Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դիֆերամբներ՝ Գեւորգ Կոստանյանին եւ Աղվան Հովսեփյանին

Հոկտեմբեր 01,2013 14:14

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ կքվեարկի Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը. այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց այդ կուսակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը, մինչ այդ սակայն նկատելով՝ «ոչինչ չունեմ Կոստանյանի դեմ: Երեկ նա հրաշալի ելույթ ունեցավ, ճիշտ բառամթերքով», ավելի ուշ էլ, թե. «Մենք չենք կարծում, որ այս հրաշալի երիտասարդը կարող է պայքարել համակարգի դեմ», այդ իսկ պատճառով իրենց խմբակցությունը «դեմ» է քվեարկելու: Ու չնայած դրան, պարոն Հակոբյանը ասաց, որ եթե մի օր Գեւորգ Կոստանյանը գա եւ անկեղծորեն խոստովանի, որ իշխանությունն իրեն պատվեր է իջեցրել, ինչպես ժամանակին պաշտոնաթողությունից հետո դրա մասին խոստովանել էր նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը, ապա իրենք կկանգնեն Գեւորգ Կոստանյանի կողքը՝ «մենք ձեզ կօգնենք»:

«Մենք միամիտ չենք, ու գիտենք, որ միայն գրքերում է մի ծաղկով գարուն գալիս, չենք հավատում, որ մի անհատը կարող է արմատապես փոխել իրավիճակը»,-ասաց պարոն Հակոբյանը, բայց նաեւ նկատեց, որ «սերնդափոխությունը ա՛յս տեսակով պետք է կատարվի»՝ նկատի ունենալով Գեւորգ Կոստանյանի տեսակը՝ դրսերում կրթված եւ գեղեցիկ խոսող:

Պարոն Կոստանյանին ուղղված դրական խոսքերից անմասն չմնաց նաեւ ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նույնպես շեշտեց պարոն Կոստանյանի բարձրակարգ կրթությունը, նաեւ ասաց, որ «վստահություն ունի» Կոստանյանի նկատմամբ, կարծում է, որ նա կկատարի այն բարեփոխումները, որոնց մասին հայտարարել է ԱԺ ամբիոնից: Պարոն Մինասյանը սակայն չմոռացավ նաեւ նախկին գլխավոր դատախազին, եւ շեշտելով, որ անարդար է նրան միայն վատ կողմով ներկայացնելը, ասաց, որ «Աղվան Հովսեփյանը լիքը դրական ու լավ բաներ արել է, եւ  պետք է վճռականություն ունենանք, որ այդ լավ բաների համար էլ ասենք շնորհակալություն»:

Պարոն Կոստանյանի հանդեպ դիֆերամբների գագաթնակետը դրեց ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որի խոսքերից պարոն Կոստանյանն այնքան էր շոյվել, որ ժպիտը չէր կարողանում թաքցնել: Պարոն Մարտիրոսյանը նախ գովեց Կոստանյանի «երեկվա հաջողված բեմելը», նկատելով, որ Կոստանյանը ելույթ ունեցավ «առանց ավելորդ պաթոսի եւ չափազանցությունների», ապա ասաց, որ գլխավոր դատախազի թեկնածուն «ցույց է տվել,  որ պետության համար ծառայելը պատիվ  եւ պարտականություն է համարում», ավելին՝ «իրեն դրսեւորել է որպես ազնիվ եւ անկաշառ անձնավորություն»: Այդքանից հետո պարոն Մարտիրոսյանին մնում էր միայն հայտարարել, որ  «նշանակվելու դեպքում նա աշխատելու է հենց այն սկզբունքներով, որոնց մասին երեկ խոսեց՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ»: Դե իսկ ամենակարեւոր կոմպլիմենտը, որ հնչեցրեց պարոն Մարտիրոսյանը, դա այն էր, որ  Գեւորգ Կոստանյանը «նվիրված է իր հայրենիքին, կնոջը եւ երեխաներին», իսկ վերջում որպես բարեմաղթանք՝ ասաց, «Ձեր հաջողությունը բոլորիս հաջողությունն է լինելու, ձեր անհաջողությունը բոլորիս ողբերգությունն է լինելու»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031