ՀՀ Վարչական դատարանը 2-րդ անգամ ետ վերադարձրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Տարոն Մարգարյանի ակտերը առոչինչ ու անվավեր ճանաչելու մասին «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ հայցադիմումները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանն այդ քայլը հիմքերից զուրկ համարեց, նրա խոսքով` «Մարդը օրենքը կարդացել է, որտեղ գրված է, որ «Բարեւ Երեւանը» վարչական դատարանի սուբյեկտ է եւ կարող է վիճարկել քաղաքապետի որոշումները, բայց ցինիկաբար եւ լկտիաբար գրել է, որ դուք չեք կարող, ես ձեր հայցադիմումը չեմ վերցնի, հետո ինչ-որ Տարոն Մարգարյանը խախտել է: Լրիվ գողական ոճ է, գողապետական վարքագիծ, երեւի գիտի մութ տեղերով ման է գալու ինքը գլուխը հպարտ, ու մոտավորապես ասում է, թե ձեր շահը ո՞րն է, որ դիմել եք, բողոքարկում եք: Ասում ես` ես այնտեղի աշխատողն եմ, Երեւանի ավագանի, եւ իրավական շահ ունեմ, որ այդ մարմնի անդամներից մեկը, կամ այդ մարմինը, քաղաքապետը, օրինական որոշումներ ընդունի, դա է իմ շահը, դրան գումարած ես նաեւ երեւանցի ուղեւոր եմ»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դատավոր Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ուղղակի գողական է գնացել:
Վերջում Ստյոպա Սաֆարյանը ավելացրեց, որ այժմ քննարկում են իրենց անելիքները եւ, որ այսպես չեն թողնելու ու վաղն այս մասին հայտարարություն կտարածեն:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ