Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ն ու KFW բանկերը հովանավորում են ՀԷԿ-երի փորձաքննություն չանցած նախագծեր (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2013 15:25

HEK-1 hekԵղեգիս գետը, որը գտնվում է Եղեգիս կիրճում, ՀԷԿ-երի գործունեությունից 3 տարվա ընթացքում բացասական փոփոխությունների է ենթարկվել` գետում պակասել է թթվածինը, գետի ստորին հատվածների կարմրախայտ ձկնատեսակն անհետացել է, ջրի թափանցելիությունը զգալի նվազել է: Բնապահպանների բնորոշմամբ` գետը հիվանդացել է: Այսօր այս մասին «ԷկոԼուր» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «ԷկոԼուր» հ/կ ղեկավար Ինգա Զառաֆյանը:

Կազմակերպությունը մեր երկրում գործող փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգ է անցկացրել` պարզելու, թե դրանք ինչպիսի բնապահպանական վնասներ են հասցնում Հայաստանին: Ինգա Զառաֆյանի տվյալներով, ներկայիս դրությամբ մեր հանրապետությունում կառուցված է 144 ՀԷԿ, 84-ի համար էլ լիցենզիա է տրված:

Տիկին Զառաֆյանի խոսքերով, ՀԷԿ-երը գյուղերում սոցիալական մեծ խնդիրներ են առաջացնում եւ գյուղացիներին ավելի շատ հուզում են ոչ թե բնապահպանական խնդիրները, այլ այն` որ գետը ցամաքելու հետեւանքով իրենք չեն կարողանալու իրենց հողատարածքները ոռոգել:

Ինգա Զառաֆյանն ուսումնասիրելով ՀԷԿ-երի նախագծերը՝ պարզել է, որ դրանք, այսպես ասած, «քոփի փեսթ»տարբերակով են, եւ ՀԷԿ-ի շահագործման համար տրվող արտոնագրերից առաջ որեւէ լուրջ ուսումնասիրություն չի կատարվում այս կամ այն տեղանքում՝ ինչ էկոհամակարգ է եւ ինչպիսի առանձնահատկություններ կան: Ըստ նրա՝ օրինակ` Դարանիկ գետում ՀԷԿ-ը շահագործելու դեպքում կես դույլ ջրի չափով է գետը հոսելու, ինչն, ըստ նրա, բնապահպանական աղետ է ոչ միայն հարակից գյուղերի համար, այլեւ՝ գետի:

ԱԺ բնապահպանական եւ գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանը վստահեցրեց, որ փոքր ՀԷԿ-երի առաջացրած խնդիրների շուրջ քննարկումներ տեղի ունենում են, սակայն, քանի որ մեծամասնություն են կազմում այն ուժերը, որոնք կողմ են ՀԷԿ-երի շահագործմանը, ոչ մի արդյունքի չեն հասնում: Ըստ նրա, թույլտվությունը տալիս են անգամ տնտեսական հաշվարկ չկատարելով, թե նրա արդյունավետությունը որքան է. «Գուցե 1-2 հոգու համար դա շահութաբեր է, բայց որքան է կորցնում ընդհանուր տնտեսությունը: Որքան է դուրս գալիս ոռոգման համակարգից, ինչպիսի բաղադրության ջուր է հասնում մարդկանց: Մեկ հեկտարի վրա 1-2 մարդ է աշխատում, եթե մի 100 հեկտար մենք հանում ենք շրջանառությունից, 3-4 հարյուր մարդ մենք զրկում ենք աշխատանքից, ուրիշ աշխատանք այդ մարդիկ գյուղերում չունեն»: Պարոն Խաչատրյանի մտահոգություններն առավել մանրամասն`  տեսանյութում:

Ինգա Զառաֆյանի խոսքերով, շատ հաճախ փոքր ՀԷԿ-երը կառուցվում են սողանքային գոտիներում, ինչպես օրինակ` Խաչաղբյուր գետի վրա, ինչի հետեւանքով քարն ընկել ու սպանել էլ մի երիտասարդ տղայի: Մարց գյուղում ՀԷԿ կառուցելու դեմ պայքարի ելած գյուղացիները ջրի հսկայական խողովակները ձորն են նետել: Բնապահպաններին զարմացնում է այն, որ մեր երկրում ՀԷԿ-երի ֆինանսավորման համար գումարները հատկացնում են աշխարհում հեղինակություն ունեցող բանկերը, ինչպիսիք են օրինակ` Եվրոպական զարգացման (ՎԶԵԲ) եւ KFW բանկերը եւ նրանց չի անհանգստացնում այն, որ հովանավորում են անօրինական կամ փորձաքննություն չանցած նախագծեր:

Ըստ տիկին Զառաֆյանի, բնապահպանության նախարարությունը հաստատել է, որ Արգիճ գետի վրա կառուցված ՀԷԿ-ի նախագիծը փորձաքննություն չի անցել. «Այդ պատճառով էլ մեր ՀԷԿ-երը դարձել են բարձր կոռուպցիոն ռիսկերի կառույց»: Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն առաջարկեց ՀԷԿ-երի հարցը սկսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031