Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հրաժարականներ է պահանջում

Հոկտեմբեր 01,2013 14:54

ՀՀ կառավարության նիստերի ժամանակ իր ելույթներով նիստը «ծաղկեցնող» մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախավերջին նիստում՝ սեպտեմբերի 26-ին, հրաժարականներից է խոսել: Մեջբերում ենք՝ ըստ կառավարության պաշտոնական կայքի. «Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն՝ ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ ավտոմատ դա լինի. պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա՝ եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի եւ ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել: Կան դեպքեր, երբ 100 տոկոս պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում: Կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, եւ բացատրություն պետք է տրվի: Անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում, ուղղակի անթույլատրելի է»,- ասել է ՀՀ վարչապետը: Հիանալի է, բայց Երեւանի ներքաղաքային տրանսպորտը թանկացնելու համառ նախաձեռնության ֆոնին՝ ոչ այնքան:

Երեւանի քաղաքապետարանը համայնքային մարմին է: Բայց թե՛ պետությունը, թե՛ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հույսին են: Քաղաքապետարանը պետական բյուջեից՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից, որոշ գումարներ է ստանում՝ որոշակի նպատակով: Այլ խոսքով՝ ֆինանսական առումով Երեւանի համայնքային քաղաքապետարանը չի տարբերվում պետական ֆինանավորմամբ-մասնակցությամբ այլ օղակից: Ու վարչապետն արդարացիորեն պահանջում է կամ լավ աշխատել, կամ հեռանալ: Չեմ հիշում, որ վարչապետը «հարյուր, հարյուր» վանկարկումներով կամ այլ ձեւով պայքարած լինի Երեւանի ներքաղաքային տրանսպորտը թանկացնելու համառ նախաձեռնության դեմ: Հիշում եմ, որ Երեւանի ներքաղաքային տրանսպորտը թանկացնելու համառ նախաձեռնության դեմ պայքարողներին հայհոյում ու ամեն կերպ խոչընդոտում էին Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու նրա՝ կարգապահությամբ եւ պարկեշտությամբ չփայլող որդին, Երեւանի քաղաքապետարանի հիմնադրած «Երեւանտրանս» ընկերության ղեկավարը: Նրանց հիմնական կռվանն էր՝ «100 դրամով տրանսպորտը վնասով է աշխատում»: Հիմա եթե վարչապետը պահանջում է աշխատանքի արդյունավետության բարձրացում՝ արդյունավետ կառավարում, իսկ քաղաքապետարանը «վնաս ցույց տվողների» կողքին է եւ նրանց հետ համամիտ, ումից ինչ է պահանջում վարչապետը: Եթե վարչապետը պահանջում է վնասով աշխատանքը դարձնել քննարկման առարկա՝ անհապաղ քննարկման առարկա, ապա հարց՝ գուցե քաղաքապետարանը անիմաստ երթուղինե՞ր է թույլատրել-արտոնել, ու դրա համար են «իմաստով» գծերը դարձել վնասով աշխատող: Միգուցե գծատեր քաղաքապետն իրոք սխալ հաշվարկնե՞ր է արել, ու օգուտով աշխատող կազմակերպությունը դարձել է վնասով աշխատող, միգուցե իրոք կազմակերպությունները օգուտո՞վ են աշխատում, եւ քաղաքապետարանն է փորձում նրանց պարտադրել, որ ասեն, թե վնասով են աշխատում: Այս վերջինը, ի դեպ, ո՛չ հերքվել է, ո՛չ էլ հաստատվել:  Եթե կազմակերպությունը վնասով է աշխատում, թող չաշխատի, կամ ինչպես վարչապետն է ասում՝ գուցե սխալ կառավարում կամ բյուջետային սխալ պլանավորում կա: Թող չաշխատի, ոչ թե գին բարձրացնի: Կգա նա, ով կկարողանա օգուտով աշխատել:

Բայց քաղաքապետարանը գծատերերի կողքին է, որոնք պնդում են, թե վնասով են աշխատում, եւ որոնց ոչ ոք չի հավատում: Ու եթե վարչապետը պահանջում է, որ վնասով աշխատող պետական (համայնքային) կառույցի ղեկավարը փոխվի, ապա լավ կանի՝ առաջին հերթին ազատվի նրանցից՝ փոխի նրանց, ովքեր առաջինը կանգնեցին վնասով աշխատելու մասին խոսողների կողքին՝ Երեւանի քաղաքապետ, քաղաքապետարան,  «Երեւանտրանս»: Նրանց ոչ ոք չհավատաց ու չի հավատում: Բայց վնասով աշխատելու մասին խոսողների կողքին կանգնած քաղաքապետը հենց նրանց է գործուղել հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողով: Իսկ վարչապետը խոսում է բյուջետային սխալ պլանավորումից ու սխալ կառավարումից: Այո, կառավարումն է սխալ: Դրա համար էլ ուղեվարձը թանկացնելու նախաձեռնությունը համառորեն չի մարում, ու պետական եւ համայնքային կազմակերպությունները վնասով աշխատելու մասին խոսողների կողքին են կանգնում: Հա, մեկ էլ արտագաղթը չի դադարում:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    էդքան լուրջ մի վերաբերվեք… առաջին անգամը չէ, որ վարչապետը խրոխտ խոսում է, բայց բան չի փոխվում….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031