ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ունեցած վերջին խոսքում Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ եւ ասաց. «Բոլոր հանգամանքների մասին ես ամբողջությամբ բովանդակային առումով առանձին- առանձին անդրադարձել եմ», նաեւ ասաց, որ այդ բոլոր հարցադրումների սպառիչ պատասխանները կան իր որոշման մեջ: Այդքանով հանդերձ նա առաջարկեց պարոն Փաշինյանին եւ ցանկացած մեկին՝ ով կցանկանա այդ եւ ցանկացած այլ գործի վերաբերյալ դետալային քննարկում ունենալ, ինքը միշտ պատրաստ է նման քննարկման:
Այս խոսքերը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընկալեց որպես բանավեճի հրավեր եւ ասաց, որ ինքը պատրաստ է բանավեճի ուղիղ եթերում՝ հոկտեմբերի 15-25-ն ընկած ցանկացած ժամանակ:
Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացրած վճիռներին, որոնց մասին խոսեց Արամ Մանուկյանը, եւ ասաց, որ իհարկե, մտահոգիչ է փաստը, որ մենք մեր երկրում չենք ապահովում պատշաճ արդարադատություն եւ դա վերականգվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Ես համաձայն եմ, որ անգամ մեկ գործը մտահոգիչ է», բայց չհամաձայնեց Արամ Մանուկյանի բերած թվերին՝ ասելով, որ չափանիշները տարբեր են. «1500-2000 հայցի պարագայում ունենալ 42 պարտված գործ»՝ վատ ցուցանիշ չէ: Նա առաջարկեց նաեւ համադրել այլ երկրների հետ, մասնավորապես հիշեց Ադրբեջանը, որը ԵԽ անդամ է դարձել Հայաստանի հետ նույն օրը, եւ այս պահին Ադրբեջանի դեմ կայացված վճիռները եռապատիկ շատ են:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ