Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը առաջիկայում «չպետք է ակնկալի երկնիշ տնտեսական աճ»

Հոկտեմբեր 01,2013 17:00

«Ազատություն» ռադիոկայան. Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ տնտեսական աճը Հայաստանում դանդաղում է, և առաջիկայում, փաստորեն, չպետք է ակնկալել երկնիշ կամ դրան մոտ տնտեսական աճ, քանի որ տնտեսության աճը, ինչպես նշեց Տերեսա Դաբան Սանչեսը, ընկնում է իր նորմալ տեմպերի մեջ՝ տարեկան 4-5 տոկոս։

Նման հայտարարություն Հայաստանում հիմնադրամի ներկայացուցիչն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում:

Ինչպես հայտնի է, այս տարվա համար Հայաստանի կառավարությունը սպասում է 7 տոկոս տնտեսական աճ: Տարվա առաջին կեսին ԱՄՀ-ն կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, սակայն այս սեպտեմբերին այն նվազեցրեց նաև այդ աճը՝ նշելով, որ 2013-ին Հայաստանի տնտեսությունը կաճի մինչև 4 տոկոս։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղում է: Մենք սա կանխատեսում էինք դեռ տարվա սկզբից: Անցած տարի Հայաստանի տնտեսությունը աճեց 7 տոկոսով, և մեր կանխատեսումն է, որ այդ աճը կդանդաղի ու կհասնի, ինչպես մենք ենք ասում, Հայաստանի համար տնտեսական աճի նորմալ տեմպերի՝ տարեկան 4-5 տոկոս»,- ասաց ԱՄՀ-ի ներկայացուցիչը։

Տերեսա Դաբան Սանչեսը առանձնացրեց չորս հանգամանք, որոնց պատճառով դանդաղում է Հայաստանի տնտեսության աճը։

«Գլոբալ ու տարածաշրջանային զարգացումներն ավելի քիչ նպաստավոր դարձան Հայաստանի տնտեսական աճի համար: Հայտնի է, որ զարգացող տնտեսությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ռուսաստանի աճը սկսեց դանդաղել (վերջինիս դեպքում կապը Հայաստանի տնտեսության հետ հանրահայտ է): Հայաստանի տնտեսության աճի դանդաղման հաջորդ պատճառն այն է, թե ինչպես էր պետբյուջեն կատարվում այս տարի. այդ առումով որոշակի ձգձգումներ եղան ենթակառուցվածքային մեծ նախագծերում, որն իր ազդեցություն ունեցավ աճի վրա: Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են դա և մինչև տարվա վերջ որոշակի խթանիչ քայլեր կարվեն այս ուղղությամբ: Ամբողջ պատկերը պարզ լինելու համար նշեմ նաև, որ ֆիքսել ենք՝ բանկային համակարգի տրամադրած վարկավորումները չափավորվել են: Միևնույն ժամանակ մենք տեսանք, որ անցած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը որոշակի շոկերի ենթարկվեց. հուլիսին գազի գնի բարձրացումը, որն իր ազդեցությունն ունեցավ տնտեսական աճի վրա, այն ավելի թանկ դարձնելով ընկերությունների համար»:

«Մենք գտնում ենք, որ այս տարի 4 տոկոս տնտեսական աճը Հայաստանի համար հիմնավոր է, և սա Հայաստանի համար առողջ աճ է»,- ընդգծեց ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչը:

Հրայր Թամրազյան եւ Սարգիս Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031