Ուսուցիչների շրջանում ծայր է առել մի անհանգստություն՝ կապված դպրոցներում նախատեսվող օպտիմալացման իրականացման հետ, ինչի հետեւանքով մեծ թվով մանկավարժներ համալրելու են գործազուրկների բանակը։ Նրանց մտահոգում է նաեւ այն հեռանկարը, որ դասղեկության եւ գրավոր աշխատանքները ստուգելու համար իրենք այլեւս չեն վճարվելու։
Ասել է թե՝ չի բացառվում, որ մեր երկրի իշխանությունները հերթական ուղիներն են մտմտում՝ սոցիալ-տնտեսական առկա դժվարին վիճակում ֆինանսական խնայողություններ անելու, ինչի հնարավորությունները բնականաբար փնտրում են անձամբ իրենց ու իրենց հովանավորյալների շահերին չառնչվող տիրույթներում։
Ուսուցիչներին անհանգստացնող վերը նշված հարցերի վերաբերյալ երեկ-դիմեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին։ Նա պատասխանեց, որ կրճատումների խնդիր, որպես այդպիսին, դրված չէ։ «Պարզապես առաջարկվում է քիչ ժամերով ուսուցիչների դասաժամերը միավորել, որպեսզի դպրոցում աշխատեն ուսուցիչներ, որոնք ունենան մեկ դրույք։ Եվ եթե առաջներում ունեցել ենք ուսուցիչ երեք ժամով, չորս ժամով, ապա այսօր այդ ուսուցիչը չի կարող դասավանդել։ Այսինքն՝ եթե ունենք երկու ուսուցիչ՝ ամեն մեկը երեք, չորս կամ վեց ժամով, այդ ժամերը միանում են, որպեսզի ունենանք ավելի բարձր դրույքով ուսուցիչ եւ ուսուցիչը ավելի ճիշտ վարձատրվի ու նաեւ որակի խնդիր լուծվի, նա աշխատի պահանջվող ծանրաբեռնվածությամբ եւ նորմալ աշխատավարձ ստանա։ Սա է խնդիրը եւ ընդհանուր կրճատման խնդիր չենք դրել։ Դրել ենք ընդամենը ժամերի, դրույքաչափերի կարգավորման խնդիր»,- ասաց հանրակրթության վարչության պետը։
Նա ընդգծեց, որ սույն մոտեցումը նոր չէ, ուստի անհասկանալի է՝ որտեղից են գալիս ուսուցիչների անհանգստությունները։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է դասղեկության ու գրավոր աշխատանքների համար չվճարելու հնարավորությանը, ապա Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ նման քաղաքականություն նախարարությունը չունի ու եթե կան այդպիսի դեպքեր, ապա դրանք, հնարավոր է, պայմանավորված են դպրոցների սուղ բյուջեով։ «Գուցե որեւէ խնդիր կա բյուջեում, աշակերտների թվի պակասի պատճառով բյուջեն չի ձեւավորվել կամ քիչ է ձեւավորվել։ Նման դեպքերում կոլեկտիվի համաձայնությամբ դա արվում է խորհրդի որոշմամբ, որպեսզի որոշ կրճատումներ լինեն եւ տեղավորվեն բյուջեի մեջ, բայց դրանք բացառիկ դպրոցներ կարող են լինել»,- ուսուցիչների հասանելիք գումարները կրճատելու հնարավորությունը չբացառեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում