Թուրքիայում բարեփոխումներ են սկսվել հօգուտ քրդերի. թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ ներկայումս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է սիրաշահել նրանց. «Մի տարբերակը՝ ընտրաշեմը իջեցնելով հինգ տոկոս, մեկ այլ տարբերակով՝ փորձում է ողջ Թուրքիան դարձնել մեծամասնական ընտրատարածք` հանելով համամասնականը:
Պարոն Շաքարյանի խոսքերով` քրդերից բացի որևէ փոքրամասնության հարցով էական փոփոխություններ չկան, այդ թվում` հայերի և ալևիների: Այդուհանդերձ, թուրքագետը նշեց թուրքական հայտնի երդման` «Թուրք է, աշխատասեր է, ճիշտ է» վերացնելու փաստը. «Բոլորին ստիպում էին առավոտյան այդ արտահայտությունը անել: Ամենադրական զարգացումներից մեկը այդ երդման վերացնելն է, որը էրդողանը արել է ի հակազդեցություն ազգայնականների»,- նշեց թուրքագետը:
Նա նաև թվարկեց մի քանի «բայց»-եր. «Թուրքիայի ողջ պատմությունը ցույց է տվել, որ շատ բարեփոխումներ կարող են թղթին գրված լինել, բայց երբեք կյանքի չկոչվել, դեռ հակառակը տեղ ունենա: Բացի այդ, Էրդողանը կարող է հնարավորինս անսպասելի քայլեր անել: Ուստի ինչքան էլ նա այսօր բարի է տրամադրված ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որովհետև նա խնդիրներ ունի ազգայնականների հետ, այնքան էլ ապագայում, եթե այդ խնդիրները չեզոքացվեն, կդառնա վտանգավոր, բայց ամեն դեպքում Էրդողանը չարյաց փոքրագույնն է»:
Ըստ թուրքագետի` հայերը պետք է փորձեն հնարավորինս համագործակցել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ. «Մենք պետք է պահենք գործընթացը, որ քրդերը բալանսավորված հարաբերություններ ունենան հայերի հետ: Պիտի փորձենք չոգևորվել Թուրքիայի զարգացումներով, չծափահարել լիովին, չապավինել բարեփոխումներին, այլ նաև զուգահեռ ունենանք մեր պլանները»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ