Մինչ կսկսվեր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունը՝ ելույթները եզրափակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ ընդունում է նրանց, ովքեր պաշտոնի պահին են սխալները վերհանում, ներկայացնում՝ նկատի ունենալով այս օրերին անընդհատ հնչող քննադատությունները՝ ուղղված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հասցեին. «Չի կարելի փնովել Աղվան Հովսեփյանին՝ հատկապես, երբ նա արդեն պաշտոնում չէ»:
Նաեւ տարակուսանք հայտնեց ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշման հանդեպ, որոնք նախ գովում են թեկնածուին, ապա հայտարարում, թե դեմ են քվեարկելու նրա թեկնածությանը՝ ինչ է թե Սերժ Սարգսյանն է ներկայացրել նրան:
Պարոն Աբրահամյանը նկատեց, որ «եթե Ազգային ժողովը որոշի քվեարկել եւ նշանակել Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը», չի նշանակում, որ պարոն Կոստանյանը պետք է իրեն պարտավորված զգա որեւէ պատգամավորի հանդեպ՝ «Մենք ձեզ շանս ենք տալու, որ արդարադատությունը հաղթի: Դա շատ կարեւոր է, որ բոլորս լինենք հավասար օրենքի առաջ»:
Նաեւ ասաց, որ համոզված է, որ առաջիկայում «օրենքներում կլինեն փոփոխություններ, որ իշխի օրենքը, եւ ոչ մեկի որդին, դուստրը, զավակը չլինի արտոնյալ որեւէ հարցում»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահը նաեւ ընդդիմացավ այս օրերին անընդհատ հնչող այն կարծիքին, որ մեկ հոգով հնարավոր չի համակարգը փոխել. «Կա հնարավորություն, որ անձը դրական առումով համակարգում փոփոխություններ իրականացնի, գերատեսչության ղեկավարից շատ բան է կախված», եւ օրինակ բերեց Սինգապուրի նախկին վարչապետին, որի օրոք այդ երկիրը եւ տնտեսապես եւ արդարադատության բնագավառում հսկայական առաջընթաց է գրանցել. «Երբ նրան հարցրեցին, թե ինչպես այդպես եղավ, նա պատասխանեց, որ ամեն ինչ ինձնից եմ սկսել: Ես էլ խորհուրդ եմ տալիս, որ բոլորն իրենցից սկսեն»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Պարոն Աբրահամյանի և նրա կուսակիցների ցինիզմը սահմաններ չի ճանաչում…
Որքան կարելի է նայել ժողովրդի աչքերի մեջ ու կեղծ ելույթներ ունենալ: