Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են արտագաղթում Հայաստանից

Հոկտեմբեր 02,2013 13:40

Կամ՝ պանդխտության  համախտանիշի պատճառները

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը  կազմակերպում է «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» թեմայով գիտաժողովը:

Վերջինիս նպատակն է վեր հանել հասարակության պահանջմունքների բավարարվածության մակարդակով ձեւավորված իռացիոնալ պահվածքի պատճառները եւ արտագաղթի ընդհանրական ուռճացված սպասումների եւ անհատական հոգեբանության կապը: Նախատեսվում է կատարել հասարակության սեգմենտների իրավիճակային վերլուծություն եւ հստակեցնել արտագաղթի պատճառներն ու իշխող կարծրատիպերը: Ակնկալվում է նաեւ հստակեցնել հիմնախնդրի լուծման մեջ ոչ պետական սեկտորի դերակատարումը եւ նպատակները:

Գիտաժողովի ընթացքում, ի թիվս այլ հետաքրքիր ելույթների,  կներկայացվեն ելույթներ նաեւ հետեւյալ թեմաներով՝ «ՀՀ արդի միգրացիոն հոսքերի նկարագրությունը եւ վերլուծությունը», «Մարդկային պահանջմունքների ազդեցությունը միգրացիայի վրա», «Անհատի հոգեբանության իռացիոնալ պահվածքը», «Միգրացիոն գործընթացների եւ սոցիալական կարգավիճակի կապը», «Միգրացիոն հոսքերը որպես արտաքին քաղաքականության գործոն»:

Կոնֆերանսի մոդերատորն է  «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հակոբյանը (լուսանկարում): Պարոն Հակոբյանի  խոսքով, շատերին թվում է, թե արտագաղթի խնդիրը եւ լուծումը պարզ է՝ ստեղծել աշխատատեղեր, ապահովել կադրերի պատրաստումը եւ պաշտպանել նրանց իրավունքները, մինչդեռ իրականությունն այլ է: «Գործարարները բողոքում են կադրերի սակավությունից, կադրերը բողոքում են աշխատատեղերի սակավությունից: Անկախ կրթական համակարգի թերություններից՝ նույնիսկ  եզակի լավագույն ուսանողներն անգործ են մնում: Ունենք «Լույս» հիմնադրամ, սակայն չենք տեսնում այդ հիմնադրամի սաներին ոչ մասնավոր, ոչ էլ առավել եւս՝ պետական սեկտորում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրում ենք նվաճումներ, սակայն այլ ոլորտներում մեր մարդկային կապիտալի իրացումը ձախողվում է:  Բացի այդ, ես չեմ նշում նաեւ արտագաղթով պայմանավորված սպառման շուկաների փոքրացման հիմնախնդիրը, որի հետ այս կամ այն կերպ առնչվում են գրեթե բոլոր ոլորտների տնտեսվարող սուբյեկտները:

Երբ մենք փորձում ենք պարզել արտագաղթի հիմնական պատճառները, հանդիպում ենք մեկ տարածված դրդապատճառի` արդարության զգացումի պակաս: Այստեղ մենք հանգում ենք մեկ այլ հակասության. մարդիկ մեծ մասամբ գաղթում են այնպիսի երկրներ, որտեղ արդարությունը բոլոր մակարդակներում ավելի ցածր է, քան Հայաստանում: Ավելին, օրինակ՝ հանցագործությունների մակարդակի ցուցանիշները Հայաստանում զգալիորեն ավելի ցածր են, քան այդ երկրներում, ինչը հիմք է տալիս մտածել, որ արտագաղթի դրդապատճառ իրականում չի հանդիսանում անձի կամ ընտանիքի անվտանգության ապահովման մղումը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Տիգրան Հակոբյանը:

Ըստ «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի տնօրենի, նաեւ կարծիք կա, թե արտագաղթելու որոշման կայացման մեջ մեծ է իռացիոնալության գործոնը` մարդիկ որոշումը կայացնելիս չեն առաջնորդվում սթափ տրամաբանությամբ. «Մեզ անհրաժեշտ է  հասկանալ, թե ինչն է մղում մեր համաքաղաքացիներին թողնել հայրենի օջախը եւ դիմել պանդխտության: Սրանք հարցեր են,  որոնք պահանջում են խորը եւ համապարփակ գիտական վերլուծություն:

Շատերը լուծումը փնտրում են պետական կառավարման համակարգի բարեփոխումների մեջ կամ, ավելի շուտ, պետության դերը ամրապնդելու մեջ, որը ինքնին սոցիալիզմի դրսեւորում է, այսինքն՝ մի հասարակարգի, որից մենք հրաժարվել ենք: Ես վստահ եմ, որ ազատ շուկան կարող է այս դաշտում լուծումներ առաջարկել, դրա հետ մեկտեղ՝ չեմ ժխտում պետական կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը: Գիտաժողովը լուծումներ փնտրելու առաջին քայլն է»:

Տիգրան Հակոբյանի համոզմամբ, գիտաժողովում որեւէ  մեկին օգուտ չի բերի քաղաքական գնահատականներ, վիրավորանքներ կամ մեղադրանքներ հնչեցնելը: Նրա ձեւակերպմամբ,  անհրաժեշտ է գիտաժողովի ընթացքում լսել փաստարկված գիտական ելույթներ, որոնք կօգնեն գտնել հիմնահարցի պատասխանը:

Հավելենք, որ այսօր կայանալիք  գիտաժողովի ժամանակ Սամվել Մանուկյանը («Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ) կներկայացնի ուսումնասիրություն՝ «Միգրացիայի կառավարման գործոնները Հայաստանում» թեմայով: Ըստ այդ ուսումնասիրության, արտագաղթելու պատճառներն են՝  սոցիալ-տնտեսական պատճառներ (82.4%), սոցիալ-հոգեբանական (45.0%), ընտանիքի միավորում (7.0%), եւ արտագաղթելու առավել հակված են հատկապես 18-45 տարեկանները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031