Aravot.am-ը տեղեկացրել է , որ մի խումբ լեհ կինովավերագրողներ, որոնք ներկայացնում են Անջեյ Վայդայի կինոդպրոցը, այս օրերին աշխատում են Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների հետ:
Aravot.am-ը զրուցեց մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակներ եւ հեղինակավոր կինոմրցանակների ասպետներ Մարզել Լոզինսկու եւ Յացեկ Բլավուտի հետ: Պարոն Լոզինսկին տպավորություն ունի, որ ինչպես մյուս կինոդպրոցներում, այնպես էլ Երեւանում վավերագրական կինոն առանձնապես չի գնահատվում, այստեղ նույնպես, հաճախ վավերագրական կինոն ասոցացնում են հեռուստատեսության հետ:
Մեր զրուցակիցը նշում է, որ երբ ուսանողներին խնդրում ենք թեմաներ ներկայացնել, երբեմն սենսացիոն լրագրողական նյութեր են բերում կամ սոցիալական խնդիրներին անդրադառնում: «Մեր խնդիրն է երիտասարդներին ցույց տալ, թե ինչ է իրականում վավերագրական կինոն: Մենք ասում ենք, որ դա երկու իրականությունների միատեղումն է կամ հաջող ամուսնությունը: Դա մի կողմից այն իրականությունն է, որը պետք է վերհանել, մյուսն էլ այն իրականությունը, որը մեր մեջ է՝ ի՞նչ ենք տեսնում, ի՞նչ ենք զգում: Մեզ համար կարեւորը հեղինակային հայացքն է: Ուզում ենք, որ երիտասարդները ֆիլմեր նկարեն այն մասին, ինչն իրականում իրենց է հուզում »,-նշեց Մարզել Լոզինսկին :
Յացեկ Բլավուտն էլ հայտնեց, որ իր համար ամենակարեւորը թեման չէ, այլ մարդը, եւ այն, թե ինչ կա նրա հոգում. «Եթե մի մարդ հետաքրքրված է մեկ ուրիշ մարդու ճակատագրով, ուրեմն հաստատ լավ ֆիլմ կստացվի: Մի բան էլ՝ երիտասարդը պետք է կարողանա այդ մասին լավ պատմել: Ամեն մարդ ունի կյանքի փորձ եւ յուրատեսակ հայացք՝ կյանքի նկատմամբ: Ու ինչքան շատ է մարդը հուզվում կյանքի ընթացքում, այնքան ավելի լավ կարող է պատմել ուրիշի հուզումների մասին եւ անցկացնել իր պրիզմայով»:
Կարդացեք նաև
Պարոն Բլավուտը հավելեց, որ կարիերայի սկզբում ինքը բազմաթիվ փորձարկումներ էր անում՝ ձեւերի ու արտահայտչամիջոցների առումով, փորձում պատումի նոր միջոցներ գտնել: «Երեւանում երիտասարդ մարդիկ զգայուն են արվեստի, երաժշտության հանդեպ, պոետականություն ունեն, սիրում են մետաֆորներ, դա կյանքի մի էտապ է: Եթե ավելի շատ շեշտադրում լինի մարդու վրա, մի քիչ պոետականությունը տեղի կտա ու լավ ֆիլմ կստացվի»
Լոզինսկին համոզված է, որ ֆիլմերը պետք է իրական ռեալիզմով նկարել, եւ եթե կա տաղանդ՝ դրան հաջողություն, լավ ֆիլմն անխուսափելի է:
Լեհական կինոյի վարպետները նշեցին, որ հեռու են այն մտայնությունից, թե իրենք բացարձակ ճշմարտությունն են ասում, նրանց ձեւակերպմամբ, իրենք իրե՛նց ճշմարտությունն են ասում:
Նրանք հայաստանցի ուսանողների անուններ չտվեցին, բայց ասացին, որ Երեւանում վավերագրական մեծ պոտենցիալ կա: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայ եւ լեհ ժողովուրդների պատմության ինչ-ինչ դրվագների, լեհահայ համայնքին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Լեհ վավերագրողներն ասացին, որ լսել են՝ Քշիշտոֆ Զանուսին հաճախ է լինում Հայաստանում, ինչը հրաշալի է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կատաժինա Բոնիեցկուի