«Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանը վարում է այնպիսի մշակված ծրագիր, որով բնակչության մի մասը իր ապագան պետք է գտնի արտերկրում»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականություններ» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որն այսօր ներկա էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված «Աշխատանքային միգրացիա եւ քաղաքականություն ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը» միջազգային կոնֆերանսին:
Մեզ հետ զրույցում տիկին Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները դեռեւս 90-ականներից սկսած այնպիսի մտածված քաղաքականություն են վարում, որը խթանում է արտագաղթը. «Ոչ թե պարզապես ստացվում է արտագաղթը, այլ դա հենց կոնկրետ մշակված, ուղղորդված ծրագիր է»:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է ձեռնտու նման քաղաքականությունը մեր իշխանություններին, այսպես պատասխանեց. «Կարծում եմ կա խնդիր ավելի կառավարելի դարձնել այն զանգվածը, որը չի դիտարկվում ինչպես սոցիալ-մշակութային, ազգային-էթնիկ հանրություն, այլ դիտարկվում է ինչպես բնակչություն, որին կրճատելու խնդիր է դրված, եւ մանավանդ ի հաշիվ ակտիվ քաղաքացիական խավի: Դա զուտ իրավիճակը հեշտ կառավարելի դարձնելու համար է»:
Մեր հարցին, թե դա դրսի՞ց է կազմակերպվում, թե՞ ՀՀ իշխանությունների կողմից, տիկին Ալավերդյանն ասաց, որ եթե ՀՀ իշխանությունները նախաձեռնողը չեն, ապա դրսի հետ հստակ համաձայնեցված է Հայաստանի բնակչության կրճատման ծրագիրը:
Կարդացեք նաև
Այսօր կոնֆերանսում Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտական պետական համալսարանի պրոֆեսոր Քաջիկ Օհանյանի կողմից հարց հնչեց, թե արդյոք Հայաստանը պատրաստ է միգրանտների վերադարձին, քանի որ այդ ուղղությամբ` ներառյալ ռեինտեգրացիան, ծրագրեր է իրականացնում: Aravot.am-ը տիկին Ալավերդյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այդ ծրագրի մասին, եւ տեղի՞ն է արդյոք ռուսաստանյան մասնագետի մտահոգությունը: Այս առնչությամբ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ինքը ավելի շատ է տարակուսած, քան հայազգի ռուսաստանաբնակ մասնագետը եւ միգրանտների վերադարձի ծրագիրն իր համար ուղղակի հայտնություն է. «Կան մարդիկ, որոնց դեպորտ են անում, այստեղ նրանց ընդունելը պարտադրանք է: Հասկանալի է, որ պետք է լինի պետական մոտեցում, ինձ համար հայտնություն է, որ այստեղ 6 կենտրոն է գործում եւ այդ թիվը 55-ի պետք է հասցվի, ես կողջունեի, բայց այդ ծրագիրը նշանակում է աշխատանքային տեղեր են բացվելու այդ 55 կենտրոններում, իսկ քաղաքականության մեջ չեմ հասկանում թե շեշտն ինչո՞ւ է դրվելու ռեինտեգրացման եւ աշխատանքի տեղավորելու վրա: Աշխատանք ունեք, տվեք այն մարդկանց, որոնք դեռ չեն գնացել, աշխատանքի տեղավորեք դեռ չգնացածներին: Այսինքն` սպասում են, որ ոչ լեգալ անցնեն ուրիշ երկրները, հետ գան, նոր իրենց աշխատանքի տեղավորմամբ զբաղվեն»:
Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ հատկապես Եվրամիության զարգացած երկրներում հայ միգրանտները գերադասում են ծայրահեղ միջոցների դիմել, միայն թե չվերադառնան Հայաստան, տիկին Ալավերդյանն ասաց.«Այնտեղ սոցիալական պաշտպանությունն, անգամ ժամանակավոր, շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան, ասենք` այստեղ գործազուրկի նպաստը: Հայաստանը Էստոնիայից հետո, աշխարհում 2-րդն է, որի միգրատների 10%-ը բարձրագույն կրթություն ունի: Ես 1997 թվականից երկար տարիներ զբաղվել եմ միգրացիոն պետական քաղաքականության մշակման գործընթացում, որեւէ ծրագիր չի համապատասխանում մեր եղած խնդիրներին: 90-ականներից սկսած «վուլգար» տնտեսագիտական քաղաքականության ներքո ստեղծվեցին միգրացիոն հսկայական հոսքերը: Չէ որ տնտեսագետները ստեղծեցին այս համակարգը միտված միգրացիային: Ես չեմ տեսնում թե Հայաստանի դերը ո՞րն է այս գլոբալ միգրացիոն գործընթացներում: Ես լսեցի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի զեկույցը, այդտեղ զուտ գերատեսչական խնդիրների լուծում է, եւ միգրացիոն խնդիրների լուծում չտեսա: Եվ ես դեմ եմ ինտեգրացիոն այդ 55 կենտրոնների ստեղծմանը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ