Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացված ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու մասնակիցները` 67,5 կգ քաշային Սեւակ Մանուկյանն (Քաջարան) ու Սերգեյ Ասատուրովը (75 կգ, Էջմիածին) միասին նվաճել են երեք ոսկե մեդալ, իսկ Սեւակը սահմանել է նաեւ աշխարհի երկու ռեկորդ:
Քաջարանցի մարզիկն առաջին օրը պառկած դիրքից սեղմում վարժությունում աշխարհի բարձրագույն նվաճումը հասցրել է 157,5 կգ-ի, իսկ հաջորդ օրը այն ավելացրել եւս 2,5 կիլոգրամով (160 կգ)` նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Սեւակը հավասարը չի ունեցել նաեւ եռամարտում: Նա մյուս երկու վարժություններում` կքանիստ եւ ձգում, ցույց է տվել 200-ական կիլոգրամ եւ եռամարտի 560 կգ-ով կրկին բարձրացել է պատվո պատվանդանի առաջին աստիճան:
Թիմակցից ետ չի մնացել նաեւ Սերգեյ Ասատուրովը: Նա 167,5 կիլոգրամով հավասարը չի ունեցել պառկած սեղմում մրցաձեւում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Սեւակ Մանուկյանը ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի հետ: