Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» համաժողովի բացման արարողությունը:
Համաժողովի բացմանը, ողջունելով ներկաներին, հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. «Կրթության ոլորտում շատ է խոսվում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման մասին ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Խոստովանենք, որ մոտեցումները, որոնք առկա են այս հարցի շուրջ, տրամագծորեն հակառակն են երբեմն լինում: Կան կողմնակիցներ դասական կրթական միջավայրի և մեթոդների, որոնց համար կրթության, գիտելիքի միավորը մնում է դասագիրքը, կա մեկ այլ ծայրահեղություն, որը ապագան պատկերացնում է բացառապես տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթություն ստանալու ձևերի մեջ: Իհարկե, մենք այսօր, խոսելով նորարարական տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտության մասին, հասկանում ենք, որ դա ոչ միայն հնարավորություն է մեզ և մեր երեխաների համար, այլև, ինչու չէ, մարտահրավեր, խնդիր, որը կարող է իր հետ բերել նաև մի շարք դժվարություններ»:
Հարյուրից ավելի անգլերեն լեզվի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ երկու օր Բրիտանական խորհրդի «Կրթություն. գործընթաց, թե վերջնանպատակ» համաժողովի ընթացքում կքննարկեն դասավանդման բնագավառում տեղի ունեցող փոփոխությունները և նոր մեթոդների ներգրավումն իրենց աշխատանքում:
Ուսուցչուհի Աննա Քոնվեյը, կարևորելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ասաց. «Տեխնոլոգիաները շատ են օգնում դասավանդման մեջ: Դպրոցներում ուսուցիչները մեծամասամբ դասագրքերի ընտրության հնարավորություն չունեն, իսկ դասագրքերում շատ բաներ հնանում են, և ավելի նպատակահարմար է օգտվել նորագույն տեխնոլոգիաներից»:
Կարդացեք նաև
Դասավանդման բնագավառում տեղի ունեցող առանցքային փոփոխությունները և ժամանակին համահունչ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու ուղղությունները ներկայացնելու նպատակով համաժողովին հրավիրված են բրիտանացի և հայ լավագույն մասնագետները:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն իր ելույթում ասաց. «Անգլերենի ուսուցումն ու տարածումը մեզ համար առաջնային կարևորություն ունեցող գործընթաց է: Անգլերենն այլևս միայն Միացյալ Թագավորության սեփականությունը չէ, այն գլոբալ հնարավորություն է»:
Իսկ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, խոսելով համաժողովի բուն նպատակի մասին, ասաց, որ Բրիտանական խորհուրդը տասը տարուց ավելի է, ինչ գործում է Հայաստանում, և հավելեց. «Մեր նպատակը օտար լեզվի, հատկապես անգլերենի կատարելագործումն է մեր կյանքում: Այսպիսի միջոցառումներ էլի են անցկացվել, այս անգամ շեշտը դրել ենք նորարարական տեխնոլոգիաների վրա, որոնք պետք է ներգրավվեն մեր ուսուցման ոլորտում»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ