«Չեմ թաքցնում, Եվրասիական միության բովանդակության մեջ շատ տարրեր վերցված են ԵԽ-ի գաղափարաբանությունից»,-այսօր` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, հնչեցրած իր ելույթում հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Նա որոշ հարցերում քննադատության ենթարկեց ԵԽ-ի աշխատանքները և մանրամասնեց. «Երբ հակամարտությունների թեմաներին ստորադասվում են մշակույթին և բարոյականությանը վերաբերող հարցեր, դա անընդունելի է: Սա լուրջ մարտահրավեր է և ուշադրության արժանի: ԵԽ անդամ երկրների միջկառավարական համագործակցության ոչ բարձր մակարդակը ևս լուրջ մարտահրավեր է»:
Նարիշկինն անդրադարձավ նաև Սիրիայի ճգնաժամին: Նա զգուշացրեց, որ իրավիճակը կարող է սրվել ու վերածվել Երկրորդ համաշխարհային պատերազմի նման մի իրադրության, որի մասին ռուս ազգը լավ է հիշում:
Նարիշկինն իր ելույթում անդրադարձ կատարեց նաև քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներին:
Կարդացեք նաև
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը ելույթն ավարտեց չարի-բարու, սևի-սպիտակի գաղափարախոսությամբ և այն վստահեցմամբ, որ ինքն իր հայտարարություններում անկեղծ է:
Ելույթից հետո ԵԽԽՎ պատվիրակները Նարիշկինի առաջ բարձրացրին այն հարցը, թե ՌԴ-ն ճնշում է գործադրում Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի նկատմամբ` սահմանափակելով նրանց` ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը: Սերգեյ Նարիշկինը հակադարձեց. «ՌԴ-ն ունի քաղաքական, տնտեսական, ռազմական համագործակցության լայն դաշտ Ձեր նշած երկրների, այդ թվում նաև Ուկրաինայի հետ: Ռուսաստանը, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցած երկրները` Բելառուսը, Ղազախստանը, շահագրգռված են նրանով, որ այդ տնտեսական միությունն ավելի լայն լինի: Ի վերջո, Ձեր մատնանշած երկրները ինքնիշխան պետություններ են և նրանց ղեկավարներն ու հասարակությունն իրենք են որոշում ուր մտնել, ինչ որոշում կայացնել: Ճնշման մասին խոսք լինել չի կարող, Ռուսաստանն ընդամենը այդ երկրներին ներկայացրել է, թե ինչ կարող են շահել Մաքսային միությանն անդամակցելով և ինչ հետևանքներ կարող է ունենալ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ