Սպանություն կատարելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Կիլինկարովը, Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան պատիժը լրիվ կրելու հիմքով ազատ է արձակվել «Սեւան» ՔԿՀ-ից:
Արմեն Կիլինկարովը մեղադրվում էր Արսեն Շաքարյանին սպանելու մեջ:
Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Կիլինկարովը 2000թ. դեկտեմբերի 25-ին Լևոն Կիլինկարովի հետ միասին, վերջինիս վարած ավտոմեքենայով, Աշոտ Շաքարյանի կողմից եղբորը` Գագիկ Կիլինկարովին հրազենային վնասվածք պատճառելու շուրջ պարզաբանումներ անելու պատճառով, Ալավերդու գյուղմթերքների շուկայում մոտեցել է Ա. Շաքարյանի եղբորը`Արսեն Շաքարյանին, նստեցրել է ավտոմեքենան և վրեժխնդիր լինելու նպատակով կրակ է արձակել նրա վրա, սպանել է նրան և դիակը գցել է Շեստակովի փողոցի երթևեկելի մասում, ապա դիմել փախուստի:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Արմեն Կիլինկարովին վերոգրյալ հանցանքի համար վերջնական պատիժ էր սահմանել ազատազրկում 5 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Հակառակ սրան` Արմեն Կիլինկարովը բազմիցս կրկնել էր, որ ինքը վերոնշյալ սպանության հետ կապ չունի: Նա չի ընդունել իրեն վերագրվող հանցանքը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ