Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն ժամանակ է պետք եղել Տիգրան Սարգսյանին դեպի Մաքսային միություն քայլը գիտակցելու համար

Հոկտեմբեր 02,2013 10:57

Վարչապետը հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել։ Հայաստանի՝ Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված եւ կշռադատված քայլ է»։

Թե որքան ժամանակ է անհրաժեշտ եղել այդ քայլը «գիտակցելու» եւ «կշռադատելու» համար, վարչապետը բնականաբար չի ասել։ Հայտնի է միայն, որ սեպտեմբերի 3-ից առաջ այդ քայլի մասին դեռ ոչինչ հայտնի չէր։

Ավելին, Տիգրան Սարգսյանը՝ Մաքսային միությանը հնարավոր անդամակցելու մասին հարցերին մինչ այդ օրը ուներ մի ստանդարտ պատասխան՝ Հայաստանը չի կարող անդամակցել ՄՄ-ին, քանի որ ընդհանուր սահման այդ միության հետ չունի։

Մասնավորապես, անցած տարվա ապրիլին «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցում Տիգրան Սարգսյանը ասել էր բառացիորեն հետեւյալը. «Համաշխարհային պրակտիկայում նման օրինակ չկա, որպեսզի երկիրը, չունենալով ընդհանուր սահման, դառնա Մաքսային միության անդամ։ Դա անիմաստ կլիներ։ Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը կատարվի առանց մաքսային զննության։ Մեր դեպքում դա անհնար է, որովհետեւ մենք պետք է անցնենք հարեւան պետության տարածքով եւ երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը։ Սա անիմաստ է դարձնում մաքսազերծումը տնտեսվարող սուբյեկտների համար հեշտացնելու ընթացակարգը։ Դրա փոխարեն մենք միայն ու միայն կունենայինք մաքսատուրքի եւ հարկերի ավելացման հետ կապված խնդիրներ։ Տնտեսական տեսակետից սա աննպատակահարմար է… Մաքսային միությունը մեզ չի ընձեռում այնպիսի գործիքներ, որոնք շահավետ լինեին տնտեսվարող սուբյեկտների համար։ Ուստի այն անիմաստ է դառնում»։

Եվ այս ասածների ֆոնին հատկապես ուշագրավ է դառնում ՀՀ վարչապետի՝ երեկվա ասուլիսում արած մեկ այլ հայտարարություն։ Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ «Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին»։ Այն, որ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումը միշտ համահունչ է «Ռուսաստանի իշխանությունների տեսակետին», թերեւս զարմանալի չէ, բայց այն, որ նրա դիրքորոշումը չի փոխվել, արդեն կարելի է առնվազն կասկածել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031