Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության վերնագրերը. «Մոսկովյան պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին հերձվածողների հետ սատարել է Ուկրաինայի «եվրաինտեգրմանը»: Վերջին բառը վերցրած է չակերտների մեջ: «Կյանք առանց իշխանության եւ երկրի վաճառքը մաս-մաս. Ուկրաինայի վերջին շաբաթվա իրադարձությունները»: «Ուկրաինական ճգնաժամ. Յանուկովիչի հայրենիքում վերջին մեկ տարվա ընթացքում 50 հազար մարդ կորցրել է աշխատանքը»: Մի խոսքով՝ մի խմիր այդ (եվրոպական) ջուրը, (ուկրաինացի) եղբայր, այծիկ կդառնաս: Այդ ֆոնի վրա՝ «Արեւմտամետ ընդդիմության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանում ռուսաստանցի սահմանապահների նկատմամբ սադրանք է սարքել»: Այսինքն՝ նրա «սադրանք սարքելու» գլխավոր պատճառը արեւմտամետ լինելն էր:
Խնդիրն, իհարկե, «Ռեգնումը» չէ՝ ամեն մի լրատվամիջոց կարող է քարոզել այն գաղափարները, որոնք իրեն դուր են գալիս: Խնդիրը նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանի վերաբերմունքն է նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ՝ հավելյալ ապացույցներ պետք չեն, որ այդ վերաբերմունքը, մեղմ ասած, հարգալից չէ: Շատ ավելի մտահոգիչ է այն, որ այդ հանրապետությունները, Հայաստանը՝ ներառյալ, դառնում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակադրության, կոնֆրոնտացիայի առարկա: Մինչդեռ կոնկրետ մեզ՝ հայաստանցիներիս, շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե նրանք այս հետխորհրդային տարածքում համագործակցեին: Իսկ այս հակամարտությունը մեր քաղաքական ուժերին է դրդում «իրար վրա գործ տալ»՝ թե ով է ծպտյալ կամ բացահայտ ռուսամետ կամ արեւմտամետ:
Այդ «գործ տալուն» զուգահեռ քաղաքական ուժերը՝ բոլորն անխտիր, կուրծք են ծեծում, թե իրենք «հայամետ» են ու «հայակենտրոն»: Դե, որ այդպիսին եք, բացառեք Մոսկվան, Բրյուսելը եւ Վաշինգտոնը՝ իշխանության գալու կամ իշխանության ղեկին մնալու ձեր հաշվարկներից, իրարից մի բամբասեք այս կամ այն երկրի դեսպանի մոտ, հրապարակային կամ փակ ելույթներում մի ակնարկեք, որ դուք ավելի լավ եք ծառայելու այս կամ այն ուժային կենտրոնին:
88 թվականին ՀՀՇ-ն առաջ էր քաշել երրորդ ուժի բացառման սկզբունքը (որից, ճիշտ է, շատ արագ հրաժարվել էր՝ պատերազմ էր): Գաղափարն այն էր, որ եթե դու ունես որեւէ խնդիր մի երկրի կամ ժողովրդի հետ, ապա դու պետք է փորձես այդ խնդիրը լուծել հենց նրա հետ՝ ուրիշ տեղից «տղա չկանչելով»: Հիմա, կարծում եմ, ավելի ակտուալ է «երկրորդ ուժի բացառումը», այսինքն՝ ներքաղաքական խնդիրներում պետք է հույս դնել միայն սեփական երկրի քաղաքացիների վրա եւ միայն այդ ճանապարհով հարաբերություններ պարզել քո քաղաքական հակառակորդների հետ: Մենք բոլորս այստեղ՝ Հայաստանում, ինչ-որ առումով «մի ուժ ենք»: Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների սրման պայմաններում այդ սկզբունքը խիստ արդիական է դառնում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թե ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանը նախկին հանրապետությունների նկատմամբ, ակնհայտորեն երևում է համատեղ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների կատգավիճակից. մի կողմից վարչապետ, մյուս կողմից նույնիսկ ոչ փոխվարչապետ, այլ ընդամենը տրանսպորտի նախարար: Այսպիսին է լինելու Հայաստանի կարգավիճակը այս “Ասիամիությունում”, որը իբր Եվրամիության” տեսակ է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում:
Այո,այդպիսին կլինի ու կա այն երկրի կարգավիճակը,որտեղ իշխանությունը զավթված է բանդիտական ուղղվածության խունտայի կողմից:
…իհարկե արդիական են, բայց դրանք երբ արդիական չեն եղել? Հարգելի Արամ, թույլ տվեք մի դիտարկում անել, ,,…մետությունները” վերջին 20-25 տարիների ընթացքում միշտ էլ առկա են եղել հանրապետության հասարակա-քաղաքական մշակույթում, այլ հարց է, թե դրանք երբ են սրվում: Դիցուք վերջին սրացումը տեղի ունեցավ Ձեզ հայտնի Մոսկովյան հանդիպումից հետո, որտեղ հասարակ քաղաքացու կարծիքով տեղի ունեցավ հայաստանցիների համեստ մասի սեփականությունն հանդիսացող, իր մեջ արևմտյան մտածելակերպ ու ապրելակերպ պարունակող ,,արժեթղթերի վաճառք” (թե ինչ գնով, դեռ ճշտվում է): Ահա և բողոքում են ահել, ջահել… ով ինչպես կարող է: Դե մենք միասին արդեն վաղուց հասկանում ենք, որ երրորդ ուժից հրաժարվել չենք կարող, (վկան` Մոսկովյան անակնկալը) ու Դուք առաջարկում եք «երկրորդ ուժի բացառումը», այսինքն՝ ներքաղաքական խնդիրներում պետք է հույս դնել միայն սեփական երկրի քաղաքացիների վրա եւ միայն այդ ճանապարհով հարաբերություններ պարզել քո քաղաքական հակառակորդների հետ: Դուք ում նկատի ունեք? չճշտված ընտրազանգվածին, թե այն քաղաքացուն, ով իսկապես ,,սեփականացված” է ու օժտված բազմաթիվ բացահայտ ու լատենտ արտոնություններով (կներեք, ես նկատի չունեմ ԱԺ վերջին քվեարկության ,,բոցը”): Իմ համեստ կարծիքով, խիստ արդիական է զարգացող հասարակության ձգտող քաղաքացիների մարող հույսի վերականգնումն ու ռեանեմացիան, և եթե միայն Եվրոխորհրդում սկանդալ սարքող պատգամավորի վարքով եք պայմանավորել ,,երկրորդ ուժի բացառման” առաջարկը, ապա դա լոկ լավ ցանկություն է: Եկեք անկեղծ լինենք, ակցիան իրոք անդուր էր…բայց հիմա շատերն են խճճվել ու շփոթվել նմատիպ ակցիաներից (հիմա արդեն ոչ միայն ընդիմության): Ահա և ձեզ ,,երկրորդ ուժի բացառմանը” հակակշռող հարթությունը կամ որ նույնն է` անհարթությունները: Իմ փորձն ինձ հուշում է, որ ոչինչ բացառված չէ, հարգելի Արամ, հենց այդ պատճառով է, որ մեզանում առաջ են գալիս զարգացող հասարակությանը խորթ խաղարկային կանոններ, իսկ կանոնները մշակվում են ոչ բնակհաստատություններում: Տարօրինակն այն է, որ տուժում են բոլոր հաստատությունները, իսկ ավելի շատ պետականությունը:
Հարգանքներով` Գ. Արամյան
Ցավն այն է,որ այդ ամենին քաջատեղյակ լինելով,շարունակում ենք պարել նրանց՛ հակամարտող կողմերի թելադրած եղանակի տակ,ինչը շատ վտանգավոր է,քանզի պառակտում է մեզ ու պառակտված հատվածներն միմյանց դեմ լարում;Այդպես եղավ նաեվ Կիլիկյան Հայաստանում,մենք րույլ տվեցինք,որ մեզ տարափեղկեն ունիթորների ու հակաունիթորների ,դա լրջորեն րուլացրեց մեզ եվ ի վերջո կորցրեցինք պետականությունը;