Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է կատարվել ու դեռ կատարվում Գյումրու թիվ 16 նախակրթարանում

Հոկտեմբեր 02,2013 13:47

Գյումրու թիվ  16 նախակրթարանի նախկին տնօրեն Գոհար Չիլինգարյանի որդին՝ Ստեփան Չիլինգարյանը, օրերս դիմել էր մեր խմբագրություն՝ հայտնելու,  որ իր մայրը՝ նախակրթարանի 32-ամյա տնօրենը, ամենեւին էլ չի փախել հանրապետությունից եւ չի յուրացրել աշխատակիցների կամ երեխաների գումարները, ինչպես որ  Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են ներկայացնել հանրությանը:  Ըստ նրա՝ մայրը հիվանդ է եղել, անհապաղ բուժման կարիք է ունեցել, ինքն էլ մորը ուղարկել է արտասահման՝ նույն օրը Գյումրու քաղաքապետարանի  կրթության  բաժնի պետ Արմեն Նախշքարյանին այդ մասին   տեղյակ պահելով:

Հիշեցնենք, որ այս  մանկապարտեզի շուրջ հուլիսի կեսերին մեծ աղմուկ բարձրացավ  առ այն, որ տնօրեն Գոհար Չիլինգարյանը, վերցնելով դայակների ու դաստիարակների աշխատավարձերը, անհետացել է քաղաքից: Շիրակի մարզի դատախազությունում անգամ քրեական գործ հարուցվեց այս տիկնոջ նկատմամբ՝ այն մեղադրանքով, որ նա. «Գյումրու քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 մլն 501 հազար դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ ունեցած պարտավորությունների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը, այլ յուրացման եղանակով հափշտակել է»:

Գոհար Չիլինգարյանի որդին պնդում է, որ իր մորը ամեն կերպ փորձում են վարկաբեկել,  ինքն անձամբ մանկապարտեզի համարյա բոլոր պարտքերը՝ սննդի, հացի եւ այլն, փակել է, իսկ աշխատավարձերի ու  վարձավճարների յուրացման  մասին մեղադրանքները աբսուրդ են, քանի որ նրանք իրենց աշխատավարձը ստացել են քարտերի միջոցով, իսկ ծնողները մանկապարտեզին վարձավճարը փոխանցել են հաշվեհամարով: Ստեփան Չիլինգարյանի բողոքելով՝ ժամանակին իրենք իրենց տան   ամբողջ գույքը՝ դաշնամուր, սպասք, սառնարան, գազօջախ, «Էրեբունի» գորգ, նվիրել են մանկապարտեզին, սակայն  այժմ քաղաքապետարանը չի թույլատրում մանկապարտեզի ներկայիս ղեկավարությանը այն վերադարձնել իրենց, որպեսզի ինքը վաճառի ու մոր թողած պարտքերը ամբողջությամբ փակի: «Գույքը պահանջում եմ, հետ չեն տալիս, ասում են՝ փաստաթուղթ բեր, որ ձերն է,  ես ասում եմ՝ հազար հոգի կենդանի վկա կա, բացի այդ՝ կարող եմ նկարներ ցույց տալ, որ էդ գույքը մեր տանն է եղել: Իրենք ինձ հետ տվեցին մի կարի մեքենա եւ մի երկու աման: Հարցնում եմ՝ էդ ինչի՞ց որոշեցիք, որ մորս կաբինետի թանկ աթոռները մեր տանինը չեն ու էդ ամանները մեր սեփականությունն են: Ես էրեխքի ձեռքից բան չեմ վերցնի, ուղղակի զայրացած եմ իրենց պահվածքի համար: Հասկացանք՝ եթե մարդը 32 տարի իր վրա դրված պարտականությունները պարտաճանաչ  կատարել է, մի անգամ սխալվել է, կարելի՞ էր էսպես վարկաբեկել: Եթե քաղաքապետարանի պաշտոնյաները  անձնական տրամադրվածություն չունենային իմ մոր հանդեպ, էս հարցը էսպես չէր վերջանա»,- համոզված է  Ստեփան Չիլինգարյանը:

Նա  մեզ նաեւ մի ուշագրավ փաստ ներկայացրեց այս  մանկապարտեզից. պարզվում է՝ իր մոր հեռանալուց հետո մանկապարտեզի  տնօրեն է  նշանակվել նույն  հաստատության մեթոդիստ Ս. Հարությունյանը, ով, սակայն, ըստ ըստ Կրթության պետական տեսչության Գյումրիի այս մանկապարտեզում կատարած ուսումնասիրության՝  համապատասխան որակավորում եւ աշխատանքային ստաժ չունի: Նշենք, որ 2013 թվականի հունիսի 17-ին ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ Ա. Կարապետյանի՝ Գյումրու քաղաքապետարանի «Գոհար» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Գոհար Չիլինգարյանին ուղարկած փաստաթուղթը մեր ձեռքի տակ է: Մենք այս հարցերի շուրջ փորձեցինք  պարզաբանումներ ստանալ Գյումրու քաղաքապետարանից: Մեզ  պարզաբանումներ ներկայացրեց  վերահսկողության բաժնի պետ Արթուր Համբարձումյանը, ով ասաց, որ քաղաքապետարանը մամուլից է իմացել, որ Գոհար Չիլինգարյանը գտնվում է Գյումրու վարչական տարածքից դուրս: Մեր այն հարցին, թե ինչու է քաղաքապետարանը շտապել իրավապահներին հաղորդում տալ Գոհար Չիլինգարյանի  մասին, երբ տղան պատրաստակամ էր մանկապարտեզի  պարտքերը փակել, եւ բողոքավորներ էլ, ըստ Ստեփան Չիլինգարյանի,  չկային, այս պաշտոնյան շարունակեց. «Եթե չեն բողոքում, նշանակում է՝ իրենք իրենց գումարը չէի՞ն պահանջելու, եւ այստեղ ոչ թե տղան էր պարտք, այլ այստեղ պարտք էր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, տվյալ օրինակում՝ «Գոհար» մանկապարտեզը: Եթե տղան իր միջոցներից պարտք է փակել, դա նշանակում է փաստաթղթերով դա պետք է երեւար ինչ-որ ձեւով, իսկ սեպտեմբերի 13-ի դրությամբ ես եղել եմ «Գոհար»  մանկապարտեզում, այն կազմակերպություններից, որոնցից իրենք հաց ու սնունդ էին ձեռք բերել, «Գոհար»  մանկապարտեզը վճարել է սեպտեմբերի  8-ից 13-ի հատվածում: Եթե տիկին Գոհարի որդին վճարել էր, նա պարտավոր էր գոնե տեղյակ պահել «Գոհար»   մանկապարտեզին, որ փոխադարձ կազմեին երեքով կամ չորսով կամ չգիտեմ՝ քանի կազմակերպությամբ, բայց ես գիտեմ, որ երեխաների վճարներից տնտեսելով՝ վերջին վճարումները եղել են սեպտեմբերի 8-ից 13-ը, այսինքն՝ Ստեփան Չիլինգարյանի ասելով՝ ստացվում է, որ  այդ կազմակերպությունները, որոնց պարտք է եղել մանկապարտեզը, երկու  անգամ են  վճարվել»: Քաղաքապետարանի պաշտոնյայի ասելով՝ որեւէ մեկը Գոհար Չիլինգարյանին չի վարկաբեկում: «Ես մեծ ցանկություն կունենամ անձամբ տեսնել էդ վարկաբեկողին եւ իմ ձեւով, իմ հասանելիք մարդկային հարաբերությունների սահմանում էդ մարդուն պատժեմ, եթե որեւիցե մեկը վարկաբեկում է որեւիցե մեկին, անկախ նրանից՝ տիկին Գոհարին, թե տիկին Շուշաննային, Արտյուշին կամ  Վարդանին, կամ Պետրոսին, ոչ մի նշանակություն չունի: Ո՞վ է հանել նրա անունը: Ես եմ առաջին անգամ գնացել, ուսումնասիրություններ անցկացրել «Գոհար»    մանկապարտեզում:  Տիկին Գոհարի՝ Հայաստանի սահմաններից գնալուց հետո, այդպես են ասում, որ արտասահման է գնացել, ֆինանսական վերլուծություն եմ արել, հաշվապահական ոչ մի փաստաթուղթ բացարձակապես չի եղել, չենք կարողացել ուսումնասիրել: Հաշվապահն ասաց, որ աշխատավարձը վճարված  է՝ ովքեր որ քարտով են  ստանում, թվարկեց նաեւ  սննդի հետ հունիս-հուլիսի ձեռք բերած պարտքերը: Հաշվապահի հայտարարությունը մենք արձանագրել ենք  մեր հայտարարության մեջ, հաշվապահական ոչ մի փաստաթուղթ մեր կողմից չի ուսումնասիրվել, քանի որ գտնվում էր տիկին Գոհարի սենյակում, որն այդ ժամանակ փակ էր»: Գոհար Չիլինգարյանի անձնական գույքը  վերադարձնելու հետ կապված էլ մեր զրուցակիցը խորհուրդ տվեց այն ոչ թե քաղաքապետարանից պահանջել, այլ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունից, տվյալ դեպքում՝ նախակրթարանից,  ու փաստաթղթերով հիմնավորել, որ իրենցն է: Պաշտոնյան նաեւ ասաց, որ մատնանշված կենդանի վկաներից ինքը ոչ մեկին չի լսել, ով կասեր,  որ տվյալ գույքը այսինչ ժամանակ Գոհար Չիլինգարյանի տնից բերվել է մանկապարտեզ: Նա նաեւ հիշեցրեց, որ գործը հետաքննության մեջ է, որը եւ կպարզի այս ամենը: Իսկ  թե ինչու են  համապատասխան որակավորում չունեցող անձին տնօրեն կարգել, այս պաշտոնյան  ասաց, որ մանկապարտեզը  գործադիր մարմին չունի, այլ Ս. Հարությունյանը ժամանակավոր պաշտոնակատար է: Այդուհանդերձ, նկատենք, որ այս հարցում իրոք ապշեցնող է  քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշումը. սա նշանակում է արհամարհել կրթության պետական տեսչության կարծիքը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Linares says:

    ուզում եմ իմանալ,թե ինչու իմ գրած մեկնաբանությունը խմբագրության կողմից չի տեղադրվել:դրանում ոչ մի վիրավորական արտահայտություն չի եղել:թե ոմանց պատվերն եք կատարում?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031