Այսօր ԱԺ-ն քննարկեց Անկախության 22-ամյակի առթիվ համաներում կիրառելու մասին առաջարկը:
Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ համաներման կիրառումն այս անգամ ազդելու է շատ ավելի մարդկանց վրա, քան նախորդ անգամները: Մասնավորապես, անգամ ծանր հանցագործների վրա համաներումը կազդի՝ պատժաչափը կկրճատվի վեց ամսով:
Սակայն կան որոշ տեսակի հանցագործություններ, որոնց պարագայում համաներումը չի կիրառվի: Դրանք են՝ բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, անառակաբարո գործողություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, բանդիտիզմ, իշխանության յուրացում, լրտեսություն, պետական կամ հասարակական-քաղաքական գործչի սպանություն, ցեղասպանություն և այլն։
Համաներում չի կիրառվի նաեւ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ, առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ, հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ, եթե իհարկե, նրանք կամովին չներկայանան ՀՀ իրավապահ մարմիններ կամ դատարան մինչեւ այս տարեվերջ:
Կարդացեք նաև
Համաներումը չի տարածվի նաեւ երրորդ անձանց նկատմամբ պարտավորություններ ունեցողների վրա, այսինքն՝ եթե հանցագործը վնաս է պատճառել եւ դեռ չի հատուցել կամ հարթել այդ վնասը, նա չի ենթարկվի համաներման:
Կան եւս մի քանի դրույթներ, որոնց կարող եք ծանոթանալ համաներման պաշտոնական տեքստից:
Համաներման օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ վաղը, քանի որ ժամանակը լրացավ, եւ սկսվեց հայտարարությունների ժամը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ