Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներումը եւ դրա կոռուպցիոն ռիսկերը

Հոկտեմբեր 01,2013 19:00

Հրայր Թովմասյանը այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներում իրականացնելու ՀՀ նախագահի առաջարկը, նաեւ բացատրեց, թե ինչու էր մինչեւ այժմ հերքում համաներման հավանականությունը՝ որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չառաջանան եւ որպեսզի որեւէ մեկը, իմանալով, թե որ հանցագործություններն են «համաներման տակ ընկնելու», չկատարեն այդ հանցագործությունը՝ վստահ լինելով, որ կհամաներվեն:

Խոսելով համաներման կոռուպցիոն ռիսկերի մասին՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց հստակ ժամանակ նշել, թե մինչեւ երբ պետք է իրականացվի համաներումը, քանի որ ՔԿՀ-ներում կարող են ձգձգել համաներմամբ ազատ արձակումը՝ որոշակի ակնկալիքներով: Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ ինքը համաներման մասին ՀՀ նախագահի առաջարկի ընդունումից հետո կխոսի ՔԿՀ-ների ղեկավարների հետ՝ համաներումը հնարավորինս արագ եւ թափանցիկ իրականացնելու հորդորով:

Կոռուպցիոն ռիսկերին անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ բերելով իր օրինակը՝ որպես Հայաստանի չորս ՔԿՀ-ներում պատիժ կրած եւ «սահմանված կարգը չարամիտ խախտողի», երբ անտեղի տեղը չորս նկատողություն էր ստացել, ապա, համաներումից առաջ նույնքան անտեղի խրախուսել էին, որպեսզի կարողանան համաներել: Նկատելով, որ այդ բոլոր դեպքերում էլ եղել է քաղաքական հրահանգ, կարծիք հայտնեց, որ ոչ քաղաքական հիմքով հանցագործությունների դեպքում ուղղակի կոռուպցիոն ռիսկեր կլինեն: Այդ իսկ պատճառով առաջարկում էր հանել  օրինագծի 9. 1. կետը, որով նախատեսվում է համաներում չկիրառել «պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ»:

Ի հակադարձում՝ Հրայր Թովմասյանը նկատեց, որ ինքը չի հիշում, որ որեւէ բողոք ստացած լինի Նիկոլ Փաշինյանից, թե իրեն ապօրինի տույժի են ենթարկել ՝ «գուցե չե՞ք վստահել, որ չեք բողոքել», ու չի հիշում որեւէ դժգոհություն՝ ապօրինի խրախուսանքի հետ կապված: Նաեւ ասաց, որ հատուկ նշել են ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ համաներումը կիրառելու պահին ունացած չարամիտ խախտումները, այլ մինչեւ ակտի ընդունման պահը: Նա չբացառեց, որ կլինեն  հետին ամսաթվով արված տույժեր, սակայն ասաց, որ հասարակությանը, մամուլին կամ պատգամավորներին հայտնի դարձած ցանկացած կամայականության արձանագրման պարագայում ինքն անձամբ ամեն ինչ կանի, որ այդ տույժերը հանվեն:

Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ նախարարի այն միտքը, որ բողոք չի լսել Նիկոլ Փաշինյանից՝ ապօրինի տույժերի վերաբերյալ եւ տեղյակ չի, որ Փաշինյանը դեմ է եղել ապօրինի խրախուսմանը, հակադարձեց , թե ապօրինի տույժերի մասին հրապարակավ հայտարարել է, ինչ վերաբերում է ապօրինի խրախուսանքին՝ «ի՞նչ անեի, բռնեի ՔԿՀ պետի գլուխը ջարդե՞ի, որ խրախուսել է ինձ»:

Այնուհետեւ պատգամավորի եւ արդարադատության նախարարի միջեւ մի կարճ լեզվակռիվ սկսվեց՝ «ձեր նմանները», «դատարկախոսներ» եւ այլ ոճով, որը սակայն լսելի չէր լրագրողների համար, քանի որ բարձրախոսների ձայնն անջատվել էր:

Հավելենք նաեւ, որ Համաներման մասին ՀՀ նախագահի առաջարկի քննարկման ժամանակ այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին չորս տարիների ընթացքում սա երրորդ համաներումն է, ինչը խոսում է ներողամտության, հանդուրժողականության, քրիստոնեական արժեքների մասին: Այս կապակցությամբ Հրայր Թովմասյանը նկատեց, որ հաճախակի համաներումներն իրենց արդարացրել են այն առումով, որ նախորդ համաներման ժամանակ պատժի կրումից ազատված 1056 հոգուց ընդամենը 51-ն են կրկնակի դիտավորյալ հանցագործության մեջ մեղադրվել, այսինքն՝ ռեցիդիվիզմը համաներվածների շրջանում ավելի քիչ է եղել, քան ընդհանուր առմամբ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031