Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է կայացվել ՄՄ-ին անդամակցելու որոշումը

Հոկտեմբեր 02,2013 12:26

Եթե «չեն հրավիրել», արժե՞ր ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հօդս ցնդեցնել

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում երեկ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին ԵԽԽՎ պատվիրակները հարց են ուղղել այն մասին, որ ՌԴ-ն ճնշում է գործադրում նախկին խորհրդային երկրների նկատմամբ՝ սահմանափակելով նրանց՝ ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը։ Նարիշկինը հակադարձել է. «ՌԴ-ն, ինչպես նաեւ ՄՄ-ին անդամակցած երկրները` Բելառուսը, Ղազախստանը, շահագրգռված են նրանով, որ այդ տնտեսական միությունն ավելի լայն լինի», ապա հավելել է, թե ի վերջո՝ ՄՄ-ին անդամակցող երկրները, ինչպես նաեւ Ուկրաինան ինքնիշխան պետություններ են, եւ նրանց ղեկավարներն ու հասարակությունն իրենք են որոշում՝ ուր մտնել, ինչ որոշում կայացնել. «Ճնշման մասին խոսք լինել չի կարող, ՌԴ-ն ընդամենը այդ երկրներին ներկայացրել է, թե ինչ կարող են շահել ՄՄ-ին անդամակցելով եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը»:

Այսինքն՝ անուղղակիորեն ռուս պաշտոնյան հաստատել է «հետեւանքների» մասին ակնարկելով, որ ճնշումներ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Երեկ, սակայն, վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում «հիմնարար նշանակություն ունեցող» իրադարձություն է որակել ՄՄ մուտք գործելու Հայաստանի որոշումը: «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված եւ կշռադատված քայլ է»,- նշել է նա՝ հավելելով. «Դրա հետեւում մի կողմից՝ կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին։ Ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա»:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ վարչապետը մինչեւ Հայաստանի՝ ՄՄ մուտք գործելու անակնկալ հայտարարությունը գրեթե ապացուցում էր հակառակը ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցելն անիմաստ գնահատում: Սակայն երբ իշխանությունները պնդում են, թե ՀՀ-ին ոչ ոք ՄՄ «չի հրավիրել», ապա պարզ հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է կայացվել ՄՄ-ին անդամակցելու որոշումը: Եթե առհասարակ նման ուսումնասիրություն կա, որը ապացուցում է ՀՀ-ի շահը, եւ որ այն ավելի գերակայող է ՄՄ-ին անդամակցելով, քան, օրինակ, ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եւ ԵՄ-ի ազատ շուկա մուտք գործելը, ապա գուցե ՀՀ իշխանությունները վերջապես ներկայացնե՞ն այդ տվյալները հանրությանը:

Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ Հայաստանին ոչ ոք ՄՄ «չի հրավիրել»… Այսինքն՝ Հայաստանը, լինելով ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը, իրեն պարտադրվա՞ծ է զգում ներկայացված լինել ՌԴ-ի ծրագրած ցանկացած պրոյեկտի մեջ, անկախ նրանից՝ դա կենսունակ կառույց է դառնալու, թե ոչ:

Բացի այդ, ամենապարզ հարցը, որ ծագում է մարդու ուղեղում, սա է՝ եթե չեն հրավիրել, արժե՞ր ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հօդս ցնդեցնել եւ առանց հրավերի մտնել Մաքսային միություն, որի ապագան արդեն իսկ լուրջ կասկածներ է հարուցում։

Ինչպես օրերս հայտնում էր News.am-ը՝ հղում անելով «Ռոսբալտ»-ին, Ղազախստանում լայնածավալ քարոզարշավ է սկսվել ՄՄ-ից երկրի դուրս գալու կապակցությամբ: Ակտիվիստները պահանջում են հանրաքվե անցկացնել եւ Ալմաթիում նախաձեռնող խմբի հավաք են իրականացրել, որին մասնակցել է մոտ 500 մարդ: Այժմ ՄՄ-ից Ղազախստանի դուրս գալու կողմնակիցները պետք է հավաքեն 200 հազար ստորագրություն, որպեսզի դիտարկվի հանրաքվեի անցկացման հարցը: Հասարակական գործիչները, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները իշխանություններին ուղղված կոչ են հրապարակել՝ Եվրասիական միությանն անդամակցելուց հրաժարվելու: Մեծ ակտիվությամբ են առանձնանում երիտասարդները: Նրանց կարծիքով՝ Եվրասիական միությանը Ղազախստանի անդամակցությունը «մեծ սպառնալիք է  ղազախական պետականության համար» եւ տնտեսական կամ քաղաքական որեւէ շահույթ չի բերի հանրապետությանը:

Ղազախստանի էկոնոմիկայի եւ բյուջետային պլանավորման փոխվարչապետ Թիմուր Ժակսըլըքովը նշել է, որ հանրապետությունը ինտեգրացիոն գործընթացներից ակնկալել է իր ապրանքների սպառման մեծացում, զբաղվածության «կատաղի» աճ եւ արդյունաբերական հզորությունների գործարկում, բայց դա դեռեւս տեղի չի ունեցել: Իսկ ֆինանսների նախարար Բոլաթ Ժամիշեւն արձանագրել է, որ ղազախական արտադրանքի արտահանումը ՌԴ եւ Բելառուս էապես կրճատվել է, եւ Մաքսային միության ստեղծումից հետո առեւտրային սալդոն փոփոխվել է ի վնաս Ղազախստանի: Եվ այժմ առաջ է գալիս նաեւ ՄՄ-ն առավել թույլ տնտեսական խաղացողներով համալրելու նպատակահարմարության հարցը, ինչպիսիք են Ղրղըզստանն ու Հայաստանը: Չե՞ն նստի նրանք ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի վզին, որոնց տնտեսական ներուժը առանց այդ էլ նվազում է, եւ «թույլերի» ֆինանսատնտեսական ճգնաժամը արդյոք չի՞ ազդի ՄՄ առավել ուժեղ անդամների բարեկեցության վրա, ինչպես Հունաստանի վիճակը՝ ԵՄ-ի ընդհանուր վիճակի վրա:

Իսկ երկու շաբաթ առաջ «Da Vinci AG» վերլուծական խմբի զեկույցի փորձագետները փաստել էին, որ իրավիճակը սրվել է ՄՄ-ի գյուղատնտեսական մեքենաշինության շուկայում, որտեղ բելառուսական արտադրողները գրեթե դուրս են մղել ռուսական գործարանները եւ արգելափակում են բարձր որակի արտաքին սարքավորումների սակագների նվազեցման որոշումը. «Ռուսական ընկերությունների առաջարկները խտրականությամբ մերժվում են մրցույթի էտապում կամ մնում են չպահանջված բելառուսական կողմի համար՝ «սարքավորումների պահանջարկի բացակայության» պատճառաբանությամբ: Ռուս մեքենաշինարարները բախվել են Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում գործող պետական եւ քաղաքային գնումների համաձայնագրի հիմնարար սկզբունքների խախտումներին եւ մրցույթներին մասնակցելու բելառուսական կողմի չկամությանը»,- ասվում է «Da Vinci AG»-ի զեկույցում՝ նշելով, որ արդյունքում այս տարի փակման մասին հայտարարել են Կրասնոյարսկի կոմբայնի եւ «Լեսելմաշ» (Կրասնոդար) գործարանները, որի պատճառով կրճատվել է ավելի քան 1000 աշխատատեղ: Բացի այդ, նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մերժել է Ղազախստանին այս երկիր մաքսային հին սակագներով կոմբայն ներմուծելու հատուկ քվոտա սահմանել՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը ցորեն կալսող կոմբայնների արտահանման սակագնային քվոտաներ սահմանելու համար նպատակահարմար չէ: Փորձագետները պնդում են, որ նմանատիպ խտրականություններ գոյություն ունեն նաեւ այլ ոլորտներում: Զեկույցում ասվում է նաեւ, որ ՌԴ-ում համազգեստներ արտադրելու համար գործվածքների ձեռք բերումը սահմանափակելու փորձեր են եղել, իսկ Բելառուսում նմանատիպ դեպքեր եղել են պետական պատվերով շինարարության ոլորտում, եւ ըստ Ղազախստանի բիզնեսի ներկայացուցիչների՝ սննդի վերամշակմամբ զբաղվող որոշ ձեռնարկություններ ռուսական շուկա մտնելու հնարավորություն չունեն, քանի որ կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

Սրանք են ՄՄ-ի շուրջ վերջին զարգացումները: Թե ՀՀ իշխանությունները ինչ «հիմնարար նշանակություն ունեցող» իրադարձություն են տեսնում այս ամենում, ՄՄ-ի հետեւում ինչ «պատմական փորձի» եւ մեր երկրի «ազգային շահերին» համապատասխան քայլ են տեսնում, թերեւս դրանց կոնկրետ արդյունքները ավելի հստակ կերեւան ապագայում։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հիանալի հոդված էր՝ ապրես:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031