«Ծերացումը բավականին լուրջ խնդիր է այսօր Հայաստանի համար, բայց պետք չէ պանիկայի մեջ ընկնել, կա համաշխարհային փորձ, որը ճիշտ կիրառելով, կարելի է մեղմել այս բացասական երեւույթի հետեւանքը»,-տարեցների միջազգային օրվա առիթով այսօր «Հենարան» ակումբում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, որի կարծիքով՝ դրա պատճառներից է ծնելիության ցածր մակարդակը եւ արտագաղթը:
Եթե պահպանվի այսօրվա վիճակը, 2017 թվականից սկսած, կունենանք բացասական բնական աճ, այսինքն՝ պարոն Հայրապետյանի մեկնաբանմամբ, եթե արտագաղթը չկանխվի եւ ծնելիությունը չաճի, բնակչության արագ նվազում տեղի կունենա:
Չնայած ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետությունը պարտավոր է իր երկրի տարեց բնակչության համար ապահովել բարեկեցիկ ծերություն, սակայն, ինչպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գեւորգյանն ասաց, մեր երկրում տարեց մարդիկ ունեն առողջապահական, բնակարանային պայմանների ապահովման, բարելավման, աշխատանքի, համայնքային կյանքին մասնակցելու խնդիրներ:
Հայաստանում տարեց մարդու միջին կենսաթոշակը կազմում է 32 հազար դրամ, այն դեպքում, երբ այսօր նվազագույն զամբյուղը 62 հազար 300 դրամ է: Թե ինչպես է թոշակառու մարդը բավարարելու իր նավազագույն պահանջները այդքան ցածր կենսաթոշակով, հարցին տիկին Գեւորգյանը չի կարող պատասխանել:
Կարդացեք նաև
Ըստ նրա, պետությունը ծրագրում է տարեցների համար ներդնել այնպիսի խնամքի կենտրոններ, որոնք իրենց մոդելով տարբերվելու են այսօրվա տուն-ինտերնատներից՝ ծերանոցներից: Խնամքի կենտրոններում տարեց մարդկանց մատուցվելու են այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան նրանց զբաղվածության, առողջապահական, բարեկեցության խնդիրները լուծել, կրթության հնարավորություն տալ եւ այլն:
Տիկին Գեւորգյանի տվյալներով, այսօր մեր երկրում գործում է ութ խնամքի կենտրոն՝ Երեւանում, Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Վարդենիսում, որտեղ խնամվում են 1230 տարեցներ: Այլ երկրների համեմատությամբ, ծերանոցներում գտնվող մեր տարեցների թիվն այնքան էլ մեծ չէ: «Հայի հոգեկերտվածքն է, որ սերունդները հոգ են տանում իրենց մեծերի համար»,-ասաց տիկին Գեւորգյանը: Նրա խոսքերով, ներկայումս մեր հանրապետությունում կա 364 հազար 65 տարեկանը լրացած մարդ:
Ծնելիության տեսանկյունից ամենալավ վիճակում Տաջիկստանն է, բայց այնտեղ էլ, ըստ Գ. Հայրապետյանի, կյանքի միջին տեւողությունն է ցածր, կենսապայմաններով պայմանավորված, մարդիկ շուտ են մահանում: Մեր տարածաշրջանում ծերացող երկրներից ամենավատ վիճակում Ուկրաինան է գտնվում:
Թե պարոն Հայրապետյանը եւ թե տիկին Գեւորգյանը գտնում էին, որ տարեց մարդիկ երկրի հարստություններից են եւ որքան առողջ ու երկար ապրեն նրանք, այնքան տնտեսության աճ կգրանցվի: Նրանց համոզմամբ, տարեցների բարեկեցիկ ապագան կապահովի նաեւ եկող տարվանից մեր երկրում ներդրվող բազմաստիճան կենսաթոշակային համակարգը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ