«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դուք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,-այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հարցին, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սամադ Սեյիդովը հերթական անգամ հայտարարեց, թե «ՀՀ-ն բռնազավթել է ադրբեջանական տարածքների 20 տոկոսը»: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ասաց. «Պետք է Ձեր թվաբանական գիտելիքներն ու վերաբերմունքը ՀՀ-ի մասին թարմացնեք»:
Պարոն Սարգսյանը մասնավորապես նշեց. «Ես կարծում եմ, որ եվրոպական բոլոր կառույցները, այդ թվում՝ նաև ԵԽԽՎ-ն մշտապես սատարում է պետությունների ժողովուրդների ազատ կամքի դրսևորմանը, և ՀՀ-ի խնդիրն է, թե Մաքսային միությանը կանդամակցի, Եվրամիությանը կանդամակցի, իսլամական համերաշխության կազմակերպությանը կանդամակցի: Մենք ինչու պետք է ձեզ հաշվետու լինենք այս առումով: Եվ ինչ է նշանակում խաղեր խաղալ: Ես սպորտսմեն չեմ, միգուցե դուք երիտասարդ տարիներին դրանով զբաղվել եք: Մենք խաղեր չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և այդ քաղաքականությունն իրականացնում ենք ելնելով մեր ժողովրդի շահերից:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի 20 տոկոս տարածքի օկուպացիային, նախ ես պետք է խնդրեմ, որ դուք ձեր թվաբանական գիտելիքները թարմացնեք, երկրորդ նաև ձեր վերաբերմունքը Հայաստանի մասին փոխեք, խնդրում եմ, որովհետև այստեղ հենց նշված ՄԱԿ-ի չորս բանաձևերից մեկով նշվում է, որ Հայաստանը առնչություն չի ունեցել ԼՂ-ի ռազմական գործողություններին, որովհետև անվտանգության խորհուրդը հատուկ հանձնաժողով էր ստեղծել և այդ հարցը հատուկ ուսումնասիրել է:
Կարդացեք նաև
Այսօր մենք համարում ենք, որ ՀՀ-ն, նրա զինված ուժերը հանդիսանում են ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը և ես այստեղ հայտարարում եմ, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂ-ի դեմ, ապա ՀՀ-ն իր կարողությունների ամբողջությամբ պաշտպանելու է ԼՂ-ին: Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից: Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով: Վստահ եմ, որ եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամսի հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի մասին, այլ 25, 30 տոկոսի մասին: Պետք չէ ռազմական գործողություններ սկսել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեծ դիվանագետի պատասխան: Շատ մեծ: