«Եվրոպական արժեքների» արատները քննադատողները թող դիտեն իրենց շուրջը
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ով անցյալ շաբաթ Երեւանում մասնակցում էր քննարկման, ուշագրավ մտքեր արտահայտեց՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններից: Մեդինսկին նախ զարմանք էր արտահայտել, թե վերջերս է իմացել, որ Հայաստանում կա ընդամենը 2 ռուսաց լեզվի մասնագիտացված դպրոց։ Քննարկման մասնակիցները անմիջապես պարզաբանել էին՝ տեղեկացնելով, որ ռուսաց լեզուն պարտադիր ուսուցանվում է հայկական դպրոցներում՝ 2-րդ դասարանից սկսած։ Ռուս պաշտոնյան այդ օրը վստահեցրել էր, թե ռուսները «երբեք չեն դավաճանել հայ ժողովրդին»: Սակայն նրա երեւանյան այցը հիմնական ուղերձ ուներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Մեդինսկին չշրջանցեց ռուսների համար ցավոտ դարձած թեման՝ եվրոպական արժեքների հարցը: Եվ ահա Մեդինսկին կարծիք է հայտնել, որ որեւէ արժեք չկա, դա հորինված բան է. «Եվրոպական արժեքներ հասկացությունը հյուսիսատլանտյան քարոզչության մտավորականների վրդովված մտքի արգասիքն է, դրանք իրականում չկան։ Յուրաքանչյուր մարդ իր արժեքներն ունի։ Եթե այդ մարդկանց իրար կողքի դնենք, ապա այդ արժեքների մի մասը կհամախմբի նրանց… Որպես կանոն, համաշխարհային, այսպես կոչված, համամարդկային կամ ավելի ցինիկ ձեւով ասված` եվրոպական արժեքների հովանու ներքո պետությունը փորձում է իր վերնախավի արժեքային սանդղակ պարտադրել մյուս ժողովուրդներին»:
«Եվրոպական արժեքների» արատները քննադատող, նախկին խորհրդային երկրներին ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներից, ավելի կոնկրետ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրից հետ պահող ՌԴ իշխանությունները, որքան էլ տարօրինակ է, չեն էլ թաքցնում, թե ինչ վիճակում է այսօր գտնվում ՌԴ-ն: Օրերս ՌԴ վարչապետն էր ծավալուն հոդված գրել «Ведомости»-ում, իսկ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաեւը կարծիք էր հայտնել, թե ՌԴ-ում տնտեսապես նման ոչ բարենպաստ վիճակ 2008-ից ի վեր չի եղել: Ավելին, ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, սեպտեմբերի 28-ին Ուլուկաեւը խորհուրդ էր տվել ռուսաստանցիներին պատրաստվել կրճատումների, եւ դա հիմնավորել էր տնտեսության ստագնացիայով՝ նշելով, որ ռուսական տնտեսության ձգձգվող ստագնացիան անգամ ամենավատթարն է, իրադարձությունների զարգացման պակաս կանխատեսելի տարբերակը, քան սուր ճգնաժամը:
Սակայն ուշագրավ է, որ մի կողմից՝ ՌԴ-ի սոցիալ-տնտեսական անորոշ վիճակն է, մյուս կողմից՝ նախկին խորհրդային երկրների նկատմամբ ազդեցությունը մեծացնելու Մոսկվայի համառ ջանքերը, որոնք զուգորդվում են ներգաղթյալների նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարենպաստ քաղաքականությամբ:
Կարդացեք նաև
ИТАР-ТАСС-ում օրերս քննարկում է անցկացվել ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց վտարման Մոսկվայի քաղաքային դումայի օրինագծի վերաբերյալ, համաձայն որի՝ նախատեսվում է ՌԴ-ից վտարել այն օտարերկրացիներին եւ ՌԴ քաղաքացիություն չունեցողներին, որոնք երկրի տարածքում երկու կամ ավելի վարչական իրավախախտում են իրականացրել: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մուկանյանը, ով մասնակցել է նշյալ քննարկմանը, շեշտել է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, կայացած է, ու հավելել է. «2015-ից ՌԴ-ն նախատեսում է կրճատել երկրների թիվը, որոնց հետ այսօրվա դրությամբ առանց վիզային ռեժիմ ունի՝ բացառությամբ ՄՄ անդամ երկրների։ Այսօրվա դրությամբ դրանք են՝ ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը եւ հեռանկարում՝ Հայաստանը, հնարավոր է՝ Ղրղըզստանը, Տաջիկստանը: Ի դեպ, այս վեց երկրները ռազմաքաղաքական միության՝ ՀԱՊԿ-ի անդամ են, եւ եթե պայմանական ասած՝ ՌԴ-ն պատերազմի մեջ մտնի, ապա բոլոր այս երկրները նույնպես ավտոմատ կերպով պատերազմի մեջ են մտնելու: Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ, որ այս երկրների միգրանտները ՌԴ-ի համար ինչ-որ «պարազիտներ» չեն, այլ մոբիլիզացիոն պոտենցիալ: Բայց այս օրինագծում խոսքը չի գնում երկիր մուտքի մասին, այլ երկրից արտաքսման մասին է: Մենք օրենսդիրների ուշադրությունն ենք հրավիրում, որպեսզի օրենքում արտաքսման պայմանները հստակ սահմանված լինեն: Ինձ թվում է, որ օտարերկրացուն երկրից վտարելը կարող է տեղի ունենալ միայն դատարանի որոշման հիման վրա եւ քրեական հանցագործության համար»:
Արդեն տեւական ժամանակ է՝ ՌԴ-ում բնակվող ներգաղթյալները, աշխատանքային միգրանտները պետական մակարդակով հետապնդումների են ենթարկվում: Համապատասխան օրինագիծը առաջիկայում կքննարկվի Պետդումայում: Այն ենթադրում է օտարերկրյա քաղաքացիների կողմից օրենքի խախտման, կեղծ փաստաթղթերի, քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսում ՌԴ-ից: Մի քանի օր առաջ «Իզվեստիան» հայտնեց, որ ՌԴ-ում պատրաստել են օրինագիծ, որը ենթադրում է արգելել ռուսական դպրոցներ եւ մանկապարտեզներ ընդունել այն ներգաղթյալների երեխաներին, որոնք չեն կարող ապացուցել, որ պարտաճանաչ վճարում են հարկերը: «Ես համոզված եմ, որ մեզ ներգաղթյալներ պետք չեն: Եթե նրանք ռուսներից խլում են աշխատատեղերը, թող գոնե հավելյալ ճնշում չգործադրեն սոցիալական ինստիտուտների վրա»,- ասել էր նախագծի հեղինակ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը: Գործող օրենսդրության համաձայն՝ ՌԴ-ում արտասահմանցիների երեխաներն իրավունք ունեն հաճախել ռուսական մանկապարտեզներ եւ դպրոցներ, եթե նրանց ծնողներն ունեն ժամանակավոր գրանցում:
Սեպտեմբերի կեսին հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները Պետդումայի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որով ՌԴ մուտք գործող բոլոր օտարերկրացի քաղաքացիները պետք է որոշակի գումար ունենան: Նորամուծությունը կվերաբերի այն անձանց, որոնք իրավունք ունեն ՌԴ այցելել առանց վիզայի: Երկիր մուտքի օրվան ընդառաջ՝ նրանք պետք է «ապահովման գումար» ունենան՝ մոտ 36 հազար ռուբլի, ինչը 1000 դոլարից մի փոքր ավելի է: Դա անհրաժեշտ կլինի ապացուցել փաստաթղթերի միջոցով՝ հայտնում էր «РИА Новости»-ն՝ Պետդումայում իր աղբյուրի վրա հղումով: Նախաձեռնության հեղինակները դրանով մտադիր են ՌԴ-ում օտարերկրացիների համար լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ սահմանել՝ նպատակ ունենալով զերծ պահել երկիրն ապօրինի ներգաղթյալների հոսքից: Դա պատճառաբանվում է նրանով, որ վերջին տարիներին նկատվում է օտարերկրացի քաղաքացիների կտրուկ աճ, որոնք ժամանում են ՌԴ առանց վիզաների` նպատակ ունենալով դրամական օգնություն ստանալ ծննդաբերության ժամանակ:
Օգոստոսի կեսին հայտնի դարձավ, որ ՌԴ-ի Կոմունիստական կուսակցությունը Պետդումայի օրակարգում է ներառել մի օրինագիծ, որը նախատեսում է վերացնել առանց վիզա ՌԴ ժամանած օտարազգիների աշխատանքի տեղավորվելու դյուրացված կարգը: Համապատասխան ուղղումը նախատեսվում է մտցնել «ՌԴ-ում օտար քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքում: Օրինագծին կից բացատրական փաստաթղթերում նշված է, որ օրինագծի ընդունմամբ մերձակա երկրների օտար քաղաքացիներն ընդհանուր հիմունքներով ստանալու են աշխատանքային վիզաներ, որպեսզի հնարավորություն ունենան աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ տարածքում: Կոմունիստների կարծիքով՝ մերձակա երկրներից առանց վիզա ՌԴ գալու եւ աշխատանքի տեղավորվելու կարգը չափազանց դյուրացված է եւ վնասում է ՌԴ քաղաքացիների շահերին, մինչդեռ առաջարկվող ուղղումները կնպաստեն ՌԴ-ի քաղաքացիների՝ աշխատանքի տեղավորվելու իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, ներգաղթյալների իրավունքների պահպանմանը, ինչպես նաեւ ՄՄ, Միասնական տնտեսական տիրույթի ու Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրների մերձեցմանը:
Ավելի վաղ Պետդումա ներկայացվեց օրինագիծ, որը վերաբերում էր ներգաղթյալներին միայն վճարովի հիմունքով բուժօգնություն ցուցաբերելուն՝ բացառությամբ արտակարգ դեպքերի։ Գործող օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներին բուժօգնության տրամադրման կանոնակարգը որոշվում է ՌԴ կառավարության կողմից։ Ներկայում ներգաղթյալներն իրավունք ունեն անվճար բուժօգնություն ստանալ հետեւյալ դեպքերում՝ անսպասելի սուր հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունների սրման, որոնք վտանգ են ներկայացնում հիվանդի կյանքի համար: Սակայն օրինագծի հեղինակներից Ալեքսեյ Ժուրավլյովի ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Սերգեյ Ժիգարյովի հեղինակած օրինագիծն առաջարկում է փոփոխություն մտցնել գործող օրենքում, ինչի արդյունքում օտարերկրացիների համար բուժօգնությունը հիմնականում վճարովի կդառնա։ Բացի այդ, առաջարկվում է ՌԴ տարածքում գտնվող բոլոր օտարերկրացիներին ունենալ պարտադիր բժշկական ապահովագրություն, իսկ դրա բացակայության դեպքում բոլոր վճարումներն ինքնուրույն կատարել։ Հակառակ դեպքում տվյալ անձը հնարավորություն չի ունենա 2-րդ անգամ ՌԴ գալ, քանի դեռ բուժօգնության պարտքն ամբողջությամբ մարված չէ։
Ահա այսպիսին է այսօրվա ՌԴ-ում նախկին խորհրդային երկրների քաղաքացիների նկատմամբ վարվող քաղաքականությունը: Ի դեպ, հուլիսին «Լեւադա» կենտրոնը հրապարակեց հարցման արդյունքներ, որում եզրակացրել էր, որ ներգաղթյալների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքը «ավելի ու ավելի բացասական է դառնում»: Ռուսաստանցիների 84 տոկոսը կողմ է Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի հանրապետությունների հետ վիզային խիստ ռեժիմ սահմանելու գաղափարին: Սոցիոլոգները հարցումն անցկացրել էին երկրի 45 մարզերի եւ երկրամասերի 1600 չափահաս բնակիչների շրջանում: Հարցվածների միայն 41 տոկոսն էր կարծում, որ այն աշխատանքը, որ կատարում են ներգաղթյալները, օգուտ է բերում ՌԴ-ին: «Լեւադա»-ի մասնագետների վկայությամբ՝ ռուսաստանցիները դեմ են ներգաղթյալներին ցանկացած, թեկուզ փոքր արտոնություն տրամադրելուն, նրանց համար անընդունելի է նաեւ ներգաղթյալների երեխաներին մշտական կեցության իրավունքի տրամադրումը այն բանից հետո, երբ նրանք հաջողությամբ ավարտեն ռուսական դպրոցները:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարը` Pan Armenian Photo- ի
«Առավոտ» օրաթերթ