Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը համաձայն չէ քննադատությունների հետ

Հոկտեմբեր 02,2013 16:40

www.disabilityinfo.am տեղեկատվական հարթակում անդրադարձ կար հիմնանորոգված Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի մասին: Հոդվածում նշված էր, որ այս դպրոցի պարագայում եւս շարունակվում են անտեսվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները, այն դեպքում, երբ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է ներառական կրթության քաղաքականություն և գնում է դեպի համընդհանուր ներառում:

Նաեւ նշված էր, որ դպրոցի մուտքի առջև կառուցված թեքահարթակը բարձր է, բացի մեծ թեքությունից, չունի բազրիք, եռահարկ շենքում չկան վերելակ կամ ամբարձիչ հարթակներ եւ այլն:

Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց թիվ 174 հիմնական դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանից: «Ճիշտն ասած՝ մի քիչ չափազանցված է, ես՝ որպես դպրոցի տնօրեն, չեմ տեսնում, որ թեքահարթակը մի քիչ բարձր է, ըստ իս՝ նորմալ է: Եվ հետո մեր դպրոցը ոչ թե նոր է կառուցվել, այլ ընդամենը վերանորոգվել է, իսկ վերանորոգման արդյունքում հնարավոր չէ նախագծային փոփոխություններ մտցնել: Չնայած փորձել ենք շատ բաներ հարմարեցնել մեր դպրոցի պահանջներին»,-ասաց տիկին Վասիլյանը:

Քիչ անց էլ հավելեց. «Դպրոցը մինչ այս պահը հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող երեխա չունի, բայց ամեն դեպքում մենք թեքահարթակ ունենք: Եվ եթե հանկարծ այդպիսի հարց ծագի, մեզ մոտ ուսուցումը դասարանային համակարգով է, այնպես կանենք, որ առաջին հարկում կազմակերպվի եւ վերելակի կարիք չլինի: Նման դեպքերում դպրոցն էլ իր հերթին է ամեն ինչ փորձում հարմարեցնել երեխաներին»:

Ինչ վերաբերում է զուգարաններին, որոնք ուղղակի նորոգվել են եւ ոչ թե փոխվել, տնօրենի ձեւակերպմամբ, դրանք շատ հարմար են դպրոցի համար:

Հիշեցնենք, որ 2006թ.-ից մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում նորոգվել էին այս դպրոցի բոլոր մասնաշենքերը, փոխվել ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման եւ կոյուղու համակարգերը: Շուրջ 1200 աշակերտների համար նախատեսված դպրոցի հիմնանորոգման վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվել է շուրջ 500 մլն դրամ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ քաղաքապետարանի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031