Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հինգ միլիարդ դրամի գերշահույթ ապահովելու հնարավորություն է տվել մասնավոր ապահովագրական ընկերություններին

Հոկտեմբեր 01,2013 15:01

2011-ին ՀՀ կառավարությունը նախապատրաստական աշխատանքներ տարավ, իսկ  2012-ին արդեն ներդրվեց սոցիալական ապահովագրական համակարգը՝ քաղծառայության ոլորտում: Բյուջեից առաջին անգամ մոտ 120 շահառուների համար հանգստի, առողջապահության, կրթության եւ հիփոթեքային վարկերի մարման ծրագիր նախատեսվեց՝ աշխատավարձի  10 տոկոս հավելավճարի փոխարեն: Առողջապահության ոլորտում փաթեթը ներդրվեց պարտադիր ապահովագրության ինչ-որ էլեմենտներով: «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով համակարգի գործունեությունը եւ արդյունքները՝ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նախ նկատեց, որ անհրաժեշտ էր դա օրենքով ամրագրել, իսկ երկրորդ խնդիրը, որը նախկին նախարարին շատ է զարմացրել, հետեւյալն է. «Գոյություն ունեցող եւ ապահովագրական հիմունքներով գործող կառույցի՝ Պետական առողջապահական գործակալութան փոխարեն, որն ունի նաեւ մարզային կառույցներ, այս գործառույթը առողջապահության ապահովագրության սոցիալական փաթեթի շրջանակներում մասնավոր ապահովագրական ընկերություններին հանձնվեց: Այսինքն՝ միանգամից երկու առումներով՝ կառուցվածքային եւ կառավարման խնդիրներով ծրագիրը ներդրվեց: Նախապես եւ լրջագույնս չմշակված, առանց կանխատեսումների մի որոշում կայացվեց»: Դեռ անցյալ տարվա նոյեմբերի 8-ի «Առավոտում» https://www.aravot.am/2012/11/08/310870/, անդրադառնալով թեմային, Արարատ Մկրտչյանն ասել էր. «Հետաքրքիրն այն էր, որ հանձնաժողովում բյուջեի քննարկման ժամանակ նախարարը հնչեցրեց, որ ապահովագրական ընկերություններից առողջապահության համակարգ հոկտեմբերի 15-ի դրությամբ մուտք է գործել մոտ 800 մլն դրամ: Իսկ մեզ հայտնի է, որ այդ ծրագրին 2012-ի բյուջեով հատկացվել է 8 միլիարդից ավելի գումար: Տարին ավարտվում է, եւ ընդամենը մոտ 10 տոկոսի գումարներ են մուտք գործել առողջապահության համակարգ: Ավելին՝ 2013-ին սոցիալական փաթեթի վրա ծախսվող գումարների աճ է նախատեսվում: Սա ապացուցում է, որ նախապես լրջագույնս չուսումնասիրված ծրագիր է եղել: Մինչեւ տարեվերջ շատ քիչ է մնացել, եւ մեր քաղծառայողները պարզապես չեն էլ հասցնի այդքան հիվանդանալ, որ 8 միլիարդի առողջապահական ծառայություններ ստանան: Ուստի մեկ լրջագույն թիրախ՝ կոռուպցիոն, ոչ ճիշտ կանխատեսումների, գերշահույթներ ստանալու ծրագիր է, որը եկող տարի նախատեսվում է ընդլայնել: Ո՞վ պետք է պատասխան տա այս չիրականացված եւ ոչ ճիշտ հաշվարկների ընթացքում մասնավոր ապահովագրական ընկերությունների բիզնեսը հովանավորելու համար: Եվ չսպասելով գոնե 2013-ի արդյունքների գնահատմանը՝ 2013-ին նույն ծրագրով աճ է նախատեսված»: Նախկին նախարարը դեռ այն ժամանակ մտավախություն ուներ, որ նման, մեղմ ասած, անփույթ մոտեցումը առողջապահական  ապահովագրական համակարգին կարող է հասարակության շրջանում վարկաբեկել այդ համակարգը: Այսօր նա ցավով փաստում է, որ իր մտավախություններն իրականություն են դարձել: Ի դեպ, արձագանքելով այս հրապարակմանը՝ կառավարությունը նկատել էր, որ վաղաժամ է կանխատեսումներ անել, եւ հորդորել էր սպասել ծրագրի ավարտին:

Ծրագիրն ավարտվեց, ուստի ամփոփումների ժամանակն է, մանավանդ, որ վերջերս կառավարությունն ինքն արեց դա՝ հրապարակելով 20 էջանոց տեղեկանք սոցիալական փաթեթի կատարողականի մասին: Մասնավորապես, 2012 թվականի  սոցիալական փաթեթի սահմաններում բյուջեից տրամադրված գումարի 18 միլիարդից ծախսվել է 13 միլիարդը, որից  10 միլիարդից մի փոքր ավելին ուղղվել է առողջապահական ծրագրերին: Դա կազմում է ընդհանուրի 83 տոկոսը: Մոտ ութ տոկոսն ուղղվել է ուսման վճարներին, ութ տոկոսը՝ հանգստի ապահովմանը եւ մեկ տոկոսը հիփոթեքային վարկերի մարմանը: Այսինքն՝ 10 միլիարդից մի փոքր ավելի գումար ամբողջությամբ ուղղվել է մասնավոր ապահովագրական ընկերություններին՝ «Արմենիա ինշուրանս», «Նաիրի ինշուրանս», «Սիլ ինշուրանս», «Գարանտ ինշուրանս», «Ռեսո ինշուրանս», «Ինգո Արմենիա» եւ «Ռոսգոստստրախ Արմենիա»: Տասը միլիարդից ավելի գումար ստանալով՝ ապահովագրական ընկերությունները փոխհատուցել են ընդամենը մոտ չորս միլիարդ դրամի առողջապահական ծառայություններ: «Եթե ընդունենք, որ մեկ միլիարդ դրամն էլ իրենց շահույթը եւ ծախսերն են, ստացվում է, որ կառավարությունը հինգ միլիարդ դրամի գերշահույթ ապահովելու հնարավորություն է ապահովել նշյալ մասնավոր ընկերությունների համար»,- ասաց նախկին նախարարը՝ հավելելով. «2012 թվականին ոլորտում տեղի ունեցած գործընթացը եւ այս հաշվետվությունը ակներեւ են դարձնում, որ ՀՀ նախագահի մոտ անցյալ տարի տեղի ունեցած հանրահայտ խորհրդակցությունը, որի ժամանակ մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների հետ մեկտեղ դիտողություն արվեց նախ վարչապետին՝ ատկատների գործընթացների վերաբերյալ, այնուհանդերձ, ատկատները շարունակում են մնալ կառավարության գործունեության հիմնական գործառույթը»:

Արարատ Մկրտչյանը գտնում է, որ կառավարությունից ընդամենը թվաբանական հաշվարկ էր պահանջվում՝ անհրաժեշտ գումարի չափը հստակեցնելու համար: Կա պաշտոնական վիճակագրություն հոսպիտալացվող հիվանդների թվաքանակի մասին: Եթե, ասենք, երեք միլիարդ մարդուց x թվաքանակ է հոսպիտալացվում, բացարձակ բարդ չէր հաշվարկել 120 մարդուց եւ նրանց ընտանիքի անդամներից, այսինքն՝ մոտ  400 մարդուց հնարավոր հոսպիտալացվողների թիվը եւ իրական գումարներ տրամադրել, ոչ թե նշյալ մասնավոր ընկերությունների համար հարյուր տոկոսանոց շահույթ ապահովել: Իսկ մնացյալ գումարը, ըստ մեր զրուցակցի, կարելի էր ծախսել բնակչության առաջնային առողջության կամ նույնիսկ հանգստի ծրագրերի ապահովման վրա, ինչը եւս նախատեսված է սոցիալական փաթեթով:

Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին եւ այլ իրավասու մարմիններին:

Ընդհանուր առմամբ, Արարատ Մկրտչյանի կարծիքով, մեր երկրում սոցիալական բարեփոխումների խնդիրները երկու լրջագույն հիմնաքարերի արանքում ճզմվել են. «Մի կողմից՝ պետությունը հռչակվել է սոցիալական ուղղվածության, բայց սոցիալական ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները շատ չնչին են: Այսինքն՝ դեկլարատիվ հայտարարություններ են, որոնք ոչ մի ռեսուրսով ամրագրված չեն: Մյուս կողմից՝ պետական ինստիտուտներն այսօր ի վիճակի չեն որեւիցե բարեփոխում իրականացնել: Նաեւ սրանից է հետեւում այն, որ պետական համակարգի կողմից ֆինանսների ոչ ռացիոնալ ծախսում է իրականացվում: Եվ, ընդհանրապես, երբ դիտարկում ենք կառավարության՝ իրար հաջորդող որոշումները հինգշաբթիից հինգշաբթի, տեսնում ենք, որ սոցիալական ոլորտին վերաբերող հիմնական խնդիրները սահմանափակվում են այս կամ այն սոցիալական ոլորտի ֆինանսական միջոցների, հոսքերի կառավարմամբ, մինչդեռ ոլորտի խնդիրները բազմազան են»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031