Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունոսովի գնահատմամբ, Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին դեռ չի ձեւավորվել նախընտրական մթնոլորտ:
«Այն մթնոլորտը չկա Ադրբեջանում, ինչ սպասելի է նախագահական ընտրություններից առաջ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ սա ոչ մեկին չի հետաքրքրում: Սա առաջին հերթին երևի իշխանական խնդիրների հետ է կապված: Ընտրությունները համընկնում են Նոյրուզ բայրամ տոնի հետ, և բնակչությունն ավելի շատ հետաքրքրված է տոնով»,- այսօր «Մեդիա» կենտրոնում տեսազանգի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետը:
Քաղաքագետը նաեւ փոխանցեց, որ Ադրբեջանում նախագահի թեկնածուների գրանցումը ընթացել է որոշակի ճնշումների ներքո. «Իրադրությունը Ադրբեջանում այնպիսին է, որ նախագահի թեկնածուները դժվարությամբ են հանդիպումներ ու շփումներ ունենում բնակչության հետ: Ճնշումները շատ են, ելույթների հնարավորությունը սահմանափակ է: Բնակիչները անտարբեր են, որովհետեւ մտածում են՝ ընտրությունների գնան, թե չէ, միեւնույն է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է որոշելու ընտրությունների արդյունքը»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նկատեց, որ նախընտրական ինտրիգը Ադրբեջանում բացակայում է. «Հայաստանին հետաքրքրում է Արցախյան հակամարտությունը, այլ շփումներ մենք նրանց հետ չունենք: Իմ կարծիքով, որևէ կարգավորում արցախյան հարցում չի սպասվում: Հայաստանը պետք է ստատուս քվոյի պահպանման համար պայքարի: Եթե Ադրբեջանում պահպանվի կայուն վիճակը, ինչպես Հայաստանի նախագահն ասաց՝ Հայաստանին ձեռնտու է այն, ինչ հիմա կատարվում է Ադրբեջանում»:
Կարդացեք նաև
Պարոն Իսկանդարյանի կարծիքով, կինոռեժիսոր, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը իրական շանս չէր ունենա Ադրբեջանի ընտրություններում հաղթելու, բայց նրա մասնակցությունը ավելի հետաքրքիր կդարձներ ընտրությունները. «Կոնֆլիկտներ շատ կլինեին ու միջազգային հանրությունն ավելի կդատապարտեր Ադրբեջանի ընտրությունները: Մնացած մյուս թեկնածուները տարբերվում են նախագահից նրանով, որ հակամարտությունն ուզում են կարգավորել խաղաղ ճանապարհով»:
Հիշեցնենք, որ Իբրահիմբեկովի թեկնածությունը Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ