«Պոեզիայի արահետներով» գրական-երաժշտական երեկոն, որ օրերս կայացավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, մի նոր ու գեղեցիկ էջ բացեց մեր ասմունքի պատմության մեջ՝ Մանուշակ Շիրինյանի դյութիչ ձայնով: Երեկոն սկսվեց «Մեր մեծերը» տեսաֆիլմով: Արվեստասեր հասարակությունն ունկնդրեց դասական եւ ժամանակակից քնարերգության գոհարներ: Մանուշակ Շիրինյանն իր լուսավոր հայացքով ու ինքնատիպ կատարողականությամբ հանդիսատեսին ուղեկցեց հայ պոեզիայի ամենահաճելի արահետով: Իսկապես հրաշալի ու դիպուկ խորագիր էր ընտրված գրական-երաժշտական երեկոյի համար, որ լիովին համահունչ էր անզուգական արվեստագետից ստացած հաճելի տպավորություններին: Միշտ չէ, որ կարող ենք նման իրողության ականատեսը դառնալ: Լեփ-լեցուն դահլիճ, անսպառ ծափահարություններ ու հիացմունք…, եւ գեղեցիկ ու ինքնատիպ ասմունքող, որն անմիջապես, առաջին իսկ խոսքից շաղկապում է ունկնդիրների ուշադրությունն ու հետաքրքրությունը՝ գեղեցիկ կապ ստեղծելով արվեստասերի ու բեմի միջեւ: Մանուշակ Շիրինյանն արվեստասեր հասարակության ուշադրությունը գրավել է նաեւ 2010 թվականին հրատարակած իր «Հուշերի արահետներով» գրքով: Վերջինս մեր մեծերի կենսագրության, փորձի ու գործի մասունքներից կազմված մի զարմանահրաշ աշխարհ է, որով անմիջնորդ անցնում է ընթերցողը` լիարժեք վերապրելով հերոսների երկրային կյանքն ու նրանց զգացումների ողջ շղթան: «Հուշերի արահետներով» գիրքը դեպի ընթերցողի սիրտն ընթացող մի բարի ու հաճելի ճանապարհ է: Մեծ բախտավորություն է ժամանակի առջեւ համր չլինելը, հանճարների խոսքը լսելը, այդ խոսքով առաջնորդվելը եւ այդ խոսքի համար նոր ուղիներ բացելը։ Մանուշակ Շիրինյանն ունի այդ բախտավորությունը եւ մշտապես երախտագիտությամբ ու երբեք չմարող սիրով է այդ խոսքը պոեզիայի միջոցով հասցնում ունկնդրին։
ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու
«Առավոտ» օրաթերթ