Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հավաքված ցուցարարները դեռ սպասում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից եւ Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Գեւորգ Մանուկյանը Aravot.am-ին ասաց, որ ՀՀ նախագահը ԵԽ շենք է մտել հետնամուտքով. «Նախագահի աթոռը գողացած Սերժ Սարգսյանն ինչպես որդեգրել էր իր քաղաքականությունը, այնպես էլ շարունակում է: Նույնիսկ Ֆրանսիայում` այս ապահով եվրոպական երկրում, հենց Եվրախորհրդի մոտ հավաքել է 500 ոստիկան ու նրանց պատնեշի հետեւում մտել Եվրախորհրդի շենք` հետնամուտքով եւ հետնամուտքով էլ գնալու է: Ինչպե՞ս կարող է մինչեւ ականջները կրիմինալի մեջ թաթախված ինչ-որ մեկը համարձակվի գալ եւ մեր հարցերին պատասխանի»:
Մանուկյանի խոսքով, ԵԽ շենքի դիմաց դեռ արտակարգ դրությունը շարունակվում է. «Եվ ես ոստիկաններից մեկից հարցրի` ինչն է արտակարգ դրության պատճառը, ասաց, որ Հայաստանի նախագահի անվտանգությունն ենք պաշտպանում: Ես էլ ասացի, արդեն մի քանի օր է` այստեղ նստած ենք, ոչ մի անկարգություն չենք արել, ասաց` հա բայց ինքն էլ այնքան հանցագործություն է արել, որ վախենում ենք մի բան անեք»:
Մանուկյանը դեռ սպասում է, որ Սերժ Սարգսյանը ԵԽ շենքից դուրս գալուց հետո մոտենալու է նրան. «Եթե չմոտենա պայքարիս մարտավարությունը կփոխեմ, իսկ հնարավոր է հացադուլս շարունակեմ, մինչեւ հաջորդ անգամ նորից Ֆրանսիա գա»:
Կարդացեք նաև
Գեւորգ Մանուկյանը քիչ առաջ տեղեկություններ է ստացել, որ որոշ հայեր հրաժարվել են ակցիային մասնակցել, որովհետեւ սպառնալիքներ են ստացել Ֆրանսիայում ավելի վաղ բնակություն հաստատած ապահով խավի որոշ ներկայացուցիչներից. «Ովքեր պատրաստվում էին գալ ակցիային, զանգել ասել են` ձեզ վնաս կտանք, ես իմ ինչ կանենք: Հայը հային է սպառնացել: Սերժ Սարգսյանի մանկլավիկներից են եղել սպառնացողները, ու մարդիկ ահաբեկված չեն եկել ակցիայի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գեւորգ Մանուկյանի լուսանկարը՝ Ilur.am-ի
Բա որ Ֆրանսիայում են վախենում,բա ստեղ ինչ անեն