Անահիտը չորս անչափահաս երեխայի մայր է: Ապրում է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում՝ ամուսնու՝ Կամոյի հետ:
«Երկու տարի ապրել ենք գյուղի գերեզմանների մեջ գտնվող ջարդուխուրդ եղած շինության մեջ, որի դիմաց սեփականատիրոջ համար գործ եմ արել՝ պահել եմ նրա անասուններին: Հետո աշխատել եմ դաշտում ու ամբողջ ժամանակ ես ու ամուսինս մի կերպ կարողացել ենք մի կտոր հացի բաժին վաստակել»,- մեզ հետ զրույցի ժամանակ շարունակում է պատմել Անահիտը: Անահիտի ամուսինը՝ Կամոն, 30-ամյա տղամարդ է, որը 3-րդ կարգի հաշմանդամ է, սակայն այդ կարգավիճակով էլ չի զլանում աշխատել՝ թեկուզ «կաշվից դուրս է գալիս»: Այժմ նրանց միակ ապրուստի պայմանը դաշտն է, որն էլ ոչինչ չի փոխում, պարզապես աշխատանքի ծավալն է շատ, իսկ արդյունքում էլի նույն թշվառ վիճակն է:
Ընտանիքը զրկված է էլեկտրաէներգիայից, զրկված է ջրից, իսկ տան պայմաններն էլ այն վագոնն է, որի մեկ սենյակն իրենց ընտանիքի ամենահանգիստ անկյունն է համարվում եւ որտեղ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամներն ու յուրաքանչյուրը կիսում է իր մտքի եղածը: Հոսանքն անջատել են նրանց կուտակած պարտքի դիմաց, որը կազմում է 60. 000 ՀՀ դրամ: Խմելու ջուր չունեն եւ կրում են գյուղի շատ հեռավոր վայրերից, իսկ երբ լվացք անելու ժամանակն է գալիս, ապա Անահիտն առվակից ջուր է հավաքում եւ այդ ջրով լվանում իրենց հագուստները: Տնակը, որը գտնվում է դաշտում, բաղկացած է շատ փոքր տարածքից եւ այդ նեղություն պատճառող վագոնի մեջ էլ ապրում է Անահիտի ընտանիքն ու անգամ վախենում երազել այն մասին, թե երբեւէ կարող է տուն ունենան:
Երեխաներից Վահագնն ու Սուրենը դպրոց են հաճախում: Վահագնն արդեն 3-րդ դասարան է տեղափոխվել, իսկ Սուրենն առաջին դասարանում է սովորում, Հայկը 5 տարեկան է, իսկ Կարենը երկուսուկես տարեկան է:
Կարդացեք նաև
Վահագնի դպրոցական պայուսակից մայրը դուրս հանեց մի տետրակ, որտեղ նա ուսուցչի թելադրանքով գրել էր. «Վաղը բերել 1.000 դրամ ճաշարանի համար եւ 2.000 դրամ՝ տետրերի»: Վահագնն ասաց, որ ուսուցիչն իրեն ասել է, որ եթե չվճարի 2. 000 դրամը, ապա իրեն տետրեր չեն տալու եւ նա չի կարողանալու դասերը պարապել: Վահագնը վիրավորված եկել է տուն եւ իրենց վիճակը գիտակցելով՝ հասկացել է, որ չեն կարողանալու վճարել այդ գումարը ու այդ պատճառով նրան տետրեր չի հասնելու: «Ամեն ինչ այնքան թանկ է ու ոչ մեկը չի ուզում դպրոցում միջնորդություն անի: Հիմա էլ բաժանած գրքերի գումարը պիտի վճարենք: Բա ես, որ աշխատանք չունեմ ու ապրում եմ այսպիսի պայմաններում, ինչպես վճարեմ այդքան գումար: Ամուսինս էլ որքան կարողանում է՝ աշխատում է: Նա էլ իր հիվանդ վիճակից ելնելով՝ 10 օր աշխատում է, իսկ 15 օր պառկած է լինում: Իրեն չի կարելի շատ հոգնել, քանի որ հաշմանդամություն ունի՝ սրտի հետ կապված խնդիր է»,- անկեղծացավ Անահիտը:
Այդ ընտանիքում իրենց պահող ուժը սերն է, փոխադարձ հասկացողությունը եւ երազանքն այն մասին, որ մի օր էլ իրենք կկարողանան ուղղակի ապրել: Ընտանիքին աջակցություն է պետք: Նրանց շուրջ այնքան խնդիրներ են ծառացել, որ դեռ մեկը չկարգավորված՝ շրջափակվում են մի քանի այլ խնդիրներով: Երեխաները դպրոց են գնում եւ նույնիսկ հագուստ չեն կարողանում գնել, իսկ անտարբերությամբ դիտող պետական համակարգն այդպես էլ շարունակում է քարոզել ապահով Հայաստանի առասպելի մասին:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցելու Անահիտի ընտանիքին, ապա կարող են կապ հաստատել խմբագրության հետ:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ