Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Նիկոյանի արձագանքը Մաշտոցի պուրակում հնչած որոշ մտքերին

Հոկտեմբեր 01,2013 17:06

Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները բացառապես չափորոշիչների քննարկումով և հաստատումով, որոնք դրվելու են ուղևորափոխադրումների նոր իրականացվող արժեհաշվարկի հիմքում։ Այլ որևէ սկզբունք, առավել ևս գնի կամ այլ հաշվարկային ցուցանիշի վերաբերյալ, քննարկում չի եղել, քանի որ խնդիրը հանձնաժողովի օրակարգում չի եղել ի սկզբանե և դա անհերքելի փաստ է, քանի որ աշխատանքներն իրականացվել են ազատ և թափանցիկ, այդ թվում նաև արտահայտվելու անսահմանափակ հնարավորություն է ընձեռվել բոլորին և պատասխաններ են տրվել հնչած բոլոր հարցերին:

Ի դեպ, ավելորդ չեմ համարում նաև նշել, որ հանձնաժողովի աշխատանքի ողջ ընթացքը օնլայն ռեժիմում ցուցադրվել է։

Վերոնշյալից հետո առնվազն տարօրինակ է հանձնաժողովի որոշ անդամների հանձնաժողովի աշխատանքի շրջանակում և դրանից դուրս դրսևորած վարքի և արտահայտած մտքերի  ակնհայտ փոփոխականությունը։ Այս մասով անգամ մեկնաբանություններն են ավելորդ։

Քաղաքապետարանը բնակչությանը հուզող խնդրի հետ կապված նախաձեռնել է հստակ գործընթաց և քանիցս վստահեցրել է, որ հանձնաժողովի նպատակն ու առաքելությունը առաջարկ ներկայացնելն է, որն հետագայում կդրվի մշակվող իրավական ակտի հիմքում, իսկ տվյալ իրավական ակտի նախագիծն այդուհետ կներկայացվի հանրային քննարկման։ Իր առաքելությունից դուրս հանձնաժողովին ոմանց կողմից այլ գործառույթներով այսպես ասած «օժտելը», մեր խորին համոզմամբ ընդամենը հանրությանը ապատեղեկացնելու և մոլորության մեջ գցելու պարզունակ փորձ է։

Որոշ հռետորների կողմից պարբերաբար հանրությանը մատուցվող սակագնային ցուցանիշների ծագումնաբանությունն է անգամ անհայտ։ Եթե անգամ տվյալ անձինք իրենց որևէ կերպ պարտավորված չեն համարում օժանդակել հանձնաժողովի աշխատանքներին, ապա առնվազն տարրական մասնագիտական էթիկան պահանջում է, որ հանրությանը գրավոր ներկայացնեն այն հաշվարկները, որոնցից ծնվում են այդպիսի «ցանկալի» սակագները։

Մեկ բան ակնհայտ է. Ոմանց կողմից կրկին փորձ է արվում երկխոսությունը տանել հակամարտության, քաղաքակիրթ քննարկումները՝ անհանդուրժողականության, անգամ հայտարարվում է ոլորտը կոլապսի բերելու մասին: Տվյալ անձիք չեն խորշում անգամ կիրթ մարդուն ոչ բնութագրող բառապաշարով համեմվող կոչեր հնչեցնելուց, համայնքային իշխանությանը անվանարկելու գնով ինքնահաստատվելու փորձերից։

Սույնից ելնելով բոլոր նրանց, ովքեր թեկուզ մեկ տասնյակ մարդու առաջ ելույթ են ունենում, խորհուրդ կտանք պահպանել վարքի տարրական կանոններն ու գիտակցել, որ ինքնահաստատման ճանապարհին անհարկի պիտակավորումներ շռայլելով, հանցագործներ և բթամիտներ գոչելով հնարավոր չէ մոտենալ բաղձալի հանգրվանին։ Ու, որ ոչ պակաս կարևոր է, բոլորին է տեսանելի, որ սադրիչ կոչերով հանդես եկողները նույն այն անձինք են, ում համար բացարձակ տարբերություն չկա, թե ինչին է վերաբերում քննարկվող նյութը։

Տրանսպորտի ոլորտի բնականոն աշխատանքի ապահովման խնդիրը Երևանի քաղաքապետարանի ամենօրյա գործառույթն է: Եվ առնվազն էժան պոպուլիզմ է առավել սրտացավ երևալու ոմանց փորձերը, որոնք ակնհայտորեն հանրության շրջանում անդառնալիորեն կորսված հեղինակությունը հետ բերելու նպատակ են հետապնդում միայն: Ավելին, իրավիճակն էլ ավելի վատթարացնելու մղումով ոմանց անթաքույց չարամտությունն ինքնին խոսում է այն մասին, որ դրանք հեռահար նպատակներ հետապնդող գործողություններ են ու, որ այդ ամենն արվում և արվելու է՝ անկախ գործընթացի ելքից։

Ինչևէ, գործընթացն այլ հունով տանելու գերակտիվ այդ «հոգացավների» բոլոր փորձերը ապարդյուն են անցնելու, քանզի նրանք ևս ստիպված են արձանագրել, որ այն առաքելությունն ու նպատակը, որն իր առջև դրել է հանձնաժողովը, այդ թվում թափանցիկության և տեղեկատվության հնարավորին լայն տարածման որդեգրված սկզբունքը, արդեն իսկ կյանքի է կոչվել։

 

Ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման

նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031