Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեգենդար մարդ է Չանչուրյանը»

Հոկտեմբեր 02,2013 13:10

Այսօր Ազգային օպերային թատրոնում Հայաստանի պարի պետական անսամբլը  հանդես կգա իր պարացանկի լավագույն համարներով՝ նվիրված անսամբլի հիմնադիրներից՝  հայկական ժողովրդական  պարարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Չանչուրյանի 75-ամյակին: Մինչ անսամբլի ելույթը՝ կկայանա   անվանի արտիստին նվիրված ֆիլմի ցուցադրությունը:

«Առավոտը» հանդիպեց ՀՀ վաստակավոր արտիստ, Պարի պետականի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանի հետ: Դիտարկմանը, թե մինչ օրս Սուրեն Չանչուրյանի  մասին խոսելիս, առաջին հերթին նշվում է  նրա՝ անգերազանցելի պարագլուխ լինելու փաստը: Մեր զրուցակիցը փաստեց, որ իսկապես 1958 թվականից 25 տարի լինելով Պարի պետականի առաջատար մենապարող՝ Չանչուրյանը միեւնույն ժամանակ իր մարդկային հատկություններով ու առնական արտաքինով էր պատկառազդու:

Պարոն Կարապետյանը ափսոսանքով հիշեց, որ ընդամենը մեկ տարի է իրեն բախտ վիճակվել Չանչուրյանի հետ բեմ բարձրանալ, հետո գնացել է բանակ, այնուհետեւ աշխատել Երգի-պարի անսամբլում: «Լեգենդար մարդ է  Չանչուրյանը: Մինչ օրս ականջիս են նրա խոսքերը, թե քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ իրենց բանահյուսությամբ, որն այդքան հմայիչ է, այդքան պարզ ու անսահման անկեղծ: Ասում էր, թե՝ ախր հայկական պարին հարիր բեմադրություններ պետք է իրականացնել: Բախտավոր արվեստագետ էր, նա շփվեց հայկական պարարվեստի երախտավորներ Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, Իլյա Արբատովի, ի վերջո՝ Վանուշ Խանամիրյանի հետ»,- հիշեց մեր զրուցակիցը: Պարոն Կարապետյանը նշեց, որ 1995թ., երբ 2 տարի  Սուրեն Չանչուրյանն անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր, իրեն հրավիրել է բեմադրություններ իրականացնել, սկզբում աշխատել է որպես փորձավար ու բեմադրիչ, հետո արդեն գլխավոր բալետմայստեր: « Յուրաքանչյուր բեմադրություն («Քոչարի», «Զարթոնք», «Ցնծության պար» եւ այլն) նախաձեռնելիս Չանչուրյանը մշտապես խորհրդակցում էր, հիշում, թե հատկապես այն ո՞ր տղամարդկանց կրակոտ ու կանացի քնարական պարային համարներն են ժամանակին առանձնապես դուր եկել, ասենք, Լատինական Ամերիկայում, եվրոպական երկրներում, մի խոսքով՝ աշխարհի հանդիսականին, ոչ միայն սփյուռքահային: Սիրում էր անընդհատ կրկնել, թե բարդ է եւ բեմադրելը, եւ պարելը, քանի որ մեկ համարը, որ տեւում է ընդամենը մի քանի րոպե, արտահայտում է մեր ժողովրդի անցյալը, ներկան, մաքառումները, երազանքներն ու ձգտումները, ինչպես նաեւ իմաստնությունն ու գեղեցիկի զգացումը: Բաժակ բարձրացնելիս, կենաց ասելիս էլ չէր մոռանում պարը, կրկնում էր, որ այն գեղեցիկի ինքնատիպ աշխարհ է»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում պարոն Կարապետյանը հիշեց նաեւ 90-ականները՝   հենց այդ ժամանակ էր Չանչուրյանը ղեկավարում Պարի պետականը: «Չանչուրյանի հետ ապրեցինք նաեւ ծանր օրեր. երկրաշարժ, Արցախ, անկախ պետականության կայացման շրջան, բայց Չանչուրյանի նվիրվածությունն անսահման էր: Հենց Չանչուրյանի անմիջական ղեկավարությամբ ու  պատասխանատվության խոր գիտակցումը դեպի ժողովրդական մշակույթը՝ ոտքի կանգնեցրեց Պարի պետականը: Այս տարի էլ ոչ միայն մեր մաեստրոյի 75-ամյակն է, այլեւ մեր անսամբլի 55-ամյա հոբելյանը»,- ասաց Ասատուր Կարապետյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031