Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիստի նամակը՝ հայոց թագավորին

Հոկտեմբեր 02,2013 13:56

ՀՀԿ-ական վարչապետը՝ մարքսիստի ուսմունքի հետեւո՞րդ

«Այսօր ազգի առջեւ ծառացած են գլխավորապես հինգ խնդիրներ, որոնց առիթով ես հայցում եմ նախագահի տեսակցությունը՝ դրանց շուրջ տեսական քննարկումներ սկսելու առումով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Իր խնդրանքը մեր զրուցակիցը ձեւակերպում է հրապարակային, որպեսզի որոշ հասարակական շրջանակներում տպավորություն չստեղծվի, թե մարքսիստը «ռեւերանսներ է անում նախագահին, ընդունելությունը որպես սողանցք օգտագործելով՝ նրա շքախումբ սողոսկելու համար»: Դավիթ Հակոբյանը հայտարարում է. «Ես բացարձակապես նկրտումներ չունեմ որեւէ պաշտոնական դիրքի: Ընդհանուր առմամբ նման հոբիներ չունեմ»: Ի՞նչ արձագանք կստանա Դավիթ Հակոբյանի հայցումը հայոց թագավորի կողմից, մեր զրուցակիցն ասաց. «Թող Աստված լինի դատավոր»:

Իսկ խնդիրները, որոնք Հակոբյանը Հայաստանի եւ հայ ազգի համար համարում է առաջնային, հետեւյալն են՝ ազգային գենոֆոնդի վերարտադրողական քաղաքականության քննարկման առարկաները, որոնց արդյունքում պետք է ձեւավորվի նախագահին կից կենսաբանական անվտանգության հիմնադրամ: «Վերականգնողականության գործակիցը 0,22  է՝ 2,2-ի փոխարեն: Ծնելիությունը հինգ անգամ զիջում է Սովետական Հայաստանի տեմպերին: Այսօր ծնելիության խթանման համար անհրաժեշտ է պետության կողմից հատուկ հովանավորչություն՝ հատուկ հիմնադրամի միջոցով»: Հիմնադրամի աղբյուրները Դավիթ Հակոբյանը դեռ մի քանի ամիս առաջ է հրապարակել՝ 30 տոկոսը՝ պետությունից, նույնքան՝ ներքին եւ արտաքին սփյուռքի, օլիգարխիկ, ձեռնարկատիրական կապիտալի ներդրումները, նույնքան էլ՝ հայկական եկեղեցական թեւերի ներդրումները՝ Անթիլիասի եւ սբ. Էջմիածնի:

Երկրորդ գերխնդիրը, որը նաեւ կենսաբանական անվտանգության բաղադրիչ է, մարքսիստը համարում է նոր քաղաքաշինական հայեցակարգը: Դրա մասին Հակոբյանն «Առավոտի» հետ https://www.aravot.am/2013/04/06/227576/ խոսել է դեռ մարտ ամսին՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, էլիտար շինարարությունից անցում կատարել զանգվածային, մատչելի բնակարանային շինարարությանը: Ի դեպ, կառավարության վերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը գրեթե բառացի կրկնեց Դավիթ Հակոբյանի առաջարկը, սակայն այդպես էլ չհստակեցնելով, թե ո՞ր շինարարական սուբյեկտները՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր, պետք է իրականացնեն շինարարությունը, կամ ո՞րն է մատչելիության վերին սանդղակը, ո՞վ է վերահսկելու այդ քաղաքականությունը:

Երրորդը նոր տնտեսական քաղաքականությունն է, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսվում է տարբեր գործիչների կողմից: Դավիթ Հակոբյանի համոզմամբ՝ նոր Սահմանադրությունը, որի համար արդեն իսկ հատուկ հանձնաժողով է ձեւավորված, առաջին հերթին պետք է լրացնի 2005 թվականի Սահմանադրության, իր համոզմամբ՝ ամենակարեւոր բացը՝ տնտեսական բլոկը, որն իսպառ բացակայում է Սահմանադրությունից, եւ մեկ անգամ չէ, որ արժանացել է մեր զրուցակցի քննադատությանը: Ամենակարեւոր հարցը, որն ըստ Հակոբյանի՝ պետք է զետեղվի Սահմանադրության մեջ, հետեւյալն է. «Շուկան պետք է ձեւավորել ոչ թե մեկ՝ բացարձակ մասնավոր սեփականության սուբյեկտներով, այլ սեփականության երեք ձեւերի սուբյեկտներով՝ մասնավոր սեփականության, պետական եւ խառը՝ մասնավոր, սեփական, կորպորատիվ սուբյեկտներով, ընդ որում՝ հստակեցնելով, թե որ ոլորտը որին է վերաբերում: Նոր տնտեսական քաղաքականություն պետք է լինի նաեւ ոչ միայն շուկայի, այլ նաեւ գների ու գնագոյացման, հատկապես հարաբերական գնագոյացման գործընթացների նկատմամբ: Արտադրական փոխհարաբերություններում պետք է գլխատել բոլոր միջնորդ հանցագործ օղակները»:

Չորրորդ խնդիրը կուսակցությունների մասին նոր օրենքն է, որը պետք է հանդիսանա նոր Սահմանադրության բաղադրիչ. «Սահմանադրական այդ հանձնաժողովը, որն իր կազմով ինձ բացարձակապես չի ոգեշնչում, վստահություն չի ներշնչում, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այդ հանձնաժողովը բազմակուսակցական համակարգից անցում կատարի գաղափարական հոսանքների շուրջ համախմբմանը: Աշխարհին երկու հոսանք է հայտնի՝ բուրժուական դեմոկրատիա եւ սոցիալիստական դեմոկրատիա: Ցավոք, երկրորդը մենք չունենք, բոլոր գրանցված ութսուն կուսակցությունները իբր բուրժուական դեմոկրատիայի ջատագով են: Կուսակցություններին պետք է վերագրանցել աշխարհում հայտնի սկզբունքներով: Եթե ԱՄՆ-ը բավարարվում է երկու՝ իրար հավասարակշռող, հակազդող կուսակցություններով, ուրեմն մեզ համար սա բավ է: Մանավանդ որ՝ Չինաստանն այսօր ապացուցում է, որ բազմակուսակցությունն այսօր դեմոկրատիայի կարդինալ ֆակտոր չէ: Արդյունավետ տնտեսական համակարգ եւ բարձր արտադրողականություն ապահովելու համար բազմակուսակցությունը բնավ կարեւոր չէ: Ազգը բաժանելով  50 կրոնական աղանդների եւ 80 քաղաքական աղանդների՝ մենք փոշիացնում ենք ազգի քաղաքական ուժերը, ջլատում ենք ազգի միասնությունը»: Ապա ընտրական իրավունքի նոր սկզբունքն է, համաձայն որի՝ խորհրդարանում քվորումի համար անհրաժեշտ ձայների մեկ երրորդը պարտադիր պետք է լինի այլընտրանքային կուսակցությունից, ոչ թե իշխող կուսակցությունից: Մարքսիստը գտնում է, որ այս կերպ իշխող կուսակցությանը հնարավոր է սանձահարել:

Հինգերորդ խնդիրը մեր զրուցակիցը համարում է նոր մանկավարժական հայեցակարգը. «Ինչքան գիտակից է հասարակությունը, այնքան հզոր է հասարակությունը: Պետության հզորությունը ոչ թե նրա ուժային կառույցների, այլ նրա հասարակական գիտակցության մեջ է: Մանկավարժական դոկտրինի գերագույն խնդիրը պետք է լինի նոր չափորոշիչներով, նոր հոգեկերտվածքով մարդու, քաղաքացու ստեղծումը, հետո միայն գիտելիքների մատուցումը: Այսինքն՝ էքստենսիվ կրթական համակարգից պետք է անցնել ինտենսիվ կրթական համակարգի՝ 12 տարին փոխարինելով 10-ով, ավագ դպրոցը համապատասխանաբար երկու վերջին տարիները համարելով, բուհական կրթությունն էլ ութ տարուց հինգ տարի դարձնելով»: Գործող կրթական համակարգը, մեր զրուցակցի համոզմամբ, գենոֆոնդին հարվածում է երեք ուղղություններով՝ ծնելիության, բանակաշինության եւ աշխատուժի հերթափոխի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Դավիթ Հակոբյանը կանխավ արդեն գերագնահատել է մեր նախագահացուի մտավոր ունակություններն ու վերջինիս համար այդքան բարդ նամակ հղել,այն էլ՝ հայրեն լեզվով:Ինքս կփորձեմ ուղղել Դավիթի բացթողումը:
    1.Ապազգային գենոֆոնդի վերարտադրողական քաղաքականության քննարկման առարկաները, որոնց արդյունքում պետք է ձեւավորվի նախագահին կից կենդանաբանական անվտանգության հիմնադրամ՝ կառավարող ապազգային իշխանիկների ու նրանց սպասավորների կենդանակերպը պահպանելու ու վերարտադրելու նպատակով:
    2.Բացել Հայաստանում Մոնտե-Կառլոյի ու Լաս-Վեգասի կազինոների մասնաճյուղեր:
    3.Կառուցել նոր բուսաբուծական կայան՝ թարս բուսնող խիյարի ու իշխող վերնախավի անդամների խաչասերման ու բուծման համար.
    4.Շաբաթ օրերին փակել Հայաստանի բոլոր եկեղեցիները ազգաբնակչության համար,հնարավորություն տալով անհայտ դավանանք ու պաշտամունքի տեր ազգի թափթպուկներին այն վերածելու աղանդավորական ծիսակատարություններ գոմերի.
    5.ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին ամիսը մեկ ուղարկել Մոսկվա՝ համապատասխան ցուլերի կողմից բեղմնավորվելու նպատակով:
    Շարունակելի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031