Նախագահի 04.09.2013թ ՆՀ-207 հրամանագրի՝ սահմանադրական բարեփոխումների մասին 2-րդ հավելվածի 5 (ենթակետ 8), 7 և 15-րդ կետերում գրված է.
«Սահմանադրական բարեփոխումների Հանձնաժողովը ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը»:
«Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա»:
«Հանձնաժողովի թույլտվությամբ Հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այլ անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ»:
Կարդացեք նաև
Աղայանի բառարանի համաձայն «հրապարակայնությունը» – հրապարակային լինելը, իսկ «հրապարակային» – հասարակության ներկայությամբ կատարվող՝ տեղի ունեցող, բոլոր ցանկացողների համար նախատեսված` բաց:
Ես որոշել եմ մասնակցել Հանձնաժողովի նիստերին, քանի որ միայն այս տարի հրապարակել եմ 20-ից ավելի հոդվածներ Սահմանադրության թերությունների մասին:
Հանձնաժողովի քարտուղարության գործառույթները իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ հանձին գլխավոր մասնագետ Սողոմոնյան Ծովինարի: Ես խնդրեցի իրեն, որ Հանձնաժողովը թույլատրի ինձ մասնակցել Հանձնաժողովի նիստերին: Բայց Սողոմոնյան Ծովինարը մերժեց ինձ, պայմանավորելով այն, որ Հանձնաժողովը դեռ չի պատրաստել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Ես առարկեցի իրեն, որ հրամանագիրը ոչ մի պայմանով չի պայմանավորում հրապարակայնության ապահովումը, բայց Սողոմոնյան Ծովինարը այդ փաստարկը հաշվի չուզեց առնել:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և նախագիծը հանձնաժողովի գործունեության արդյունք է, սակայն հավելվածի 7-րդ կետում գրված է ոչ թե հանձնաժողովի գործունեության արդյունքի հրապարակայնության մասին, ապա՝ հանձնաժողովի գործունեության հրապարակայնության մասին:
Բայց ի հակառակ 2-րդ հավելվածի 7-րդ կետի, Հանձնաժողովը չի ուզում ապահովել իր գործունեության հրապարակայնությունը:
Մեջբերելով նախագահի հրամանագրի վերոնշյալ դրույթները, ես հոկտեմբերի 1-ին գրավոր խնդրեցի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին թույլատրել ինձ մասնակցել Հանձնաժողովի նիստերին, և իր պատասխանի մասին անպայման կտեղեկացնեմ ընթերցողներին:
Հավելվածի 18-րդ կետի 9 ենթակետերում նշված են Հանձնաժողովի քարտուղարության, այսինքն` Արդարադատության նախարարության լիազորությունները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի անդամներ են Արդարադատության նախարարության գործող նախարարը, 2 նախկին նախարար և նախարարի առաջին տեղակալը, ապա ստույգ կարելի է ասել, որ Սահմանադրության բարեփոխումների նախագիծը պատրաստելու է Արդարադատության նախարարությունը: Այն նույն նախարարությունը, որը 2005 թվականին կտցից բռնած ման էր տալիս Ազգային ժողովին և Վենետիկի հանձնաժողովին, ներկայացնելով նրանց՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հակառակ իմաստով թարգմանությունները անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն: (2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների նախագծի և գործող Սահմանադրության անգլերեն ոչ ճիշտ թարգմանությունները տեղադրված են Վենետիկի հանձնաժողովի կայքում :
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ կետում գրված է. «Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունը հայերենից անգլերեն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը»:)
2-րդ հավելվածի 1-ին ենթակետում գրված է.
«Քարտուղարությունը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը»:
Հայ-թուրքական արձանագրություններին կից Արդարադատության նախարարությունը նույնպես ներկայացրել է տեղեկանքները առանց կնիքի ոչ էլ դրոշմի թղթի վրա, և Գագիկ Հարությունյանը հանգիստ վերցրել է այդ ոչ լեգիտիմ տեղեկանքները: Հարց է առաջանում՝ արդյոք կա՞ գոնե փոքրիկ երաշխիք, որ հիմա միևնույնը չի լինելու:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և նախագծի մասին անցկացնելու են հանրային քննարկումներ: Ինչպես է անցկացնում իշխանությունը հանրային քննարկումներ, ցույց է տվել Հանձնաժողովի անդամների՝ Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի գիրքը «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը. Համառոտ պարզաբանումներ.», որը հրատարակվել է 2005 թվականի հոկտեմբերին, հանրաքվեի նախօրեին՝ 12 500 տպաքանակով: Ըստ նախաբանի, գիրքը գրված է Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին օբյեկտիվ տեղեկատվություն շարքային քաղաքացիներին հասցնելու նպատակով:
Օբյեկտիվ, թե ոչ, պարզ է դառնում գրքի 64-րդ էջում, որտեղ հեղինակները մեջբերել են Սահմանադրության 43-րդ հոդվածը:
Սահմանադրության 43-րդ հոդվածը Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի գրքից.
«Սահմանադրության 23-25, 27-րդ հոդվածներով, 28-30-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի չորրորդ մասով ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարքերի, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:»
Իրականում Սահմանադրության 43-րդ հոդվածի առաջին տողում գրված է.
«Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով»:
Սահմանադրության փոփոխությունների նախագծին քաղաքացիներին դրական տրամադրելու նպատակով, Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը հեռացրել են այս հոդվածից հղումը Սահմանադրության 30.1-րդ հոդվածին և 32-րդ հոդվածի հղումը՝ մեջբերելով փոխարինել են երրորդ մասը չորրորդով: Բանն այն է, որ այդ երկու հոդվածներում նշված իրավունքների և ազատությունների սահմանափակումը թույլ է տալիս իշխանությանը զրկել քաղաքացուն քաղաքացիությունից և արգելել գործադուլները: Եթե Հանձնաժողովը ապահովի իր նիստերի հրապարակայնությունը, ապա նման հակադեմոկրատական հոդվածներ ապագա Սահմանադրությունում չի լինելու:
Անդրանիկ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ