փորձագիտական կենտրոնի և Սյունիքի ՊՀՀՏ մասնագետները տեղում գնահատել են իրավիճակը, կազմակերպել են սեմինարներ բուժանձնակազմի համար, քննարկումներ: Իրականացվել է մարդկանց հետ շփում ունեցող բոլոր մակերեսների և սանհանգույցների ախտահանում: Սահմանային հսկողություն իրականացնող բոլոր կառույցների աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ: Սահմանի անցման կետերում ուղևորների զննումն իրականացվում է առաջին գծում, տեղադրվել են հեռահար ջերմացույցներ:
Սանիտարական կարանտինային կետերն ապահովվել են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով:
Բազմացվել և սանիտարակարանտինային կետերին տրամադրվել են հասցեական քարտեր` խոլերայի կասկածով հիվանդ արձանագրելիս կոնտակտավորների հսկողության կազմակերպման համար:
Ուժեղացվել է հսկողությունը Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։ Ավելացվել են խոլերայի նկատմամբ հետազոտությունների նմուշառման կետերը և հաճախականությունը:
Մեղրու սանիտարական կարանտինային կետը համալրվել է Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմով:
Նշենք նաև, որ Մեղրու բժշկական կենտրոնի և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմերն իրազեկվել են խոլերայով հիվանդների վարման վերաբերյալ:
Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարություն