Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնի մեկնարկը կտրվի «1927» թատրոնի «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ

Հոկտեմբեր 01,2013 17:47

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ու «1927» թատերախմբի ներկայացուցիչը հանդիպեցին լրագրողների հետ:

Վերջինիս փոխանցմամբ` այսօրվանից մինչև հոկտեմբերի 12-ը՝ 11-րդ «Հայֆեստ»-ում հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ՝ Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից և այլն։

Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից։
«11-րդ «ՀայՖեստը» հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»։ «ՀայՖեստ-2013»-ի տարբերանշանի վրա Մենդելեևի աղյուսակն է, որտեղ իրենց տեղն են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքն ու բոլոր այն տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել փառատոնը»,-ասաց Արթուր Ղուկասյանը:

Փառատոնի նախագահի խոսքով` արդեն 5-րդ տարին է՝ ներկայացնում են նաև պարսկական մշակույթը, պարսկական ներկայացումներ։ «Այս տարի կունենանք 5 պարսկական ներկայացում։ Երկու մասնագետ ներկայացումից հետո դիմակներ կպատրաստեն և կցուցադրեն հանդիսատեսին»։

Այսօր փառատոնի մեկնարկը կտրվի «1927» թատրոնի «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացման դերասան Էլեանոր Բաքընը նշեց, որ «1927» թատերախումբը հիմնադրվել է 2005-ին: «Թատերախումբը հիմնադրվեց 4 մարդկանց շնորհիվ` դերասան եւ ռեժիսոր Սյուզան Անդրեյդի, անիմատոր, բեմադրող, Փոլ Բարեթի, դերասան, հագուստի ոճաբան Էսմե Ափփլեթոնի եւ դերասան, երգահան, երաժիշտ Լիլիան Հենլինի կողմից»,-ներկայացրեց Բարքընը` հավելելով, որ 2007-ին իրենց է միացել նաեւ պրոդյուսեր Ջոու Քրոուլին, որտեղ էլ թաքնված է ներկայացումների բազմաժանրության գաղտնիքը:

Ըստ նրա` ներկայացման թեման համամարդկային է եւ հենց դա է պատճառը, որ անկախ նրանից, թե որտեղ է ցուցադրվում` մարդիկ գտնում են իրենց կյանքի պատմությանը կապակցելու միջոց:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031