Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Քոչարյանը որոշի վերադառնալ մեծ քաղաքականություն, անձամբ կհայտարարի. Վիկտոր Սողոմոնյան

Հոկտեմբեր 02,2013 12:57

2rd.-amի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ

Պարոն Սողոմոնյան, վերջին տարիներին էլեկտրոնային և տպագիր մամուլում այս կամ այն ձևով գրեթե ամեն օր արծարծվում է նախագահ Քոչարյանի անունը, սա նորություն չէ: Բայց անցած մի քանի օրերին մեկը մյուսի ետևից նրան առնչվող ակնհայտ բացասական երանգավորմամբ մի քանի հոդվածներ ու նյութեր հրապարակվեցին: Արդյո՞ք Ձեզ չի զարմացնում այս հանգամանքը, հատկապես հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես անցած հինգ տարիներին, այնպես էլ այսօր քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում: Ինչո՞վ եք պայմանավորում այս փաստը:

Առիթ ունեցել եմ ասելու, որ քաղաքական դաշտում և ԶԼՄ-ներում նախագահ Քոչարյանի հանդեպ գրեթե երբեք չդադարող հետաքրքրությունը զարմացնել չի կարող, թեկուզ միայն այն պատճառով, որ նրա պաշտոնավարման արդյունքներն ու ցուցանիշերը մինչ օրս ավելի շուտ և ավելի շատ արդիական քաղաքական գործոններ են, քան լոկ պատմություն: Սա ընդհանուր առմամբ: Իսկ թե ինչով է պայմանավորված առանձին թերթերի և կայքերի վերջին օրերին արձանագրված այդ “սև” ուշադրությունը՝ կարող եմ միայն ենթադրել: Կարծում եմ, դրա համար պատճառ է հանդիսացել վերջերս ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կողմից արված այն հայտարարությունը, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել, իսկ Սերժ Սարգսյանինը` ոչ:

Ըստ էության, Զուրաբյանն իր կարծիքն է հայտնել մի կոնկրետ հարցի մասին, և դա, բնականաբար, իր իրավունքն է: Ի դեպ, մեզ համար դա անակնկալ էր, որովետև սովոր չենք ՀԱԿ-ից դրական գնահատականներ լսել: Եթե հիշում եք, ես նույնիսկ հրաժարվել էի մեկնաբանել նրա հայտարարությունը: Բայց մեր մամուլում այդ իրադարձությունից հետո մի անհավանական ներկայցման մեկնարկ տրվեց, որին հետևելիս զարմանքի բազում պահեր եմ ապրել. իսկական փոթորիկ մի բաժակ ջրում: Մի շարք կայքերում և թերթերում վերլուծականների տարափ սկսվեց: Լրագրողներն ու քաղաքագետները սկսեցին գոյություն չունեցող, երևակայական թիմեր ու դաշինքներ ձևավորել և նույնիսկ մատնանշեցին նրանց՝ իշխանության դեմ միասնական պայքարի ձևերն ու մարտավարությունը: Մի շարք այլ կայքեր ու թերթեր սկսեցին պայքարել այդ նոր “միավորման” դեմ, ընդ որում, միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու անհայտ տեղեկությունների հիման վրա կենտրոնական դերերում տեսնելով առաջին և երկրորդ նախագահներին: Հետո այս խառնաշփոթում տարբեր համատեքստերով հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի ու Սամվել Ալեքսանյանի անունները, գործը հասավ “դաշինքների” բախման հետևանքով հնարավոր աշխարհաքաղաքական ցնցումներին, տարածաշրջանային վայրիվերումներին և այլ դժբախտություն-ների:

Այս ամենը գուցեև ընդամենը զվարճանքի առարկա լիներ, մեկ էլ, իհարկե, զարմանքի, որովետև օրեցօր մամուլից էինք տեղեկանում, թե իրականում ինչ գործընթացներ ենք նախաձեռնել ու ինչ անհնար դաշինքներում հայտնվել: Բայց, ցավոք, այս ամենը մամուլի էջերում հետզհետե /արդեն շուրջ երկու շաբաթ/ ձեռք է բերում հիմնական քաղաքական գործընթացի հավակնություն, ինչն ինքնին որպես երևույթ առավել տարօրինակ է, հատկապես այսօր, երբ Հայաստանում ամենևին էլ նախընտրական շրջան չէ: Գուցե հիասթափեցնեմ շատերին, բայց պետք է հայտարարեմ հետևյալը. այս իրարանցումն արհեստածին է, այն չունի որևէ իրական հիմք, ոչ էլ որևէ առնչություն ունի մեզ հետ: Թերևս, սա հակընդդեմ հայացքներ ունեցող լրատվամիջոցների՝ մեկ ընթացիկ հայտարարությունից արհեստական քաղաքական գործընթաց ձևավորելու դասական օրինակ է:

Մի խոսքով, կարծում եմ սա է Ձեր նշած հրապարակումների ի հայտ գալու պատճառը:

Ինչ վերաբերում է վերը նշված գործընթացի հետ կապ չունեցող այլ սակավաթիվ հրապարակումներին, այսպես կոչված “կոմպրոմատին”, ապա թերևս նկատել եք, որ վերջերս մենք հազվագյուտ ենք արձագանքում դրանց: Միայն այն ժամանակ, երբ որևէ հոդված ակնհայտ վիրավորանք ու զրպարտանք է պարունակում Ռոբերտ Քոչարյանի կամ իր ընտանիքի անդամների հասցեին:

Ինչո՞ւ:

Չենք տեսնում դրա իմաստը: Եթե փորձեք վերլուծել վերջին տարիներին հրապարակում եղած այդ “կոմպրոմատային” փաթեթի բովանդակությունը, ապա կտեսնեք, որ այն ամբողջությամբ հիմնված է կեղծիքի, նենգափոխության ու ամենապրիմիտիվ ստի վրա: Ունեմ բոլոր հիմքերը կարծելու, որ մեր հանրությունն արդեն վաղուց հասկացել է դա: Նախագահ Քոչարյանին կամ նրա ընտանիքին վարկաբեկող որևէ փաստի բացակայության պայմաններում պատվիրատուները, սովորաբար, սահմանափակվում են ամենաէժան հնարքներով, որոնց կարող են հավատալ թերևս միայն անհույս հիմարները: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ այդ պատվիրատուներին պատկանող /կամ նրանց ազդեցության տակ գտնվող/ լրատվամիջոցները աղաղակում են ինչ-որ թալանված միլիարդների, սեփական գործարանների ու բուժհիմնարկների, գնված կղզիների, գերշահութաբեր բիզնեսների ու էլ Աստված գիտի, թե ինչի մասին, բայց այդպես էլ որևէ կոնկրետ փաստ մատնանշել չեն կարողանում: Պարզապես չկա նման որևէ մի փաստ և բոլորս էլ ստիպված ենք ընդունել սա: Հետևաբար, ամեն հերթական կամ հիմնավորապես ծեծված կեղծիքին արձագանքելու իմաստը չենք տեսնում: Իսկ ահա, երբ մամուլում ի հայտ է գալիս փաստի հավակնություն ունեցող վիրավորանք կամ զրպարտանք, ապա մենք հերքման պահանջով նախ դիմում ենք լրատվամիջոցին, իսկ վերջինիս չհամաձայնվելու դեպքում՝ դատարան: Արդյունքում լրատվամիջոցը ստիպված է լինում մեծ տուգանք վճարել, ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից ու համապատասխան հերքում տպագրել:

Ընդամենը մի քանի օր առաջ նման մի հերքում էր հրապարակել “Հրապարակ” օրաթերթը, բայց կարծես թե դա չէր արվել դատարանի որոշմամբ:

Դուք իրավացի եք: Բանն այն է, որ օգոստոսի 21-ին “Հրապարակ” օրաթերթում մի անանուն, ասյպես կոչված <բաց նամակ> էր հրապարակվել, որում Բելա Քոչարյանին առնչվող տեղեկություններն ամբողջովին չէին համապատասխանում իրականությանը: Քոչարյանների ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական գրասենյակը դիմել էր թերթի խմբագրին և առաջարկել հերքում տպագրել: Խմբագիրն, ըստ ամենայնի, հասկանալով, որ դատարան հասնելու դեպքում գործը տանուլ է տալու՝ անանուն հոդվածում ակնհայտ կեղծ տեղեկություն տպագրելու համար, հրապարակել է ձեր նշած հերքումը, սակայն արել է դա իբր “բաց նամակի” հեղինակի անունից: Թեև սա չի հանդիսանում մեր պահանջի լիարժեք կատարումը, քանի որ, ըստ ՀՀ օրենսդրության, անանուն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում դրա հրապարակողը, այս դեպքում՝ “Հրապարակ” օրաթերթը, սակայն մենք որոշել ենք ներողամտություն ցուցաբերել և չդիմել դատարան: Ի վերջո, մեր նպատակն էր վերականգնել արդարությունը, այլ ոչ թե բարդ բարոյական ու ֆինանսական կացության հասցնել այդ լրատվամիջոցին:

Անցած շաբաթ թերթերից մեկը շուրջ երկու տարվա վաղեմության մի հոդված էր հրապարակել՝ վերաշարադրելով Վիքիլիքսյան նյութերից մեկը: Այդտեղ ասվում է, որ ըստ ԱՄՆ դիվանագետների զեկույցներից մեկի, Ռոբերտ Քոչարյանը հսկա ֆինանսական բուրգ է ղեկավարում Հայաստանում: Չե՞ք արձագանքելու այս հոդվածին:

Ոչ: Ժամանակին ես արդեն արձագանքել եմ վիքիլիքսյան հրապարակումներին, այդ թվում և այդ հրապարակմանը: Ընդամենը հիշեցնեմ. ասել էի, որ “Վիքիլիքսի” բացահայտումները բազմաթիվ պատճառներով չեն կարող դիտարկվել որպես վերջին ատյանի ճշմարտություն: Ինչ վերաբերում է նշված հոդվածի հիմքում ընկած զեկույցին, ապա ակնհայտ է, որ այն կազմված է մամուլում շրջանառության մեջ եղած բամբասանքներից՝ առանց որևէ փաստական հիմքի: Թե որքանով է հարիր նման գործելաոճը դիվանագետին՝ թողնում եմ դա ԱՄՆ այդ ժամանակվա դեսպանի խղճին:

Իսկ տարիների վաղեմություն ունեցող նյութի հրապարակման փաստը վերոնշյալ երևույթի լավագույն օրինակն է. Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկող փաստերի բացակայության պայմաններում մեր “բարեկամները” ստիպված են կամ նոր ստեր հորինել, կամ վերադառնալ հին ստերին:

Մամուլում շատ են շրջանառվում նաև մոտ ապագայում նախագահ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: Որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը:

Այդ լուրերը շրջանառության մեջ են ավելի քան հինգ տարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից սկսած: Միայն մեկ բան կարող եմ վստահորեն ասել. եթե Ռոբերտ Քոչարյանը որոշում կայացնի վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա ինքն անձամբ, իրեն բնորոշ պարզ ու շիտակ ձևով կհայտարարի դրա մասին: Պետք չէ դավադրություններ, խարդավանքներ ու գաղտնի գործընթացներ փնտրել այստեղ, անիմաստ զբաղմունք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031