Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Զարուհու ելույթը մեր ընդդիմադիր մտքի համակարգային ճգնաժամի հայելին էր»

Հոկտեմբեր 02,2013 17:18

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանի հարցը Ստրասբուրգում, ասելով. «Զարուհու ելույթը Հայաստանում ընդդիմադիր մտքի դաշտի համակարգային ճգնաժամի հայելին էր»:

Նա նկատեց, որ երեկվա դեպքը՝ ընդդիմության «կողմ» դարձած «դեմերը»՝ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը հաստատելուն, շատ լուսաբանվեց՝ որպես ընդդիմության խորը ճգնաժամ, սակայն ինքը կարծում է, որ «շատ ավելի համակարգային ճգնաժամի մասին է խոսում ՀՀ ընդդիմադիր պատգամավորի հարցադրումը իր երկրի նախագահին ԵԽԽՎ-ում»:

ԿԳ նախարարը վստահ է, որ կարելի էր շատ ավելի լուրջ հարցերով նախագահին դնել վատ վիճակի մեջ. «Չէ՞ որ Հայաստանի օրակարգում կան բազմաթիվ քաղաքական հարցեր, որոնք շատ ավելի ծանր վիճակում կարող էին դնել երկրի նախագահին՝ պատասխանելու առումով, որովհետեւ համակարգային են, շատ ավելի ժամանակ են պահանջում… Բայց իջնել մի ինչ-որ մակարդակի, որը մակարդակը կոչելը շատ դժվար է, ավելի շատ ճգնաժամի մասին է խոսում: Համակարգային ճգնաժամի հայելին էր Զարուհու հարցը»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ տիկին Փոստանջյանը նման քայլի դիմել է, քանի որ նախագահը հրապարակային չի գործում, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում 2013-ին, այսօր, Զարուհու նման հարցադրումից հետո դեռ կան մարդիկ, որ փորձում են պաշտպանել Զարուհուն: Ուրախ եմ ոչ թե Զարուհու կամ այդ մարդկանց համար, այլ որովհետեւ Հայաստանում ժողովրդավարություն, բազմակարծություն՝ իրենց բոլոր այլանդակ դրսեւորումներով հանդերձ, գոյություն ունեն»:

Այս ասելով՝ նախարարը հիշեցրեց, որ երբ 2003 թ. ԵԽԽՎ պատվիրակության անդամ պատգամավորները «շատ կտրուկ ու բացասական ելույթ ունեցան Հայաստանի մասին՝ չիջնելով, իհարկե, այսօրվա մակարդակին, այն ժամանակ մենք դիմավորեցինք իրենց օդանավակայանում՝ վատ բովանդակությամբ, քաղաքացիական հասարակության ընդվզման եւ բողոքի ձայներին բնորոշ պաստառներով, իսկ հիմա նա շատ հանգիստ կիջնի օդանավից եւ կգնա տուն, որեւէ մեկը երբեւէ բան չի ասի, որովհետեւ Հայաստանը փոխվել է, հանդուրժողականության ու բազմակարծության մշակույթ է ձեւավորվել՝ իր բոլոր ծայրահեղ դրսեւորումներով հանդերձ»:

«Առավոտի» հարցին՝ իսկ եթե հանկարծ վաղը ինչ-որ մեկը գնա եւ նման պաստառներով դիմավորի տիկին Փոստանջյանին, հետ կկանգնե՞ք Ձեր խոսքերից, որ Հայաստանը փոխվել է, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Չէ, մեկ է, փոխվել է, որովհետեւ եթե նման բան լինի, դա չի լինի կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավարը, ինչպիսին որ ես էի այն ժամանակ»:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2003-ին Արմեն Աշոտյանը եւ իր թիմը նման ձեւով ընդունեցին Շավարշ Քոչարյանին, որը հիմա ԱԳ փոխնախարար է եւ Արտաշես Գեղամյանին, որը հիմա ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, որի երիտասարդական կազմակերպության ղեկավարն էր Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նաեւ ԵԽԽՎ-ի մոտ մի խումբ հայերի կազմակերպած ցույցերին, ասաց. «Հայաստանը ունիկալ երկիր է, միայն հայերս կարող ենք մեր քաղաքացիական անհամաձայնությունը տանել եւ ի ցույց դնել ԵԽԽՎ շենքի պատերի տակ՝ տարբեր բաներ վանկարկելով: Ամոթ է ուղղակի, ապշած եմ այդ պահվածքից, ապշած եմ Հայաստանի հարցերը Հայաստանից դուրս բարձրաձայնելու, Հայաստանի «վրա գրելու» այդ ցանկության վրա: Ոչինչ չի փոխվել էդ մարդիկ մնացել են սովետական դարաշրջանում, ժամանակին հայոց ղեկավարների վրա Մոսկվա էին գրում, հիմա գնում են Ստրասբուրգ են գրում, ոչինչ չի փոխվել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Լրիվ համաձայն եմ Աշոտյանի վերջին պարբերության արտահայտած մտքերի հետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031