Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այսօր սկսվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը:
Վահե Էլոյանը դատարան էր ներկայացել իր ներկայացուցչի՝ Արգամ Նազանյանի հետ, իսկ կառավարությունը ներկայացնում էր Ռաշիդ Գալստյանը:
Հայցվորը, ինչպես նաեւ իր ներկայացուցիչը հայտարարեցին, որ այս տարվա հունիսի 5-ին նախարարի հրամանով, ապա հունիսի 6-ին՝ կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից առանց փաստացի իրավական հիմքերի:
Ըստ նրանց՝ հրամանը ուժ չի ունեցել, իսկ Վահե Էլոյանն էլ, որն իբրեւ ազատվել էր այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, հայտնեց, որ ինքը որեւէ դիմում չի գրել, որեւէ այլ աշխատանքի չի անցել, այդ ուղղությամբ նախաձեռնություն չի դրսեւորել, հետեւաբար նա խնդրում էր անվավեր ճանաչել կառավարության որոշումը, վճարել իրեն մինչ օրս պարտադիր պարապուրդի համար գումար:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ հունիսի 6-ի կառավարության որոշումը հայցվորը ստացել էր օգոստոսի 30-ին: Ըստ Արգամ Նազանյանի, սա աշխատանքային վեճ է եւ կարգավորվում է միայն Աշխատանքային օրենսգրքով, թեեւ կան վարչական տարրեր:
Ռաշիդ Գալստյանն անհիմն համարեց հայցադիմումը, դատարանից խնդրեց մերժել այն, նաեւ ակնարկեց, թե ինքը կարող է պատասխանել միայն կառավարության հետ առնչվող հարցին եւ ոչ թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության:
Դատավոր Գայանե Կարախանյանն ապացույցների բաշխում այսօր չկատարեց, քանի որ պատասխանողը պետք է նախարարությունից ճշտեր, թե կա՞ Վահե Էլոյանի անվամբ որեւէ դիմում, որ նա գրել էր՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: «Մենք հայցի հիմքը պիտի ուսումնասիրենք»,- ասաց դատավորը:
Հաջորդ նախնական նիստը նշանակվեց հոկտեմբերի 25-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ