Բրիտանացի հայտնի ռեժիսոր Շոն Մաքալիսթերը Երեւանում է, առաջին անգամ է Հայաստանում եւ դեռեւս չի հասցրել ծանոթանալ այստեղի կյանքին: Նա եւս մասնակցում է «Britain is…» Բրիտանիայի օրերին:
Մեկամսյակի շրջանակում՝ հոկտեմբերի 2-ից 9-ը «Նաիրի» կինոթատրոնում կազմակերպվելու են ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Մի ֆիլմ կնկարահանեի Հայաստանի ռեստորանների մասին, ռեստորաններում աշխատող մարդկանց մասին, ովքեր այդ ուտելիքը կպատրաստեն, իսկ ես կուտեմ»,- ասաց ռեժիսորը` հավելելով, որ Հայաստանում նաեւ գինեգործ կփնտրեր՝ ֆիլմ նկարահանելու նպատակով, իսկ հետո կանցներ կոնյակի մասին ֆիլմին:
Մաքալիսթերը հաճախ է լինում ճգնաժամային երկրներում` Եմեն, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա. կինովավերագրողն ամենից շատ կարեւորում է այն, որ իր աշխատանքի արդյունքում նշանակալի ու հրաշալի պատմությունները հասնում են հեռուստաէկրանին, ինչը լրատվական թողարկումների դեպքում չի պատահում, քանի որ այդ թողարկումները շատ կարճ են. «Ես, ճիշտն ասած, չեմ գնում թեժ կետեր պատերազմի ժամանակ, այլ գնում եմ պատերազմից առաջ եւ հետո: Նախ, այդքան քաջ չեմ, եւ բացի դրանից` պատերազմից հետո տեղի ունեցածը նկարահանելը շատ ավելի հետաքրքիր է»,-ասաց Շոն Մաքալիսթերը:
Իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններից բացի՝ առաջիկա երկու օրերի ընթացքում Շոն Մաքալիսթերը նաեւ վարպետության դասեր կանցկացնի սկսնակ ռեժիսորների եւ արվեստագետների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում սիրիական փախստականների իրավիճակի շուրջ համատեղ նախագիծ իրականացնելու գաղափարով:
Կարդացեք նաև
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում «Ակամա հեղափոխականը» ֆիլմի ցուցադրմամբ կմեկնարկի Շոն Մաքալիսթերի 7 ֆիլմերի ցուցադրությունը Երեւանում. մուտքն ազատ է:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ