ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլին Հայաստանում է: Նա հանդիպումներ է ունեցել կառավարության եւ ԱԺ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե Հայաստանում ինչպես են ընկալում գենդերային հավասարությունը, ընտանեկան բռնությունների դեմ ինչ քայլեր են ձեռնարկվում:
Ջուն Զեյթլին այսօր հրավիրած ասուլիսում կարեւորեց ընտանեկան բռնության մասին օրենքը. «Խոսելով ընտանեկան բռնության մասին՝ տեղեկացանք, որ որոշակի քայլեր են կատարվել ոստիկանության կողմից, որպեսզի կարողանանք պայքարել այդ չարիքի դեմ, ոչ թե քողարկենք նման խնդիրները»:
Նա ասաց, որ տեղյակ է, թե մեր երկրում ինչ աղմուկ է բարձրացել «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» օրենքի ընդունման հետ կապված: Նրա խոսքերով՝ այդ աղմուկը բարձրացվել էր գենդեր տերմինի պատճառով. «Ես բավականին փորձ ունեմ, եւ հասկանում եմ, որ այդ բառակապակցությունը թյուրըմբռնում էր»:
Հարցին՝ եթե 10 բալանոց սանդղակով գնահատելու լինեիք կանանց դերը Հայաստանում, ի՞նչ կգնահատեիք՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատել: Հայաստանում իրականացվել են խոշոր քննարկումներ եւ հետազոտություններ՝ տղամարդկանց եւ կանանց հավասարության խնդրի վերաբերյալ: Ցանկացած երկիր առանձնահատուկ է»:
Կարդացեք նաև
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանի խոսքերով՝ կանանց ներգրավվածությունը ԱԺ-ում 10.6 է Հայաստանում, իսկ ամբողջ աշխարհում՝ 19.6 տոկոս: Նա մտահոգություն հայտնեց, որ այսօր միգրացիայի հետեւանքով տուժում են եւ տղամարդիկ, եւ կանայք, երեխաներն իրենց հայրերի հետ շփվում են Skype-ով:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախագահ Գարիկ Հայրապետյանն էլ մտահոգություն հայտնեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետ կապված. Հայաստանում պատկերը սա է՝ 114 տղա՝100 աղջկա համեմատությամբ: Նրա գնահատմամբ՝ տղա ունենալու ցանկությունը ավելի մեծ է 10 անգամ, քան աղջիկ ունենալու ցանկությունը: ԷԽՈ անող բժիշկներից մեկը պատմեց, որ գալիս հարցնում են ԷԽՈ-ից հետո՝ հը՞, տղայա՞: Ասում է՝ տղա չի, հարցնում են՝ բա ի՞նչ ա: Տանձի պոչ ա»:
Ըստ Գարիկ Հայրապետյանի, ծնողները մտածում են, որ աղջիկներն ի վիճակի չեն լինի իրենց պահել, երբ մեծահասակ դառնան, դրա համար էլ ուզում են տղա ունենալ, որ իրենց պահեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ