Լրահոս
Օրվա լրահոսը

Գրին քարտ

Հոկտեմբեր 01,2013 14:52

Ամեն տարի նույնն է կրկնվում՝ առաջին երեք եռամսյակում ես պարտաճանաչորեն սիրում եմ իմ անուշ հայրենիքը ու անհամբեր սպասում եմ հոկտեմբերին: Որպեսզի լրացնեմ գրին քարտի դիմումս:

Իսկ ինչ է՝ դուք չեք լրացնո՞ւմ: Լավ էլի՝ այդ որ մի իսկական հայը կյանքում գոնե մի անգամ չի դիմել այն կանաչ փաստաթղթի համար, որը պաշտոնապես կոչվում է «Բազմազանության արտոնագիր»: Որովհետեւ մենք՝ հայաստանցիներս, բազմազանություն շատ ենք սիրում, իսկ Հայաստանում բազմազանություն չկա՝ ում ուզում ես ընտրիր, միեւնույն է՝ վերջում հանրապետականներն են հաղթում:

Իսկ Ամերիկայում գոնե որոշ չափով բազմազանություն կա՝ այնտեղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ-մեկ էլ թույլ է տալիս, որ դեմոկրատները հաղթեն: Օրինակ, հիմա իրենց նախագահը դեմոկրատ է: Բան չեմ ասում՝ մեր նախագահն էլ է դեմոկրատ: Թեեւ հանրապետական է: Ընդհանրապես մեր բոլոր հանրապետականներն էլ դեմոկրատ են: Այսինքն՝ մեզ մոտ եթե հաղթում են հանրապետականները, դա նշանակում է, որ հաղթել են դեմոկրատները: Այ դրա համար եմ ասում, որ բազմազանություն չկա:

Ու շատ տարօրինակ է, որ բազմազանության իմ ամենամյա կարոտը, որը արտահայտվում է ամեն տարվա հոկտեմբերին գրին քարտի դիմում լրացնելով, չգիտես ինչու, երբեք արձագանք չի գտնում ամերիկյան պետդեպարտամենտի աշխատակիցների սրտերում: Երեւի հայի բախտ ասվածը՝ հենց իմ մասին է: Այն օրվանից, երբ Հայաստանում իշխանության եկան դեմոկրատ հանրապետականները, ամեն տարի պարբերաբար դիմում եմ, բայց, ինչպես տեսնում եք, մինչեւ հիմա էլ շարունակում եմ մնալ Երրորդ մասի պերմանենտ ռեզիդենտ: Բոլոր ծանոթներս ու հարեւաններս վաղուց արդեն կանաչել ու գնացել են, իսկ ես այստեղ մնում եմ որպես հայաստանցու չիր:

Լոսանջելեսցի Արտակը մի անգամ խորհուրդ տվեց՝ «Եթե ուզում ես ստանալ այդ կանաչը, անդամագրվիր Կանաչների կուսակցությանը, միգուցե օգնի»: Բնապահպան ակտիվիստ դարձա, Մաշտոցի պուրակը փրկեցի, Թռչկանը փրկեցի, նույնիսկ Ամառային թատրոնը եկեղեցուց փրկեցի, Շամշյանի հետ ընկերացա, ահագին գրանտ ստացա, բայց գրին քարտը այդպես էլ չստացա:

Թեեւ հանուն արդարության ասեմ, որ այդ ամենը անարդյունք չմնաց՝ դարձա իսկական ակտիվիստ, ստեղծեցի «Պետդեպարտամենտի կողմից մերժվածների» միություն, որում ընդգրկված է մոտ մեկուկես միլիոն հայաստանցի, ու հիմա ամեն երկուշաբթի Կոնյակի գործարանի մոտից երթով գնում ենք ամերիկյան դեսպանատուն ու պահանջում Ջոն Քերրիի, Քերրի Քավանոյի եւ ամերիկյան այլ քեռիների հրաժարականը: Մի անգամ մեկը նույնիսկ առաջարկեց, որ պահանջենք, որպեսզի Բարաք Օբաման ներողություն խնդրի Քիմ Քարդաշյանից: Բայց ես դեմ արտահայտվեցի մեր արդար պայքարի սեքսուալացմանը: Հետո էլ ինչ կապ ունի քարտը Քարդաշյանի հետ:

Երբ Կանաչների միջոցով կանաչը ստանալ չհաջողվեց, լոսանջելեսցի Արտակը ինձ նոր խորհուրդ տվեց՝ «Փորձիր անդամագրվել Դաշնակցությանը»: Ու բացատրեց՝ «Նրանք հիմա մի շատ լավ ծրագիր ունեն, կոչվում է «Մենք ապրելու ենք Հայաստանում» ու այդ ծրագրով իրենց որոշ անդամներին ուղարկում են ապրելու Գերմանիա: Դու էլ անդամագրվիր ու խնդրիր, որ քեզ այդ նույն ծրագրով ուղարկեն Ամերիկա»:

Ես, իհարկե, որպես իսկական հայ, հոգով միշտ դաշնակցական եմ եղել, բայց ես չեմ ուզում գնալ Ամերիկա «Մենք ապրելու ենք Հայաստանում» ծրագրով, ես իմ օրինական, տարիների հալալ քրտինքով վաստակած գրին քարտն եմ ուզում:

Ես հո նրա համար չեմ ուզում գնալ Ամերիկա, որ Գլենդելում «Թումանյանի շաուրմայի» մասնաճյուղ բացեմ, պարզապես միշտ երազել եմ տեսնել այն երկիրը, որտեղ ապրել են մեծերը՝ Թոմաս Ջեֆերսոնը, Աբրահամ Լինքոլնը, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Շպռոտը…

Մեկ էլ Դիսնեյլենդն եմ շատ ուզում տեսնել ու դասընկերուհի Սոնային, որի հետ… Հա, ու մեկ էլ Օնիկին ու Համոյին, որոնք 1000 դոլար պարտք վերցրին ինձնից, հետո էլ գրին քարտ շահեցին, գնացին ու փողս էլ չտվեցին: Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, ինչպես է պատահում, որ հենց ինձնից պարտք են վերցնում, միանգամից գրին քարտ են շահում: Կարո՞ղ է դրանք 1000 դոլարով առնում են այդ գրին քարտը… Բայց որտեղ են այդքան էժան գրին քարտ վաճառում: Մալաթիայի տոնավաճառում հարցրել եմ, չկա:

Տո էդ Օնիկի ու Համոյի հերն էլ անիծած, իրականում ես ուզում եմ գնալ Ամերիկա, որպեսզի համոզեմ հայրենիքից հեռացած բոլոր հայերին վերադառնալ Հայաստան, որովհետեւ շուտով մենք ապրելու ենք բոլորովին նոր, գեղեցիկ ու բարգավաճ մաքսային Հայաստանում: Իսկ դրա համար ինձ գրին քարտ է պետք:

Ու խոստանում եմ ձեզ՝ եթե այս անգամ էլ չշահեցի՝ վերջ, հիասթափվելու եմ այդ երկրից, արդարությունից, կյանքից… Ու հաջորդ տարի նորից եմ դիմելու…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hamlet Nersesian says:

    Շատ սրամիտ է Արմեն: Հոյակապ եք գրել:Ես իմ այստեղի 33 ամյա անձնագիրը հաճույքով կփոխանակեի մեր նախագահներից մեկի անձնագրի հետ: Միգուցէ եկեղեցին ինձ էլ՞ հետմահու կսրբացնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031