Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը պատասխանում է Լևոն Զուրաբյանի քննադատությանը

Հոկտեմբեր 02,2013 14:06

Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Անդրես Հերկելը ներկայացրեց 2012-ի հունիսից մինչև 2013-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ԵԽԽՎ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները:

Զեկույցի ներկայացումից հետո այն քննադատության ենթարկեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ես ուշադիր ծանոթացա բանաձեւի նախագծին եւ ապշած էի այն փաստից, թե որքան ոչ օբյեկտիվ էր այն Հայաստանի մասով: Հայաստանյան ընտրական համակարգը վեր է ածվել կեղծիքների, ընտրակաշառքի եւ ընտրողների ու հանձնաժողովի անդամների ահաբեկման մի մեքենայի՝ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը թույլ չտալու համար, եւ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են հորդում փողոցները՝ բողոքելու կեղծված նախագահական ընտրությունների դեմ, ինչպես եղավ 2003-ին, 2008-ին եւ 2013-ին: Հեռուստաընկերությունները ենթարկվում են գրաքննության եւ խստորեն վերահսկվում են նախագահի վարչակարգի կողմից, եւ թվայնացման բարեփոխումները բերել են ոչ թե հեռարձակման հաճախականությունների ավելացման՝ բազմակարծություն ապահովելու համար, այլ նույնիսկ հավելյալ սահմանափակումների եւ հեռուստաընկերությունների փակման» :

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը քննադատության ենթարկեց ԵԽԽՎ-ի կողմից անդամ երկրների նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործընթացը` նշելով, որ այդ գործընթացում անդամ երկրները գտնվում են անհավասար պայմաններում:

Լևոն Զուրաբյանի հնչեցրած քննադատությանն ի պատասխան, պարոն Հերկելը նշեց, որ զեկույցը կազմվել է` հիմնվելով Հայաստանի մասին զեկուցողի ներկայացրած տվյալների և նախորդ զեկույցի հիման վրա:

Ինչ վերաբերում է երկրներին հավասար կարգավիճակ ապահովելու հարցին, Հերկելը նշեց. «Ցանկացած իմաստով մենք հավասար չենք: Բայց երկրներն ունեն հավասար հնարավորություններ կառուցելու ժողովրդավար հասարակություն և ապահովելու մարդու հավասար իրավունքները: Սակայն դա չի նշանակում, որ այն երկրները, որտեղ լրագրողները բռնության են ենթարկվում և նախագահական ընտրությունների նախաշեմին նախագահի թեկնածուն կալանավորվում է, նույն հարթության վրա են այն երկրների հետ, որտեղ նման խնդիրներ գոյություն չունեն»:

fetisov

Ռուս պատվիրակ Վյաչեսլավ Ֆետիսովը բարձրացրեց քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները, որոնց թիվը, օրինակ Եվրոպայում, հասնում է 100.000-ի: Նա հատկապես նշեց. «Մենք անհանգստացած ենք հայերի, բելառուսների, վրացիների համար, որոնք չունեն քաղաքացիություն: Այդ մարդիկ չունեն կարգավիճակ, ուրեմն գոյություն չունեն: Ուստի ՌԴ-ի դիրքորոշումն այն է, որ հնարավորինս շուտ լուծում տրվի այդ մարդկանց խնդիրներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031