Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզբեկ միգրանտներին հայերից գերադասում են` որպես խելոք աշխատուժ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2013 16:20

3171

«Միակ ցուցանիշը, որ Հայաստանը կարող է մրցակցել Արեւմուտքի հետ, դա կրթությունն է, այսինքն` ինտելեկտը»,-այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Աշխատանքային միգրացիա եւ քաղաքականություն ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը» թեմայով կոնֆերանսին ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որն իր զեկույցում ներկայացրեց ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակն ու միգրացիոն միտումները:

Պարոն Բագրատյանը նաեւ նշեց, որ Հայաստանում կրթություն ստացած շատ երիտասարդներ ձգտում են եւ գնում են արտերկրում սովորելու, եւ այս պարագայում հարց է առաջանում` ինչ պետք է անի անձը, որը բավականին լավ կրթություն եւ գիտելիք ունի. ըստ պատգամավորի` նա անպայման կարտագաղթի.«Ու լավ էլ կանի, եթե չարտագաղթեն` կատաստրոֆա կլինի»:

Տնտեսագետի կարծիքով` երբ մենք ավելացնում ենք ուսանողների տեղերը, մենք ավելացնում ենք պոտենցիալ միգրանտների քանակը: ԱԺ պատգամավորի խոսքերով` Հայաստանի հիմնական ռեսուրսը մարդն է, որին մեր կառավարությունը չի կարողանում պահել. «Կապիտալի կենտրոնացումը շատ է, ասենք 10 խոշոր ընտանիքներ` 50% ՀՆԱ-ի մասն են կազմում, սա ուղղակի սպանում է երկրի բնակչությունը եւ ծնում միգրացիա»:

Ինչ վերաբերում է միգրացիոն գլոբալ գործընթացներին, ապա Հրանտ Բագրատյանի վերլուծությամբ` աշխարհում յուրաքանչյուր 2-րդ անձը, որ ծնվում է, հետագայում աշխատելու եւ մեռնելու է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է:

Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ` ամբողջ աշխարհում բնական ռեսուրսները նվազում են, իսկ բնակչությունը, չնայած ծնելիության նվազմանը, ավելանում է: Ռեսուրսների նվազումը նոր գլոբալ խնդիրներ է առաջացնում` պատերազմներ, մարդկանց տեղաշարժեր, փոխվում են աշխարհի տերությունների դերերը:

Կոնֆերանսի մասնակից, Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Քաջիկ Օհանյանն էլ տարակուսանք հայտնեց, որ Հայաստանը` միգրանտների վերադարձի եւ ռեինտեգրացիայի ծրագիր է իրականացնում: Պարոն Օհանյանը զարմացած հարց բարձրացրեց` մի՞թե Հայաստանում այդքան աշխատատեղեր կան, որ միգրանտներին պատրաստ է ընդունել: Պրոֆեսորի զեկույցից հատվածը` տեսանյութում

Կոնֆերանսը կազմակերպվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից, եւ ինչպես միության նախագահ Գագիկ Մակարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, այս կոնֆերանսում հարցեր են բարձրացվում մասնագետների կողմից եւ փորձի փոխանակում կամ խնդիրների լուծումներ առաջարկվում:

Մեզ հետ զրույցում պարոն Մակարյանն ասաց, որ սկսած 80-ականների վերջից մինչեւ հիմա, միգրացիան որակական եւ քանակական առումով բավականին փոփոխվել է, եթե մի ժամանակ ուղեղների միգրացիա էր, հետո` բանվորական աշխատուժ, հիմա միայն ինտելեկտն ու աշխատուժը չէ, արտագաղթում են նաեւ ունեւորները:

Aravot.am-ի հարցին, թե ունեւորների արտագաղթի պատճառը որն է, պարոն Մակարյանը նշեց` միջավայրը, դեմոկրատական խնդիրները, արդարության բացակայությունը, անվտանգությունը երկրի ներսում եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները եւ մի շարք այլ պատճառներ: Սակայն, ինչպես ասաց պարոն Մակարյանը, կարեւոր է տեսնել, թե այդ արտագաղթման մեջ որքան մասնակցություն ունի բիզնեսը, այսինքն՝ ունեւոր արտագաղթողներն իրենց կապիտալն է՞լ են տանում: Առաջիկայում, ըստ պարոն Մակարյանի, նշված խնդիրների ուսումնասիրության արդյունքներն էլ կլինեն, որոնք պետք է հրապարակվեն:

Իսկ ներկայումս, արտագաղթողների 80%-ը, Գագիկ Մակարյանի ներկայացմամբ, աշխատանքային միգրանտներն են: Պարոն Մակարյանը մի ուշագրավ փաստ ներկայացրեց հայ միգրանտների վերաբերյալ. դրսում շատ գործատուներ գերադասում են ուզբեկ աշխատուժին, քան հայ միգրանտներին, քանի որ, ըստ միության նախագահի, հայերն արդեն առաջվա պես բարեխիղճ չեն աշխատանքում եւ հարաբերություններում. «Իսկ ուզբեկները գլուխները կախ աշխատում են, բարեխիղճ են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031