Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք համարձակվում խոստովանել

Հոկտեմբեր 02,2013 13:20

Իրիկնահացին տխրությունը չի փոխվի լացի

Աշխարհի երեսին գոյություն ունեցող ամենատխուր վայրերը թերեւս մանկատներն ու ծերանոցներն են՝ նորածին եւ երկրային կեցության վերջնագծին հասած մարդ արարածի լքվածության անփառունակ խարանը կրող օթեւանները։ Առաջինի «բնակիչները», իրենց կյանքի վիճակին անգիտակ, հրաշքով կարող են նորափթիթ կյանքի արշալույսում ինչ-ինչ հետաքրքրություններ գտնել, ապրել իրենց բաժին հաջողություններով, ուրախություններով։ Մինչդեռ կյանքի մայրամուտին հասած տարեցները, հաճախ մտքի սթափությունը, մարմնի տոկունությունը կորցրած լինելով, վաղվա օրվա նկատմամբ անտարբեր, ապրած- չապրած տարիների բեռը ուսերին, անորոշ սպասումով մթնեցնում են իրենց բաժին մնացած օրերը… տխուր, ողբերգական իրողություն, որ գալիս է կյանքի ունայնությունից։ Հավերժական մի թեմա, որ բազմիցս արծարծվել է գրականության մեջ, թատրոնում, կինոյում։

Բայց նույն այդ աշխարհի երեսին վաղուց կան յուրատեսակ օթեւաններ, տներ, որոնք ոչ թե մարդ արարածի լքվածության անփառունակ խարան կրող օթեւաններ են, ոչ թե տարեց մարդիկ այնտեղ հայտնվում են այլ տարբերակ չունենալով՝  խորակսկիծ ցավն ու վիրավորանքը սրտում, այլ հենց իրենք են իրենց կամքով, ցանկությամբ գալիս այստեղ՝ կյանքը առավել հետաքրքիր, խաղաղ, հանգիստ անցկացնելու համար,  գուցեեւ՝  չապրած տարիները ապրելու։ Այստեղ տարեցը այլեւս մենակ չէ, իր սերնդակիցների հետ է. զրույցն ու հիշողությունը այլեւս տխուր չեն, հասկանում են միմյանց։ Տարեցը գիտակցում է՝  ճիշտ եւ հստակ բանաձեւելով՝ սա է հարահոս կյանքի բնական շարունակությունը։ Իսկ օթեւաններում էլ ամեն ինչ արվում է, որ տարեցների մնացյալ կյանքը մայրամուտի նման ոսկերանգ շողեր ունենա:

Մեզ մոտ  եւս արդեն զգացվում է նմանօրինակ օթեւանների, տների պահանջ, միայն մենք դեռ չենք ուզում գիտակցել եւ խոստովանել: Դա հարիր չէ, օտար ու խորթ է հայի հոգեկերտվածքին։ Բայց։

Մարդկությունն այսօր վկա է գիտության ու տեխնիկայի աննախընթաց զարգացման, շատ ավանդական հարաբերություններ   հիմնիվեր փոխվում են։ Առաջընթացը, շատ դեպքերում բարենպաստ հնարավորություններ ընձեռելով մարդուն, երբեմն նրան  օտարում է բարոյականության, ավանդապահության սկզբունքներից, հեռացնում հոգեւոր ոլորտից, դեպի մերձավորն ունեցած սիրուց, հավատքից։ Զարգացման այս ճանապարհին տուժում են նաեւ ազգային սրբությունները, համամարդկային ճշմարտություններ, բարոյական չափանիշներ՝ մարդու առաջ դնելով երբեմն անլուծելի թվացող խնդիրներ։ Բայց հաղթահարելով հոգեկան ու մտավոր այլազան հակումները՝ մարդը շարունակում է ապրել՝  փորձելով քայլել հարափոխ ժամանակներին համընթաց, ընդունել մարդկային հարաբերությունների նոր ձեւաչափերը՝ համարելով դրանք օրինաչափ ու բնական, այսինքն՝ փոխել մտածողությունը եւ կենսակերպը։ Կյանքի հարահոս անընդհատ գետը բերում- հասցնում է մի կետի, ուր մարդկային բազմաբնույթ հարաբերությունները, օրվա խելակորույս վազքը մարդուն հեռացնում է հարազատներից, կենդանի շփումն ու հաղորդակցումը դառնում է ոչ հաճախ։ Հենց սա էլ այն հիմքն է, որ զգացնել է տալիս յուրօրինակ կառույցի, օջախի, օթեւանի անհրաժեշտությունը, ուր կանցկացնեն իրենց մնացյալ կյանքը տարեց մարդիկ, թեեւ, անշուշտ, մենք այդ չենք ուզում, ավելի ճիշտ չենք համարձակվում խոստովանել՝ անկախ սոցիալական վիճակից։ Փորձենք հիմնավորել։

Կյանքի մայրամուտն (70-ից սկսած) ապրող մարդը թերեւս մեր հասարակության ամենաչպաշտպանված խավն է։ Դրանում կհամոզվենք, եթե մեկ անգամ եւս նայենք մեր շուրջը: Անկախ սոցիալական աստիճանից՝ ընտանիքում կամաց-կամաց «չնկատվող» է դառնում տան Մեծը։ Եվ դա ունի իր բացատրությունը, կան եւ սուբյեկտիվ, եւ օբյեկտիվ պատճառներ, այսպես՝  բազմանդամ ընտանիքի օրինակով՝ հայրը եւ մայրը աշխատում են, զավակները սովորում կամ աշխատում, այսինքն՝ տանից դուրս են գալիս առավոտից եւ բնականաբար՝ ուշ վերադառնում. աշխատանքից հետո՝  խանութ, սրճարան, ընկերներ: Վերադառնում են ուշ, կարճ երկվայրկյան «նկատում»՝ մեկ-երկու բառ փոխանակում եւ ապա՝  համակարգիչ, հեռուստացույց կամ մեկ ուրիշ զբաղմունք։ Այսօրվա երեխային, երիտասարդին այլեւս հետաքրքիր չեն մեծերի զրույցները, տատիկների, պապիկների հետ «գլուխ չունեն», լավագույն դեպքում մեկ անգամ կզբաղվեն՝ թղթախաղով, նարդիով, իսկ նրանց պատմություն-հիշողությունները (ո՛վ է լսում), խոստովանենք, նստում-լսում են բացակա հայացքով եւ անկապ գլխով անում։ Տատիկ-պապիկները դա նկատում են եւ… : Քաղցր հիշողություն է արդեն այսօր միասին ճաշի, էլ չեմ ասում իրիկնահացի նստելը (լսում եմ Համո Սահյանի մրմունջը. «Ժամն է իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի» եւ Թումանյանի ծերուկի հառաչանքը. «Մեր հին ադաթից զրկվել ենք ընկել, Նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել»): Տխուր է, բայց այլեւս իրողություն. եւ կրկին կա բացատրություն՝ նախ այդ ժամին բոլորը տանը չեն, ում երբ հարմար է, ոնց պատահի, իսկ երիտասարդները հիմնականում դրսում են սնվում։ Օրվա այս ռեժիմը նույնն է՝ անկախ սոցիալական վիճակից։   Ինչ անի, ինչով լցնի ամբողջ կյանքը ապրած, վաստակած մարդը, ինչով զբաղվի  (նկատենք՝  չկա  համապատասխան աշխատանք կամ զբաղմունք, ում հետ կիսվի)։

Կամ հարազատները՝ որդին, աղջիկը արտասահմանում են ապրում, աշխատում, տանը ծերուկները մենակ են, առավել դժվար է, երբ միայնակ տատիկ կամ պապիկ է տանը բնակվում։ Դրսից ուղարկվում է գումար, բայց դա, անշուշտ, հեռու է բավարար լինելուց։ Առավել բարդ է, եթե տարեցը հիվանդ է. խնամել, հոգ տանել, ժամանակին դեղերը, սնունդը հրամցնել, խոսել հետը, զբոսնել: Տանը բոլորը զբաղված են, կամ էլ՝ չեն կարող ֆիզիկապես։

Ճիշտ տարբերակը տարեցների համար հատուկ օթեւաններ ունենալն է. եկել է անկեղծ խոստովանելու ժամանակը, օթեւան, ուր մեկ հզոր ընտանիքի նման կապրեն տարեցները, կապրեն իրենց սերնդակիցների հետ հանգիստ, խաղաղ (ճիշտ կազմակերպված), հետաքրքիր օրակարգով։ Դա կլինի ոչ թե տխուր ու ցավագին (ինչպես այսօրվա ծերանոցներում է) մի օթեւան, այլ մի այնպիսի, ուր ծերությունը կոսկեւորվի։ Այդտեղ գնալը այլեւս ամոթալի, ծանր ապտակ չէր լինի ոչ ծնողի, ոչ էլ զավակի համար։ Միանգամից հարցերի հեղեղ՝ ով կտանի իր հորը, կամ մորը, ով կհամաձայնվի, խայտառակ ենք, ինչ կասեն մարդիկ… Այո, առաջին հայացքից սա մեր հայկական հոգեկերտվածքին խորթ է, օտար, մեզ համար դժվար, անըմբռնելի եւ անընկալելի է։ Բայց հապա մեր շուրջը նայենք՝ ինչքան մեզ համար անընկալելի երեւույթներ, գործառույթներ կան, որ այսօր արդեն սովորական են դարձել, այսպես՝  կարող էր խորհրդային տանտիկինը մաքրուհի կամ երեխաների համար խնամող, դաստիարակ ունենալ (ով իր երեխային, բարուրից սկսած, կվստահեր օտար կնոջ, ես նման բան չեմ հիշում), գուցե, ինչպես ասում են, ընդհատակյա եղել է, բայց այսօր համատարած է:

Այս  եւ էլի շատ բաներ գումարելով` արդյունքում ստանում ենք խոստովանություն, այո, մենք եւս, ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում, պետք է ունենանք յուրատեսակ օջախ, օթեւան՝ «Օթեւան ծերաց», կամ «Ծերատուն»  (մեր այսօրվա մոդայիկ ու ցանկալի  բառով՝ էլիտար օթեւան), ուր կկարողանան մեր տարեցները իրենց ցանկությամբ   մնացյալ կյանքը կամ մի որոշ շրջան անցկացնեն այդ օթեւանում  (վճարելով եւ համապատասխան պայմանագիր կնքելով)։

Եվ այդուհետ այլեւս իրիկնահացին տխրությունը չի փոխվի լացի…

ԳԱՅԱՆԵ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 բանասիրական

գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031