Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյանը չի հասկանում, թե ինչու է Լյուդմիլա Սարգսյանը ընդդիմությանը փրկելու համար հանձնաժողովին «կեղծարար» համարում

Հոկտեմբեր 02,2013 15:45

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր ասել էր, որ երեկ Ազգային ժողովում կայացած միստիկ քվեարկությունը, որի արդյունքում ութ «դեմ» ձայներից հինգը հանկարծակի փոշիացել են` կեղծիքների արդյունք է:

Հիշեցնենք, որ խոսքը երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության հաստատման մասին է, երբ, չնայած երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու, սակայն ի վերջո, ընդամենը երեք ձայն էր եղել «դեմ», եւս երկուսը՝ «անվավեր»:

Այս հայտարարության հետ համաձայն չէր հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, որն «Առավոտի» հարցին, թե որեւէ տարբերակ կա՞ր այդ կեղծիքներն անելու, պատասխանեց. «Ես զարմանում եմ տիկին Սարգսյանի ասած կարծիքների վերաբերյալ, որովհետեւ տիկին Սարգսյանը սկզբից մինչեւ վերջ ներկա է եղել հանձնաժողովի աշխատանքներին եւ վերջում բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դրվել են ծրարի մեջ: Ինձ համար անհասկանալի է, որ տիկին Սարգսյանը հիմա փորձում է ընդդիմությանը փրկել ու դրա փոխարեն հանձնաժողովի անդամներին կեղծարար համարել, դա ինձ համար զարմանալի է»:

Այդուհանդերձ, կոնկրետ ի՞նչ տեսք ունեին այդ անվավեր քվեաթերթիկները, որովհետեւ տարբեր կարծիքներ էին հնչում, թե «պտիչկա» է եղել արած կամ թե՝ ջնջված է, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Անվավեր ճանաչվել են երկու քվեաթերթիկ, որոնց մեջ ե՛ւ կողմը ե՛ւ դեմը ջնջված են եղել: Բացի դա երկու քվեաթերթիկի շուրջ եղել է քննարկում, որոնք էլ «կողմ» են համարվել հանձնաժողովի միաձայն որոշումով՝ քվեարկությամբ»:

Մեր հարցին՝ դրանցից մեկը Ստեփան Դեմիրճյանի՞նն էր, պարոն Ավետիսյանն ասաց, որ չգիտի, մեր ճշտող հարցին, որ տիկին Սարգսյանն ասել էր, որ դուք ասել եք, թե դա Ս.Դեմիրճյանի քվեաթերթիկն է եղել, որովհետեւ տեսել եք, թե նա ինչպես է չորս տակ ծալում թերթիկը, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Կապ չունի՝ չորս տակ, թե ինչ, այո, ես տեսել եմ չորս տակ ծալված քվեաթերթիկ, բայց դա ի՞նչ կապ ունի: Եթե տիկին Սարգսյանը խնդիր ուներ, թող այդ ժամանակ ասեր՝ այդ քվեաթերթիկները անվավեր ճանաչվեն կամ դեմ ճանաչվեն, մենք կքննարկեինք իր առաջարկը»: Բայց քանի որ տիկին Սարգսյանը ոչ մի բան չի ասել, միաձայն որոշում է ընդունվել այդ քվեաթերթիկները «կողմ» համարել:

Մեր հարցին՝ «փաստորեն պնդում եք, որ այդ «ծիտիկը» եղել է «կողմի» կողքը դրված, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Այո: Եթե «կողմ» բառի վրա թեկուզ մի փոքր բիծ լիներ, մենք դա հաստատ «կողմ» չէինք համարի: Դա եղել է հանձնաժողովի քվեարկությամբ, Ուրիխանյանն առաջարկեց քվեարկության դնել, մենք էլ քվեարկեցինք, ընդունեցինք, որ դրանք «կողմ» են»:

Մեր հարցին՝ տիկին Սարգսյանը պնդում է, որ հանձնաժողովի անդամները տեսել են, թե ինքը ինչպես է բաց քվեարկել՝ իր «դեմ»-ը, Դուք անձամբ տեսե՞լ եք, պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ չի տեսել, քանի որ ինքը քվեախցիկի մոտ էր կանգնած, «իսկ եթե նա իսկապես այդպիսի բան է արել, շատ սխալ է արել, քանի որ դա փակ քվեարկություն էր, եւ մանավանդ հանձնաժողովի անդամը չպիտի տենց բան աներ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031