Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական թերթերը նախատել են իրենց կառավարությանը

Հոկտեմբեր 01,2013 14:20

Նրանք փաստել էին, որ Հայաստանում գիրք վաճառվում է նույնիսկ դեղատներում

«Առավոտը» հանդիպեց «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին (լուսանկարում), ով իր հայ կոլեգաների հետ  նոր է վերադարձել Թուրքմենիայում 8-րդ տարին անցկացվող գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքից եւ գիտական կոնֆերանսից՝ «Գիրքը համագործակցության եւ առաջընթացի ուղի» խորագրով:

Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ միջոցառմանը Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում եւ  ներկայացված երկրներից հայկական տաղավարը աչքի է ընկել գրքերի որակով, ձեւավորմամբ եւ հյուրընկալությամբ: «Շահեցինք երկու մրցանակ. «Գեղարվեստական հրատարակություն» անվանակարգում` Ֆլորա Գրիգորյանի «Տարազ» գիրք-ալբոմը արժանացավ առաջին կարգի մրցանակի եւ պոլիգրաֆիական լուծումների համար արժանացանք հատուկ մրցանակի: Ժյուրիի խոսքերով՝ ԽՍՀՄ երկրներում միայն մենք ենք իրականացնում, այսպես կոչված, «բույրի» տպագրություն»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հավելեց, թե տաղավարում տեղ էին գտել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ «Անտարես» եւ «Ֆիլին» հրատարակչությունների կողմից տպագրված շուրջ 50 գիրք ու դասագիրք:

«Անտարեսի» նախագահը հայտնեց, որ միջոցառման ընթացքում կայացած «կլոր սեղանների» ժամանակ իրենք անցկացրել են գրքերի շնորհանդեսներ, հատկապես նշեց «Գեոգեբրա» ձեռնարկը, ինչը բոլոր դասարանների համար նախատեսված մաթեմատիկայի, երկրաչափության եւ հանրահաշվի էլեկտրոնային լաբորատորիա է: Այն հետապնդում է նյութի  դյուրին ընկալում, հատկապես տարածաչափության խրթին խնդիրների, եւ բարձրացնում է դասի էֆեկտիվությունը: «Սա մեծ հետաքրքրություն առաջացրեց, եւ տարբեր երկրներից էլեկտրոնային ձեռնարկի թարգմանության առաջարկ ստացանք: Աննկատ չմնաց նաեւ ֆիզիկայի նոր դասագիրքը (7-9 դասարանների համար) եւ խնդրագիրքը, որտեղ նույնպես առկա է  էլեկտրոնային կիրառությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

«Անտարեսը» տարվա ընթացքում 8-10 անգամ մեկնում է միջազգային ցուցահանդես-տոնավաճառների, արդյոք ադրբեջանցիների մոտ նկատե՞լ է  հետաքրքրություն մեր գրքերի հանդեպ հարցին՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ամենաշատը հայաստանցիներս ենք հետաքրքրված ադրբեջանական ու թուրքական ցանկացած իրադարձությամբ, թեեւ մենք ու ադրբեջանցիները փորձում ենք դա թաքցնել: Եթե մեզ չհետաքրքրեր ադրբեջանական գիրքը, ապա հայաստանյան 4 հրատարակչություն պարզապես չէր գողանա ու հայերեն թարգմանությամբ հրատարակեր Աքրամ Այլիսլիի «Քարե երազները», որը վերջին երկու ամիսներին վաճառվող գրքերի լավագույն տասնյակում է»:

Իսկ տեղեկատվություն ունի՞, գուցե ադրբեջանցիներն էլ հայ հեղինակի երկ են հրատարակում: Արմեն Մարտիրոսյանը նախ նշեց, թե մինչեւ 3 տարի առաջ միջազգային տոնավաճառների ժամանակ մեր հարեւանները մոտենում էին հայկական տաղավարին, զրույցի բռնվում, վերջում էլ խնդրում էին իրենց հարազատի գերեզմանը նկարել եւ ուղարկել իրենց. «Ես էլ խորհուրդ էի տալիս, թե իրենց նման երազանքը կարող են իրականացնել  google քարտեզների օգնությամբ: Հավանաբար իրենց մոտ ինտերնետն ավելի արագ է աշխատում, ու էլ անհրաժեշտություն չկա հայերիս խնդրելու»: Անդրադառնալով Ադրբեջանում հայ գրողի գրքի հրատարակմանը, պարոն Մարտիրոսյանը հիշեցրեց, թե Ադրբեջանում, մեղմ ասած, չի խրախուսվում որեւէ պրոհայկական զրույց կամ հարաբերության հաստատում. «Վերջերս ադրբեջանական էլեկտրոնային թերթերը, նախատելով սեփական կառավարությանը, փաստել էին, որ Հայաստանում գիրք վաճառվում է նույնիսկ դեղատներում՝ նկատի ունենալով «Անտարես» հրատարակչության գրքերի վաճառքը «Նատալի ֆարմ» ցանցում»:

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենք առաջին անգամ նոյեմբերին մասնակցելու են Թուրքիայում կայանալիք գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերին, հայ գիրքը 15-րդ անգամ  կներկայացնեն աշխարհի ամենամեծ՝ Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031