Եվրոպացի վավերագրողի խորհուրդը երիտասարդներին
Անջեյ Վայդայի կինոդպրոցի մի քանի պրոֆեսորներ, ճանաչված կինովավերագրողներ այս օրերին Երեւանում են: Լեհական կինոդպրոցի հետ համագործակցելու առաջարկը նրանց արել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Կինովավերագրող Վիտա Ժալակյավիչուտեն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ Երեւանում իրականացվող «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագիծը ծնվել է Լոձի կինոդպրոցում, եւ դրա հիմքում ընկած են աշխարհի տարբեր քաղաքների կինոդպրոցներում անցկացվող սեմինարները: Ուսանողները լեհ կինոգործիչների ղեկավարությամբ մեկ ամսվա ընթացքում աշխատում են վավերագրական ֆիլմերի պատրաստման վրա, որոնց «հերոսը» իրենց քաղաքն է: Արդյունքում ստեղծվում է մեկ ժամանոց ֆիլմ, որը տվյալ քաղաքի հոգեւոր դիմանկարն է:
«Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագիծը իրականացվել է մի քանի քաղաքում` Տոկիոյում, Պեկինում, Մոսկվայում, Թբիլիսիում:
Տիկին Վիտա Ժալակյավիչուտեն նշեց, որ Լեհաստանում գործում է երեք կինոդպրոց: Իրենց մոտ սահմանազատված չեն խաղարկային եւ վավերագրական կինոն, ու կինոդպրոցում բոլոր ռեժիսորները նախ անցնում են վավերագրական կինոյի «միջով», ապա «մուտք գործում» խաղարկային կինո: Մեր զրուցակիցն ասում է, որ նախագիծն իրականացնող դասախոսներին հետաքրքիր է, թե ինչպես են տարբեր մշակույթներ ունեցող երկրների երիտասարդները տեսնում իրենց քաղաքը, արդյոք բոլորի մոտ նույն խնդիրնե՞րն են: «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտը» սկզբում ուտոպիական նախագիծ էր, բայց կար այն կյանքի կոչելու ցանկություն: Եվ եթե ցանկությունը մեծ է լինում, երազանքներն իրականանում են: Այժմ նախագիծը 3 տարեկան է»,- հայտնեց Վիտա Ժալակյավիչուտեն:
Նրա խոսքով, ամեն քաղաք մեկնելիս, տվյալ քաղաքի կինոդպրոցից ոչինչ չեն պահանջում, բացի տարածքից եւ բնականաբար՝ ուսանողներից, իրենց հետ տանում են պահանջվող սարքավորումները: Վավերագրողը հավելում է. «Սրանք վարպետության դասեր չեմ որակի, ուղղակի կասեմ, որ փորձի փոխանակում է, թե ինչպես է զարգանում վավերագրական կինոն Լեհաստանում»:
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչ կտան իրենց հանդիպումները հայ ուսանողներին, տիկին Ժալակյավիչուտեն նշեց. «Դա նախեւառաջ հնարավորություն է տալիս անսպասելի վավերագրական Ֆիլմ անել: Հանրագումարի բերելով բոլոր փոքր աշխատանքները՝ նկարահանվելու է ոչ թե Երեւանի մասին գովազդային հոլովակ, այլ ստեղծվելու է նրա հոգեւոր դիմանկարը՝ արեւածագից մայրամուտ՝ ապագա երիտասարդ կինեմատոգրաֆիստների աչքերով: Սկզբունքը հետեւյալն է՝ նրանք ներկայացնում են իրենց մտահղացումները, մենք փորձում ենք սովորեցնել, որ ամեն ինչի կենտրոնում պետք է մարդը լինի: Հանձնարարությունը կատարելուց առաջ երիտասարդները, բնականաբար, մեծ դիլեմայի առաջ են կանգնում՝ սա իմ հայրենիքն է, մեր ժողովուրդը, ի՞նչ ընտրել, ինչի՞ մասին նկարել…Ի դեպ, այս շաբաթվա ընթացքում նրանց համար ցուցադրվել են այլ երկրներում նկարված ֆիլմեր: Հավելեմ, որ հայ երիտասարդներից ոմանք էլ բերում են հետաքրքիր, նուրբ հայացքով արված նյութեր»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ բոլոր երկրների երիտասարդները միմյանց նման են. «Կարծում եմ, որ ողջ աշխարհում երիտասարդները ոչնչով չեն տարբերվում միմյանցից, բոլորն էլ ապրում են second life համացանցում, բոլորն ուզում են սիրել, լինել հայտնի, նկարել լավ ֆիլմեր…»:
Դիտարկմանը, թե գուցե այսօրվա երիտասարդ կինեմատոգրաֆիստներից շատերը խաղարկային կինոն նախընտրում են վավերագրականից, քանի որ խաղարկայինը իրենց մոտ ասոցացվում է փայլի ու շուքի, հռչակավոր դառնալու հնարավորության եւ շատ փողի հետ, պրոֆեսորը չհամաձայնեց: «Այսօր դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ հիմա կարելի է փող աշխատել, օրինակ, սերիալներով: Նկարել սերիալներ, ցուցադրել հեռուստատեսությամբ, որը կտեսնի ամբողջ երկիրը ու կճանաչի հեղինակներին: Ինչ վերաբերում է հեղինակային կինոյին, այն իսկապես դժվար է առաջ գնում: Երիտասարդների համար գուցե ավելի հեշտ է սերիալներ նկարել հեռուստատեսության համար, եւ շատ գումար աշխատել, քան լուրջ ֆիլմ անել: Այն մթնոլորտը, ինչ առկա էր 70-80-ականներին, հիմա չկա, այսօր ավելի պահանջված են ոչ թե կինոն, մշակույթը, գրքերը, այլ՝ արտիստը կամ մոդելյորը, որը հագուստ է ցուցադրում, ինչը նրան ճանաչում է բերում: Իսկ այն երիտասարդ կինեմատոգրաֆիստները, որ անպայման ուզում են դառնալ հռչակավոր եւ հարուստ, պետք է հասկանան՝ ավելի արագ գումար կարող են ստանալ բանկում, քան թե կինոյում»,- ասաց պրոֆեսորը:
Փորձառու կինովավերագրողը ի՞նչ խորհուրդ կարող է տալ երիտասարդ կինոգործիչներին:
«Ամենագլխավոր խորհուրդը, որը գուցե օրիգինալ չհնչի, հետեւյալն է՝ եթե կարող ես չզբաղվել կինոյով, մի՛ զբաղվիր, որովհետեւ միշտ չէ, որ արվեստը ունակ է քեզ տալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է ընտանիքդ պահելու եւ ցանկացածդ անելու համար: Արվեստն իրենից կախվածություն է պահանջում: Ամեն մեկին չէ տրված ներքին պատվախնդրությունը՝ անկախ իրեն տրվող գումարից, ֆիլմ նկարելիս լինել ազնիվ ու գիտակցել, որ տաղանդն աստվածային շնորհ է: Թե չէ՝ իհարկե հաճելի է, երբ մարդը զբաղվում է սիրած գործով, ու դրա համար էլ նույնիսկ գումար է ստանում»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ